Ախոռապետություն

Ախոռապետություն

Եթե ասվի, որ Փաշինյան Աշոտի «դեպքի ոդիսականը» բացահայտեց ինչ-որ երեւույթ մեր երկրում՝ սուտ կլինի: Հասունացման տարիքը հաղթահարած երիտասարդն արդեն որերորդ անգամ դառնում է տհաճ պատմությունների դերակատար: Եվ երբ ուղեղներն անջատած ոմանք փորձում են պաշտպանել նրան՝ համեմատելով նախկինների հետ, մեզ մնում է ուղղակի զարմանալ: Ու, զարմանալիորեն, նաեւ ցավել: Այո, ցավել, որ, այսպես կոչված, «թավշյա, սիրո, համերաշխության» հեղափոխությունից հետո ձեւավորվեց այնպիսի իշխանություն, որի ներկայացուցիչներին փորձում են պաշտպանել՝ համեմատելով նախկինների հետ: Չնայած նախկին առաջին դեմքերի զավակները կարծես թե երբեւէ հանդես չեն եկել հակահերոսի դերում: 

Ճիշտ է՝ Նիկոլի ընտանեկան թերթը գրում էր, որ Քոչարյանի կրտսեր տղան 1000 դոլարանոց շամպայն է խմում Մոսկվայում: Դրա համատեքստում ծագում է հռետորական հարց. ի՞նչ արժե, ասենք, երեւանյան ռեստորաններից տուն առաքվող խավիարի կիլոգրամը: Դա՝ մեկ, եւ երկրորդ՝ հայաստանցիների ահռելի մեծամասնությունը փողոց դուրս չէր եկել, որպեսզի իր բերած իշխանությունը համեմատվեր նախկինների հետ՝ դրանով արդարացնելով գործողների կամ դրանց ընտանիքի անդամների վարքագիծը: Փաստորեն, փողոց փակողները ատելի իշխանության փոխարեն ձեռք բերեցին կրկնակի, եռակի, քառակի ատելի ուրիշին: 

Վերադառնալով Աշոտիկին՝ ասեմ, որ նշանակություն չունի այն հարցը, թե 23-ամյա երիտասարդն ինքնուրո՞ւյն է, արդյոք, վերածվում սկանդալների դերակատարի, թե՞ ուղղորդվում է ընտանիքի կողմից՝ այս կամ այն թեմայով քննարկումնեը փակելու նպատակով: Չնայած հենց միայն այն երեւույթը, որ այդ տարիքում ինքը դեռեւս մնացել է «Աշոտիկ», խոսում է ինքն իր մասին: Որովհետեւ նորմալ երիտասարդն այդ տարիքում աշխատում, ամուսնանում եւ իր զավակին է, ասենք, «Աշոտիկ» կոչում: Եվ ոչ թե ընկնում է ինչ-որ պատմությունների մեջ:

Ինչեւէ, արդեն դժվար է գտնել այնպիսի մի երեւույթ, որ մեր կյանքում չի արձանագրվել 2018 թվականի իշխանափոխությունից հետո: ՀՀ երրորդ նախագահի օրոք երկրում տիրող գաղջ մթնոլորտից ազատվելու ցանկությունը մեզ հանգեցրեց մեկ այլ տեսակի աննորմալության հաստատման, ինչը նույնիսկ անվանում չունի: Իսկ դրա պատճառն այն է, որ այդ աննորմալությունն իր մեջ ներառում է նախկինում հայտնի եւ նույնիսկ անհայտ ողջ բացասականը: Եվ առավել տհաճ է այն, որ այդ ամենը դրսեւորվում է հատկապես երկրի ղեկավարի ընտանիքի անդամների առնչությամբ: Ու, բնականաբար, ընդօրինակվում ու կրկնօրինակվում է հանրության այն հատվածի կողմից, որը չի գիտակցում, թե ինչ է կատարվում երկրում: Եվ թե ուր է այդ ամենը տանում մեզ:

Նախկինների օրոք հայաստանյան իրականությունն անվանում էինք «ավգյան ախոռներ» եւ հույս ունեինք, որ դա 2018-ի դեպքերից հետո կմաքրվի: 2018 թվականի իշխանափոխությունից  (ինչը մեզ թվում էր ազնիվ նպատակներով իրականացված հեղափոխություն) հետո մենք բախվեցինք բազմաքանակ ու բազմադեմ ախոռների: Համարյա յուրաքանչյուր բնագավառ դիտարկելիս դեմ ես առնում դրա «սեփական» ախոռին: Նախկինների օրոք այդպիսի երեւույթ դժվար էր պատկերացնելը նույնիսկ գիշերային մղձավանջում: Բայց մենք, որպես հասարակություն, «հերոսաբար» ապրում ենք այս ամենը: Ու ոչ մի փորձ չենք կատարում ախոռային այդ կյանքից դուրս գալու համար: Ու այդ առումով մենք կարող ենք մեզ որակել որպես ինքնատիպ. հիշենք՝ մերն ուրիշ է: Չնայած շատ ավելի երջանիկ կլինեինք, եթե չունենայինք այդ ինքնատիպությունը: Իհարկե, բացառություններ լինում են ամենուր, սակայն դրանք չեն բնորոշում իրականությունը:      

Եվ եթե նախկինների օրոք անհրաժեշտ էր իշխանափոխություն, որպեսզի մաքրեինք ընդամենը մեկ ախոռ, ապա այսօր խնդիրը շատ ավելի բարդ է: Մեզ պետք է մի Հերկուլես, որը կկարողանա մաքրել բազմաթիվ ախոռներ: Ու դրա հետ մեկտեղ կկարողանա ապահովել մեր երկրի անվտանգությունը: Դա՝ մեկ, եւ երկրորդ՝ վերադարձնել Արցախի խնդրի կարգավորման նախանիկոլական պահը: Տարածքային ու մարդկային կորուստների մասին էլ չասած: Այս խնդիրների լուծումը թե՛ նրանից եւ թե՛ մեր ողջ հասարակությունից պահանջելու է ուժերի գերլարում: Սակայն այսօրվա ընթացքը՝ Նիկոլի վարչապետության պատճառով, քանի գնում՝ մեզ այնքան հեռացնում է վերը նշված նպատակներից: Ու մենք վերածվում ենք անվերադարձ ախոռապետության: