Մինչեւ ոստիկանության արարքի համար ներողություն չհնչի

Մինչեւ ոստիկանության արարքի համար ներողություն չհնչի

Արդեն երկու շաբաթից ավելի է Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում երկու թեմա է գերիշխում, որոնցից ոչ մեկն էլ բնույթով քաղաքական չէ: Մեկը առողջապահական խնդիր է`կորոնավիրուսի տարածումը երկրում` երկրագնդի վրա գրեթե անմրցակից տեմպով, մյուսը իրավական խնդիր է` ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ հյուսված թնջուկը: Սակայն քանի որ թե՛ կորոնավիրուսի դեմ պայքարի ամոթալի տապալման, թե՛ ՍԴ-ի իրավասությունների անամոթ յուրացման փորձերի ետեւում Փաշինյանի ականջներն են անթաքույց երեւում, երկու խնդիրն էլ ընկալվում են քաղաքական:

 Մինչ այժմ կորոնավիրուսի դեմ պայքարի տապալումներն էին արձանագրվում ամենօրյա ռեժիմով ի դեմս ամեն օր ավելացող հարյուրավոր թեստավորված (գուցե մի այդքան էլ չթեստավորված) վարակակիրների, իսկ հունիսի 30-ից Փաշինյանը հասել է նույնպիսի ռեժիմով ՍԴ աշխատանքներ տապալելուն: Կարծեմ հունիսի 30-ին ՍԴ նիստ պետք է կայանար, սակայն քվորումի բացակայության պատճառով չկայացավ: Քվորումի բացակայության պատճառով չի կայանա նաեւ հուլիսի 7-ի ՍԴ նիստը: Հիշեցնենք, հուլիսի 7-ի նիստում ՍԴ-ն ի թիվս մի քանի այլ հարցերի պետք է գրավոր ընթացակարգով քննության առներ նաեւ «Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ միավորված գործը»:

Ինչպես մեզ հետ հեռախոսազրույցում հայտնեց ՍԴ փոխնախագահ Ալվինա Գյուլումյանը, ինքը նպատակահարմար չէր համարում ՍԴ նիստին գնալ: «Այն ինչ կատարվել է օրեր առաջ Հրանտ Նազարյանի հանդեպ` արգելվել է նրա մուտքը ՍԴ, ես գնահատում եմ ոչ իրավաչափ միջամտություն, որը ուղղված էր արադարադատության իրականացմանը խոչընդոտելուն: Հետեւաբար այս պայմաններում ՍԴ գնալը կարող է նոր աղմուկ առաջացնել, ավելորդ ուշադրություն գրավել: Ես, անշուշտ, չեմ հրաժարվում ՍԴ դատավորի իմ սահմանադրական լիազորությունների կատարումից, բայց դա չպետք է շոուի էլեմենտներ ձեռք բերի: Կարծում եմ  մինչեւ Հրանտ Նազարյանի հետ կատարվածի համար պատկան ատյանները ՍԴ-ից ներողություն չխնդրեն, եւ պատշաճ աշխատանքային պայմաններ չապահովվեն, ճիշտ չի լինի ՍԴ շենք մուտք գործել, նիստի մասնակցել»: 

Տիկին Գյուլումյանից չխնդրեցի մասնավորեցնել, թե ինքը հատկապես որ ատյանից է ներողություն ակնկալում: Ոչ միայն ինձ, այլեւ կարծում եմ շատերին է ակներեւ, որ ՍԴ-ից ներողություն խնդրելու պատճառ ունեն թե՛ ՀՀ ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնող անձը, թե՛ վարչապետի աթոռը զբաղեցնող, թե՛ նախագահի:

Ոստիկանապետը պարտավոր է ներողություն խնդրել իր ենթակաների կողմից ՍԴ դատավոր Հրանտ Նազարյանի առջեւ ՍԴ շենք մուտք գործելիս հարուցված խոչընդոտների համար, դրանից էլ առավել` կատարվածից հետո ոստիկանության լրատվական ծառայության կողմից ՀՀ սահմանադրություն մեկնաբանելու նկրտումների ու խեղկատակության համար: 
    ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Փաշինյանը դատավոր Հրանտ Նազարյանի համար ՍԴ մուտքը արգելափակած վոդեւիլի մտավոր, հոգեւոր ու քաղաքական կնքահայրն է, այդքանով էլ համազգեստավոր օրինազանցների վարքի պատասխանատուն եւ պետք է ՍԴ-ից ներողություն խնդրի: Վերջապես ՀՀԿ-ի դրածո Արմեն Սարգսյանը,անկախ նրանից թե քանի երկրի քաղաքացի է, ինքը մեկ երկրի նախագահ է, եւ պարտավոր է այդ երկրի սահմանադրության գործողությունը, այդքանով էլ պետական իշխանության բարձրագույն մարմինների անխափան աշխատանքը երաշխավորել: Դա չանելու համար այո` պարտավոր է ներողություն խնդրել թե ՀՀ քաղաքացիներից, թե ՍԴ-ից: 

Տեսնենք առաջիկայում ներողություններ կհնչեն, թե առանց դրանց փաշինյանական խմբակի կողմից հետքայլեր կարվեն: Առայժմ, սակայն, հուլիսի 7-ի նիստի խնդիրն է. ցավոք նիստի առնչությամբ Հրանտ Նազարյանի հետ անձամբ զրուցել չհաջողվեց, բայց եթե նրա հետ կատարվածը Գյուլումյանը համարում է անընդունելի վարք, որի համար պատկան ատյաննեըը պետք է ներողություն խնդրեն ՍԴ-ից, պարզից էլ պարզ է, որ ներողության կսպասի եւ առանց պատշաճ պայմանների ապահովման նիստի չի ներկայանա նաեւ Հրանտ Նազարյանը: Դատավոր Ֆելիքս Թոխյանն էլ ոչ միայն ակնկալելի է, որ կոլեգաների հետ նույն դիրքորոշումը կունենա, այլեւ վատառողջ լինելու պատճառով նիստի ներկայանալ չէր կարողանա ամեն պարագայում:    

Արդյունքում տրեխավոր գեղջուկի նման աջ ու ձախ տարուբերվելով, օրենքի, կարգի ու իրավունքի վրայից անգիտակից քայլելով, գլխից մեծ խնդիրների մեջ թաղվելով Փաշինյանը հասավ նրան, որ հուլիսի 7-ին Ռոբերտ Քոչարյանի դիմումի հարցը չլսվի: Ի՞նչ շահեց դրանից: Շահեց այն, որ մի քանի ամսով հարցի քննությունը ՍԴ-ում առկախեց, քանի որ ներկա ինը դատավորի կազմով գործունեությունը շարունակելու դեպքում առնվազն մի ամիս, նոր դատավորներ ընտրելու դեպքում երկու-երեք ամիս, ՍԴ-ն չի կարող գործել: Այդքան ժամանակում Փաշինյանը իրենից կախված հնարավորն ու անհնարը կանի, որպեսզի Քոչարյանին նորից կալանավայր վերադարձնեն: Դա միակ ձեռքբերումն է, որ Փաշինյանը կարող է հուսալ աստղերի բարենպաստ դասավորության դեպքում: 

Բայց Քոչարյանին կալանավայր ուղարկելուց այն կողմ, Փաշինյանն արդեն ՍԴ-ն կազմաքանդելու խնդրով այնքան խնդիրների մեջ է խրվել, որ դժվար թե կարողանա ՍԴ-ի դեմ նոր, թեկուզ կիսաքայլ անել: Այն, որ Արմեն Սարգսյանը հայտարարել է, թե Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքում ԱԺ-ի ընդունած փոփոխությունները ինքը չի ստորագրի, նշանակում է Փաշինյանի համար նվազագույնը 21-օրյա թայմ-աութ է ստեղծվում: Իսկ եթե Փաշինյանը ոտքից գլուխ խնդիրների մեջ չի կորել իր անշրջահայացությամբ եւ տգիտությամբ ՍԴ-ն կազմաքանդելու փորձերի համար, այդ դեպքում ինչու է թայմ-աութ վերցնում: Իրականում կարծում եմ Փաշինյանը շատ լավ էլ բարդությունների է բախվել միջազգային կառույցների առջեւ եւ այժմ 21-օրյա թայմ աութ է վերցրել, որպեսզի կամ ուղի գտնի եւ ՍԴ կազմաքանդումը ավարտին հասցնի, կամ եթե առաջ շարժվելու համար ուղի եւ լեզու չգտավ ԵԽ-ի, ԵԱՀԿ-ի, ԵՄ-ի, եւ մնացյալի հետ, անիվը ետ կշրջի նրանով, որ Արմեն Սարգսյանի իր կողմից չստորագրվող «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի փոփոխությունները կուղարկի ՍԴ` ներկա կազմով քննելու: Տեսնենք, թե որ սցենարը կգործի Փաշինյանի 21 օրյա թայմ-աութից հետո:

Հ. Գ. Քանի որ այս նյութը գրելու շրջանակում առիթ եղավ տիկին Գյուլումյանի հետ զրուցելու, չէի կարող չհարցնել այն, ինչ որքան հասկանում եմ ՍԴ դատավորներ Ալվինա Գյուլումյանի եւ Արման Դիլանյանի ընդհանուր ծանոթները այս օրերին անվերջ հարցրել են նրանց: Ճի՞շտ է արդյոք, որ Դիլանյանը տիկ. Գյուլումյանին սպառնացել էր… նույնիսկ էական էլ չէ, թե ինչ (կարծեմ ՍԴ-ում իր աշխատանքային լիազորությունները չդադարեցնելու դեպքում ՀՔԾ-ին դիմել): Քանի որ ինքս էլ համարյա երկու տասնամյակ ճանաչում եմ թե տիկ. Գյուլումյանին, թե Դիլանյանին բոլորի նման տարակուսած էի: Գյուլումյանը ասաց. «Արմանը ոչինչ չի ասել, ինչպես ասել էի` նա իմ սենյակ էլ չի եկել, խոսակցություն եղել է միայն Վահե Գրիգորյանի հետ, իսկ թե ինչ խոսակցություն, քննարկման առարկա չէ: Ուղղակի թյուրիմացություն է այն, ինչ վերագրվել է Արմանին»: Վերջում էլ տիկ. Գյուլումյանը ծիծաղելով ավելացրեց, թե եթե Դիլանյանը իրեն սպառնալիք կարդար, ինքն ուղղակի նրան կնախատեր, իր կարծիքով այդքան իրավունք ունի: 
Արման Դիլանյանը ՍԴ-ում շատ երկար է աշխատել, նախ Վոլոդյա Հովհաննիսյանի օգնական, հետո Իրավա-խորհրդատվական վարչությունում, հետո Վարչական դատարանի դատավոր է նշանակվել, ապա ՎԴ-ից վերադարձել Սահմանադրական դատարան, այդ ժամանակ Գյուլումյանը եղել է ՍԴ դատավոր եւ ՄԻԵԴ-ի դատավոր: Տասնամյակներում ձեւավորված մարդկային եւ բարեկամական փոխհարաբերությունները, հարգանքը Դիլանյանի կողմից Գյուլումյանի հանդեպ չէին կարող ոչ խունանալ, ոչ փոխվել: