Հարգարժա՛ն գիտնականներ, դուք պատասխանատվություն ունեք մեր երկրի, ժողովրդի և գիտության առաջ

Հարգարժա՛ն գիտնականներ, դուք պատասխանատվություն ունեք մեր երկրի, ժողովրդի և գիտության առաջ

Հարգարժա՛ն գիտնականներ, դուք պատասխանատվություն ունեք մեր երկրի, ժողովրդի և գիտության առաջ 
  
Մեր պատմաբան դոկտորներն ու ակադեմիկոսները կարծես զբաղված են միայն գիտխորհուրդներ անցկացնելով և դիսերտացիաներ պաշտպանելով, որպեսզի իրենց գիտական աստիճանը բարձրացնեն, ու մի 50 հազար դրամ հավելյալ վարձատրություն ստանան պետությունից։ Մինչդեռ պատմական թյուրիմացությամբ մեզ հարևան դարձած կովկասյան թաթարները, որոնց էթնոնիմ, այսինքն՝ ցեղանվանում տվել է սովետական ժողովուրդների հայր Ստալինը՝ ադրբեջանցի, այնքան են լկտիացել մեր գիտնականների և, ինչու չէ, նաև ՀՀ արտգործնախարարության անգործությունից, որ արդեն ոտնձգություն են անում մեր սրբության սրբոցի՝ Մեսրոպ Մաշտոցի ստեղծած ՀԱՅՈՑ ԱՅԲՈՒԲԵՆԻ դեմ:

2013թ.համացանցում հայտնվեց Ադրբեջանի ԳԱ թղթակից-անդամ Ֆարիդա Մամեդովայի տեսանյութը, որտեղ գիտնական դարձած այդ շեղաչք սելջուկի մնացորդն իր ասելով՝ «գիտական բացահայտումներով՝ քարը քարի վրա չէր թողնում»։ Մեր պատմիչների ու պատմաբանների աշխատությունները համարելով զեղծարարություն, ընդհուպ մինչև միջնադարյան հայ պատմիչ Կիրակոս Գանձակեցուն և «Դատաստանագրքի» հեղինակ Մխիթար Գոշին անվանում էր աղվան, այսինքն՝ իր մեկնաբանմամբ ադրբեջանցի: Ասում էր, որ Հայկական Կիլիկյան թագավորությունը աղվան իշխանների ստեղծած պետություն է եղել, որը նույնպես մենք՝ հայերս, յուրացրել ենք, և միայն իր գիտական անժխտելի փաստերի շնորհիվ է դա բացահայտվել, որի արդյունքում հայերն այլևս չեն համարձակվում Կիլիկիան համարել հայկական թագավորություն...Ո՛չ ավել, ո՛չ պակաս...
Ես հոդված գրեցի այդ վայ գիտնականի զեղծարարության դեմ, որը տպագրվեց «Իրատես defacto» թերթում 2013թ.: Հոդվածը լայն արձագանք ունեցավ ընթերցողների շրջանում: Համոզված էի, որ հոդվածի հրապարակումից հետո կլինի ՀՀ ԳԱ ակադեմիայի պատմության, լեզվի, իրավունքի և իրավագիտության ինստիտուտների գիտական արձագանքը, հայ մտավորանների հակազդեցությունը և քննարկում...Ավա՜ղ...Ձայն բարբառոյ հանապատի։

Այդ հոդվածը մի առիթով ցույց  տվեցի ԳԱԱ իրանագիտության ինստիտուտի մի գիտաշխատողի, նա զարմացավ, որ ես նոր եմ իմանում Ֆարիդա Մամեդովայի մասին: Պարզվում է՝ նա 20 տարի զբաղված է աղավաղելով, կեղծելով ու ադրբեջանացնելով մեր պատմությունը, մշակույթը և պատմական տարածքները: Եվ դա այնքան հանգիստ ու անվրդով ասաց, կարծես՝ առօրյա մի աննշան երևույթի մասին էր խոսքը: Չէ՛, դուք պատկերացնու՞մ եք, այդ ֆարիդան 20 տարի զբաղվում է մեր պատմության ու մշակույթի զեղծարարությամբ, իսկ մեր գիտնականները դա, իրենց խոսքերով ասած, լուրջ չեն ընդունում, կամ կարծում են՝ ո՞վ կհավատա նրա հակագիտական բարբաջանքին: Առնվազն՝ միամտություն է, որը ապացուցվեց այս պատերազմով նաև:

Այդ ընթացքում Ֆարիդան դարձել է ակադեմիկոս, նրա հրատարակած շքեղ գրքերի վրա գրվում է Ադրբեջանի ԳԱ ակադեմիայի թղթակից անդամ /գուցե արդեն ակադեմիկոս/: Եվ դա մեր ազգային ակադեմիայի անհետևողական անտարբերության և ազգային արժեքները՝ պատմությունը, մշակույթը, պատմական տարածքներն ու անգամ հայ պատմիչների ազգային պատկանելությունը անպաշտպան թողնելու հետևանք է:

Հետո հայ գիտնականուհին ասաց, որ Իրանի գիտությունների ակադեմիան դիմել է մեր իրանագիտության ինստիտուտին, որպեսզի մեր գիտնականները պարսիկ մեծ բանաստեղծ և փիլիսոփա Նիզամի Գյանջևիի՝ ազգությամբ պարսիկ լինելու փաստը, որպես անաչառ գիտական կողմ, ապացուցեն գիտական հոդվածներով: Չգիտեմ , կատարեցի՞ն արդյոք այդ խնդրանքը մեր գիտնականները, թե՞ ոչ, բայց մի բան պարզ է, որ Ադրբեջանն իր նավթադոլարներով պատրաստ է անգամ Չինական կայսրությունը դարձնել ադրբեջանական:

Այս հոդվածը գրելու պատճառը մի նոր ոտնձգություն է ադրբեջանցիների կողմից մեր սրբություն սրբոց այբուբենի ու նրա ստեղծող Մեսրոպ Մաշտոցի դեմ: Ոմն ադրբեջանցի կին գիտնական «ապացուցում է», որ Մեսրոպ Մաշտոցը ոչ թե ստեղծել է մեր այբուբենը , այլ պարզապես գողացել է եթովպական գրերը, պահպանել է դրանց արտաքին ձևը, փոխել է հնչունայնությունը, այսինքն՝ եթե եթովպերենում նույն տառապատկերը հնչել է դ, հայերենում ՝ ս, և այս սկզբունքով ներկայացնում է ողջ այբուբենը:

Զայրացնող, բայց ո՛չ զարմացնող իրողություն է սա, բայց սրանում մեր գիտնականներն էլ իրենց մեղքի աններելի բաժինն ունեն: Հայոց այբուբենի ստեղծման շուրջ անիմաստ և, ես կասեի, հակագիտական, հակապատմական և հակահայկական թեզերը դառնում են մեր հակառակորդների ձեռքին հաղթաթուղթ, և նրանք հաճախ մեր գիտնականների աշխատություններին են հղում կատարում։ Հիշենք հայերիս ՝ բնիկ, թե եկվոր լինելու վարկածները, ուրարտացիները հայեր են, թե ոչ, Ուրարտուն հայկական պետություն է, թե երկնքից ընկած անհայտ մի ազգի ու նրա ստեղծած պետություն: Բագրատունիները հրեա՛ են, թե հայ, Արծրունիները ասորի են, թե հայ, Արշակունիները իսկապե՞ս պարթև են եղել և բազում այլ հարցեր, որոնք աղավաղում, հարվածի տակ են դնում ոչ միայն մեր արքայական տոհմերի պատմությունը, այլև հայ ժողովրդի՝ որպես պատմական ազգի գոյությունը համաշխարհային պատմության մեջ:

Այս ամենից շատ ճարպկորեն և նպատակաուղղված օգտվում են որոշ ազգեր և մեզ՝ հայերիս՝ մեր քաղաքական ու քաղաքակրթական պատմությամբ հանդերձ, դուրս են մղել համաշխարհային պատմագրությունից: Հայ պատմագիտության մեջ տեղեկություն կա, որ Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը» չորս գլխից է բաղկացած եղել, բայց մեզ հասել է երեք գլուխ: Ո՞վ, ե՞րբ և ինչո՞ւ է ոչնչացրել չորրորդ գլուխը և ի՞նչ է գրված եղել նրանում:

Եթե պատմագիտությունը հաճախ է առաջ քաշում ամենաանհավանական վարկածներ ու հաճախ հիմնվում է դրանց վրա, ինչո՞ւ չի կարելի առաջ քաշել այն վարկածը, որ հետագա դարերում Խորենացու պատմությունը արտագրող ոմն գրիչ աղավաղել է պատմահոր գրածը և հայոց թագավորներին վերագրել է օտար ծագում:

Չէ՞ որ Բագրատունու ԲԱԳ արմատը արիական ծագում ունի և նշանակում է աստված, իսկ Արծրունի անունը հիշատակվում է, այսպես կոչված, ուրարտական սեպագիր արձանագրություններում: Այսպես կարելի է թվարկել կեղծ վարկածներ, որոնք զրկում են մեզ մեր պատմական անցյալից:

Քրիստոնեության տարածման ժամանակաշրջանում՝ դարձյալ անհայտ ուժերի դրդմամբ և մեր անխոհեմ թեթև ձեռքով ավերվեցին մեր պատմության ու մշակույթի վկաները։ Ի դեպ, Հին Հունաստանում ոչ մի հուշարձան կամ մատյան չոչնչացվեց քրիստոնեության ընդունումից հետո, և Հունաստանը փաստորեն համարվեց եվրոպական քաղաքակրթության հիմքը, իսկ Հայաստանն ու հայ ժողովուրդը դուրս մղվեցին համաշխարհային պատմագրությունից, հայ ժողովուրդը եկվոր համարվեց, նրա մշակույթն էլ անտեսվեց։ Ի դեպ գերմանացի հնագետ, Փոքր Ասիայում Տրոյայի, նաև Պելոպոնեսում անտիկ շրջանի գտածոների շնորհիվ «միկենական» մշակույթի հատնագործող Հենրիխ Շլիմանը գրել է«Եվրոպայի դժբախտությունն այն էր, որ նա՝ որպես քաղաքակրթության հիմք, ընդունեց Հունաստանը, ոչ թե Հայաստանը»։ Հավանաբար Շլիմանը նույնպես որոշակի հստակ փաստարկներ է ունեցել:

Պարոնա՛յք պատմաբաններ, ԳԱԱ պատմության ինստիտուի ակադեմիկոսնե՛ր և դոկտորնե՛ր, Լեզվի ինստիտուտի երևելի՛ ակադեմիկոսներ և դոկտորներ, Մայր համալսարանի՝ Հայոց պատմության ամբիոնի հարգարժա՛ն գիտնականներ, Հայաստանի բոլոր պետական և մասնավոր համալսարանների պատվելի՛ պատմաբաններ և լեզվաբաններ, ո՞ւմ պատմությունն եք դուք ուսումնասիրում ու դասավանդում, և ո՞ր լեզվի այբուբենն եք դուք ներկայացնում՝ որպես հայոց այբուբեն մեր սերունդներին, եթե, մեր իսկ աններելի և անհեռատես թողտվությամբ, մեզ հարևան դարձած, պատմական հայտնի անցյալ ունեցող մի ցեղախումբ այսօր այնքան է «կրթվել», որ, իր գոյությունն այս արևի տակ արդարացնելու համար, այլոց, բայց առաջին հերթին մեր պատմությունն ու մշակույթն է յուրացնում կամ աղավաղում: 

Մի՞թե դուք պատասխանատվություն չեք կրում մեր ժողովրդի ու պատմության առաջ...Ճի’շտ է, դուք հազարավոր դոլարներ չեք ստանում՝ որպես աշխտավարձ, բայց այն բարոյական պատասխանատվությունը, որ ունի և պետք է ունենա ամեն հայ մարդ, առավել ևս՝ հայ գիտնական, իր երկրի ու ժողովրդի և այն գիտության առաջ, որին ծառայում է ոչ միայն իր կամքով, այլև ամենաբարձր բարոյականության գրված ու չգրված օրենքներով, պարտավորեցնում են Ձեզ՝

Դուռդ փա՛կ պահիր, որ գող հարևանդ տունդ չթալանի...

Մարի Բարսեղյան-Խանջյան