Մեկի համար թիրախ, մյուսի համար` համեղ տորթ, երրորդի համար` գործիք

Մեկի համար թիրախ, մյուսի համար` համեղ տորթ, երրորդի համար` գործիք

Եվրախորհրդարանը հերթական խորհրդատվական բնույթի բանաձևերն է ընդունել, որոնք ականջահաճո են հայտարարություններ սիրող ու դրանցից արագ ոգևորվող հայ ժողովրդի համար։ Ընդունված բանաձևերում ամրագրված է, որ Հայաստանի դեմ պատերազմական գործողություններ սկսելու պարագայում Ադրբեջանից այլևս չեն գնի նավթ և գազ, ինչպես նաև Ադրբեջանի ռազմական և քաղաքական գործիչների դեմ ինդիվիդուալ և այլ տեսակի պատժամիջոցներ կկիրառեն։ Իհարկե, դժվար չէ հասկանալ, որ խոսքն այստեղ ոչ այնքան ադրբեջանական նավթի ու գազի մասին է, այլ Ադրբեջանի միջոցով Եվրոպային վաճառվող ռուսական գազի ու նավթի։ Ուկրաինական պատերազմի արդեն երկրորդ տարին է թեւակոխում, իսկ Ռուսաստանին հաղթել դեռևս չի հաջողվել։ Արևմուտքն ակնհայտորեն իր ռազմական հնարավորությունների հաշվարկներում սխալվեց, իսկ Ռուսաստանը երկիրը դնելով պատերազմական ռելսերի վրա համառորեն առաջ է մղում եղբայրասպան պատերազմը եւ կեսճանապարհին կանգնելու մտադրություն չունի։ Ինչ խոսք, ակնհայտ է Եվրոպայի դիրքորոշումը` ամեն ինչ անել, որ Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացվի եւ տնտեսական սանկցիաներով խեղճացնել` բեկելով պատերազմի ընթացը։ Իսկ Արեւմուտքը դեռ որտեղ ունի ռեսուրս` Ռուսաստանի դեմ հանելու, բնականաբար Հայաստանում։ Եվրախորհրդարանի բանաձևում խոսվում էր նաև Հայաստանի և Թուրքիայի սահմաններին ԵՄ դիտորդների թիվը մեծացնելու մասին։

Հիշում ենք, չէ՞, որ Թուրքիայի հետ սահմանին ծառայություն իրականացնում են ռուս սահմանապահ ուժերը։ Բնականաբար արևմտյան «ուղին» բռնած ՀՀ իշխանությունները հասկանում են ակնարկներն ու ուղղորդումները և պատրաստ են ամեն ինչի` առաջին «ծիծեռնակը» Զվարթնոցից ռուս սահմանապահների հեռացման մասին հայտարարություններն են, այն հայտարարությունները, որ ռուս զինվորականները չեն պաշտպանում Հայաստանի սահմանը։ Թե ինչպես են եվրոպացի դիտորդները պաշտպանելու հայ-թուրքական սահմանը, պարզ չէ, դա ՀՀ ներկայիս իշխանություններին երևի չի էլ հուզում։ Տոյվո Կլաարը հերթական ցուցումն է տվել՝ Թուրքիային դիտարկում են որպես այս տարածաշրջանում «լիդեր պետություն» եւ բոլոր հարևանների հետ բազում խնդիրներ ունեցող, Մեծ Թուրանի գաղափարով տառապող էրդողանական Թուրքիան հավակնում է գերտերություն դառնալ Հարավային Կովկասում, որտեղ ազդեցություն ունեն Ռուսաստանն ու Իրանը։ Թեպետ, այս ամենում որոշակի տիեզերական արդարություն կա, թուրքերը հերթական անգամ շառաչուն ապտակ են հասցնում ռուսներին։ Դե թող Պուտինը շարունակի բարեկամանալ թուրք-ադրբեջանական տանդեմի հետ։ Սակայն փորձը ցույց է տալիս, որ ռուսական կողմը թուրքական ապտակները սովորաբար բարեհաջող մարսում է։

Հիմա վերադառանանք մեր «ցավերին». Տոյվո Կլաարի հայտարարությունը համադրելով Թուրքիայի հետ սահմանում եվրոպացի դիտորդների տեղակայման որոշման հետ պարզ է դառնում մի բան՝ Արևմուտքը պահանջում է Հայաստանից հնարավորինս արագ դուրս մղել ռուսական ներկայությունը և հիշել, որ այս տարածաշրջանում խաղի կանոններ թելադրողը Թուրքիան է։ Ու հարցն այն չէ, որ սա փաստացի Հայաստանը դարձնում է թիրախ Ռուսաստանի համար, պարսական փղերի մասին չենք մոռացել, չէ՞։ Ընդամենը վերջերս էր մեր դաշնակից Իրանի նախագահը Փաշինյանի փոխվարչապետին հայտարարել էր՝ մեզ դուր չի գալիս մեր տարածաշրջանում օտարների ներկայությունը՝ նրանք խնդիրներ են ստեղծելու այս տարածաշրջանի երկրների և նրանց կառավարությունների համար։

Փաշինյանն ու իր քաղաքական թիմն ամենայն հավանականությամբ կանգ չեն առնի ոչնչի առաջ՝ հավաքական Արևմուտքի պահանջն իրագործելու համար։ Չէ՞ որ նրանք խնդիր չեն տեսնում ՀՀ սուվերեն տարածքներն անգամ Ադրբեջանի կազմում ճանաչելու հարցում եւ լուրեր կան, որ արդեն սկսել են նաև Վրաստանին տարածքներ զիջել, կարծես իրենց հոր տնից են բերել այս պետությունն ու մեր հայրենիքը։ Հավանաբար, Արցախի հանձնումը մարսած Փաշինյանն ու նրա թիմը կարծում են, որ այս ժողովուրդն ամեն ինչ մարսելու է եւ անգամ ռուսական իշխանության հայտարարությունները, թե՝ ՌԴ-ն Հարավային Կովկասից չի պատրաստվում հեռանալ, արհամարհում են։ Իսկ ի՞նչ է դա նշանակում՝ ուկրաինական Մարիուպոլ քաղաք կար... Ցավոք, Հայաստանը ոչ Ուկրաինայի, ոչ էլ նրա կեսի չափ ռազմական, մարդկային ու տնտեսական ներուժ չունի, եւ հաշված ժամերի ընթացքում կարող է ոչնչանալ` եթե հանկարծ Ռուսաստանը, կամ նույն Իրանը որոշեն կոշտ միջամտել ՀՀ որոշումներին եւ իրենց՝ այս տարածաշրջանից դուրս մղվելուն դիմադրեն։ 

Հ․Գ. Պետք չէ անլուրջ վերաբերվել Փաշաինյանի հայտարարություններին, որ պատերազմ է սպասվում։ Նրանք հայ հասարակությանը հոգեպես պատրաստում են հերթական ցեղասպանությանը և բացարձակապես պատահական չեն նաև Սամվել Բաբայանի վերջին հայտարարությունները հնարավոր պատերազմի եւ Սյունիքի միջանցքի մասին։ Վերջինս Փաշինյանի խոսափողի դերն է երբեմն կատարում։