Խույս է տալիս ինքն իրենից

Խույս է տալիս ինքն իրենից

Շարունակվող քննարկումները «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ, չնայած առկա տարակարծություններին, փաստում են մի բան. հայրենի իշխանությունների կամքով Սահմանադրության հետ կատարվել է մի բան, որը, մեղմ ասած, տարակուսելի է, ոչ միանշանակ: Այդ տպավորությունն ավելի է խորանում ՀՀ նախագահի նույնպես ոչ միանշանակ պահվածքի պատճառով: Պահվածքի՝ որովհետեւ նախագահը վաղուց կորցրել է Սահմանադրության պահապանի իր դիրքն ու կեցվածքը:

Տպավորություն է, թե նա քշվում է իրադարձությունների հորձանուտով` ընդամենը պահպանելով չխեղդվելու-չոչնչանալու բնազդային զգուշությունը: 
Բայց ՀՀ նախագահը դարձել է ոչ միայն զգուշավոր. նա ակնհայտորեն վախեցած է:
Ահավասիկ` փաստը: Նախագահ Ա. Սարգսյանը, ինչպես հայտարարել են նրա աշխատակազմից, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին տեղեկացրել է, որ չի ստորագրելու «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքը: Կարող է թվալ, թե սա երկու` հանրապետության եւ Ազգային ժողովի նախագահների ինստիտուցիոնալ «համագործակցության» օրինակ է, այնքան «վառ» օրինակ, որ անհրաժեշտ է եղել նույնիսկ հրապարակայնացնել: 

Բայց չշտապենք, որովհետեւ ՀՀ Սահմանադրության համապատասխան հոդվածը (129) սահմանել է ՀՀ նախագահի կողմից ԱԺ ընդունած օրենքը ստորագրելու եւ հրապարակելու ընթացակարգը, որից, սակայն, ամենեւին չի ենթադրվում մինչեւ ստորագրելը կամ չստորագրելը այդ մասին ԱԺ նախագահին «տեղյակ պահելու» ՀՀ նախագահի իրավասությունը: Չկա այդպիսի «նորմ»: Իսկ ՀՀ նախագահը, չպահպանելով օրենքը ստորագրելու համար իրեն վերապահված 21-օրյա ժամկետը եւ չօգտվելով այդ ընթացքում Սահմանադրական դատարան դիմելու իրավունքից, սակայն այդ մասին 20 օր առաջ տեղեկացնելով ԱԺ նախագահին՝ ոչ թե ՀՀ նախագահի, այլ օրվա իշխանությունների ձեռքով իրավական զոհ դարձած պերսոնաժի տպավորություն է թողնում:
Արդեն զավեշտալի իրավիճակ է. պարբերաբար եւ հրապարակավ իր նվազ լիազորություններից բողոքող նախագահը զիջում է այդ լիազորություններից ամենակարեւորը՝ վճռորոշ խոսք ասելու սահմանադրական իրավունքը, ընդ որում` զիջում է ապօրինաբար: 

ՀՀ նախագահը հազիվ թե չի տեսնում ԱԺ նախագահին իր որոշման մասին նախապես «տեղեկացնելու» գործելակերպի ամբողջ հակաօրինականությունը: Բայց նա, ըստ ամենայնի, այդ բանն անում է իշխանությունների դրդմամբ, որոնք ենթադրել են, որ եթե ՀՀ նախագահն ԱԺ նախագահին նախապես տեղյակ է պահում իր որոշման մասին, դրանով իսկ «ջնջում» է Սահմանադրությամբ իրեն վերապահված 21-օրյա ժամկետը: Իսկ իշխանություններին, որ քաղաքական ցայտնոտի մեջ են, օդ ու ջրի պես անհրաժեշտ է օր առաջ վերոհիշյալ օրենքն «ուժի մեջ մտցնելը»: Ոչինչ, որ ակնհայտորեն ուժով են ուժի մեջ մտցնում, կարեւոր է, որ իրենց ուզած ժամանակին «մտցվի»: Եվ նախագահին ստիպել են՝ օգնի` «մտցնելու»:
Ի դեպ, իրավական հանրույթը, նույնիսկ` ընդդիմադիր դիրքերում գտնվող, վերը նշված անգո «նորմի» վերաբերյալ տարօրինակորեն լուռ է: Իսկ ինձ շարունակում է զարմացնել, թե ինչպե՛ս կարող է մի անորոշ «տեղեկացում», որ հայտնի էլ չէ` արվել է բանավո՞ր եղանակով (զանգահարելու միջոցով), թե՞ գրավոր, հիմք դառնալ ԱԺ նախագահի համար, որ նա վաղօրոք ստորագրի խնդրո առարկա օրենքը: Եթե տեղեկացման գործընթացը կատարվել է զանգահարելու միջոցով, ապա դա փաստաթուղթ չէ, որ կպցվի «գործին», որպեսզի հետո, հարկ եղած դեպքում, հիմնավորվի, թե ԱԺ նախագահի գործելակերպը եղել է օրինաչափ: Ասել է թե` ԱԺ նախագահը պիտի որ պնդած լինի՝ ՀՀ նախագահից վերոհիշյալ որոշումը հավաստող գրավոր վկայություն ունենալու անհրաժեշտության մասին: 

Բայց հենց այդտեղ էլ երեւան է գալիս այդպիսի փաստաթուղթ տալու «նորմի» ամբողջ անօրինականությունը, որից էլ անորոշ «տեղեկացրել է» ձեւակերպմամբ փորձում է խույս տալ ՀՀ նախագահը:
Տպավորություն է, թե այդ մարդը խույս է տալիս նաեւ ինքն իրենից: