Մեր աղքատները Սոմալիի աղքատներից վա՞տն են

Մեր աղքատները Սոմալիի աղքատներից վա՞տն են

ՀՀ կառավարությունն իր վերջին որոշումներից մեկով ներել է Սոմալիին Հայաստանի կողմից տրված վարկը: Քանի որ Սոմալին աշխարհի ամենաաղքատ երկրներից է, Հայաստանից էլ աղքատ, գործադիրը համաձայնություն է տվել Արժույթի միջազգային հիմնադրամի` Հայաստանին տրվելիք մասնաբաժնից Սոմալիի վարկերի ներմանը հատկացնել 70 800 հատուկ փոխառելիության իրավունքի միավոր: 1 ՀՓԻ միավորը մեկ եվրոյից մի քիչ ավելի է: Հիմնավորումն այն է, որ հանկարծ Արժույթի միջազգային հիմնադրամը, որը պետություններին առաջարկել է ներել ծանր աղքատության բեռ ունեցող երկրների վարկերը, մեզնից չնեղանա:

Ավելի քան 100 պետություն պատրաստակամություն է հայտնել` ուղղելու 242 մլն ՀՓԻ՝ Սոմալիի վարկերի ներմանը: Հարցի մասին կառավարության նիստի ժամանակ չեն զեկուցել՝ «на всякий случай», երեւի: Թե չէ, բանկերի ու նրանց տոկոսների տակ կքած ՀՀ հպարտ քաղաքացիները, որոնք տարիներ շարունակ չեն կարողանում դուրս պրծնել բանկերի «սեւ ցուցակներից» ու անգամ պարտքերից պրծնելուց հետո էլ չգիտեն, թե երբ են ջնջվելու այդ ցուցակներից, չասեն՝ էդ Սոմալիի պարտքերը ներում եք, բա մե՞րը երբ եք ներելու: