Ո՛չ միգրանտներին. ցուցարարները փորձել են հրկիզել ևս մեկ հյուրանոց

Ո՛չ միգրանտներին. ցուցարարները փորձել են հրկիզել ևս մեկ հյուրանոց

Մեծ Բրիտանիայում ցուցարարները փորձել են հրկիզել ևս մեկ հյուրանոց, որտեղ ժամանակավորապես իջևանել են անօրինական ներգաղթյալները։
Այս մասին հայտնում է Sky News հեռուստաալիքը։

Ավելի վաղ ծայրահեղ աջ ակտիվիստների ամբոխը փորձել է հրկիզել Հարավային Յորքշիր նահանգի Ռոթերհեմ քաղաքում անօրինական միգրանտների տեղավորած հյուրանոցը։ Ցուցարարները կոտրել են ապակիները և մտել հյուրանոց։ 

Ըստ տեղեկությունների՝ նրանց հաջողվել է հրդեհել շենքը, միաժամանակ աղբամաններով փակել ելքերը, գրում է The Daily Telegraph-ը:

Ավելի ուշ ոստիկաններին հաջողվել է ակտիվիստներին հեռացնել հյուրանոցից և շրջափակել շենքը՝ հերթական հարձակումը կանխելու համար։ Ոստիկանության տվյալներով՝ տուժել է 10 իրավապահ, սակայն հյուրանոցի հյուրերը չեն տուժել։

Մեծ Բրիտանիայի տասնյակ քաղաքներում բողոքի մեծ ցույցերը շարունակվում են արդեն մի քանի օր։ Անկարգությունների պատճառ է դարձել Սաութպորտ քաղաքում տեղի ունեցած ողբերգությունը, որտեղ հուլիսի 29-ին 17-ամյա դեռահաս Ակսել Ռուդակուբանան դանակով հարձակում է գործել մանկական պարերի վարպետության դասի ժամանակ։ Հարձակման հետևանքով զոհվել է երեք աղջիկ, ևս ութ երեխա վիրավորվել է։ Բացի այդ, ծանր վնասվածքներ են ստացել յոգայի ուսուցիչը և այն տարածքի աշխատակիցը, որտեղ անցկացվել են պարապմունքները։ 

Հարձակվողը բերման է ենթարկվել: Ըստ The Times թերթի, Ռուդակուբանան էթնիկ ռուանդացի է, ում ընտանիքը փախել է Բրիտանիա՝ փրկվելու իրենց հայրենիքում ցեղասպանությունից: Այս ֆոնին ցուցարարները բրիտանական իշխանություններին կոչ են արել դադարեցնել անվերահսկելի ներգաղթը դեպի թագավորություն։