Ալիեւն է Փաշինյանին ցուցակ տվե՞լ, թե՞ Փաշինյանն Ալիեւին
Անհերքելի է, որ 2018-ից ի վեր Հայաստանի ներսում թիրախավորված են արցախյան առաջին ազատամարտի կարկառուն զինվորականները, ազատամարտիկները, Հայաստանի պետականաշինության գործում մեծ դերակատարում ունեցած մարդիկ: Նրանցից ոմանք տարբեր կասկածելի եւ բացահայտ հանգամանքներում մահացան` Մանվել Գրիգորյանը, Ռուստամ Գասպարյանը, Գնել Մանուկյանը... Ցանկը կարելի է շարունակել: Շատերը տարբեր պատրվակներով իրավական հետապնդումների ենթարկվեցին: Ակնհայտ է, որ Փաշինյանն Ալիեւի վրեժն է լուծում նրանցից` Ադրբեջանին պարտության մատնած զինվորականներից: Թե ինչի դիմաց, կարող ենք միայն տարբեր ենթադրություններ անել:
Ակնհայտ է նաեւ, որ Փաշինյանն ու Ալիեւը պարբերաբար իրար ցուցակներ են փոխանակում` իրենց անցանկալի անձանց «հարցերը լուծելու» համար: Արցախի հայաթափման ժամանակ էլ հետաքրքիր «զուգադիպությամբ» ադրբեջանցիները գերի վերցրին հենց այն անձանց, ովքեր այստեղ կարող էին Փաշինյանի իշխանության վայելքներին խանգարել: Սակայն, անարգել սահմանն անցել են այնպիսի զինվորականներ, որոնք առաջին պատերազմի ժամանակ եղել են ադրբեջանցիների ահ ու սարսափը, ամենից շատ ադրբեջանցի կոտորած, պատերազմի բուն գործողությունների ժամանակ մեծ դերակատարություն ունեցած, օրինակ`90-ականներին Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանը...
Այն պահից, երբ սկսվեցին Տավուշի սահմանների հետ կապված իրադարձությունները` «սահմանազատումը», լուրեր են շրջանառվում, որ Փաշինյանն ու Ալիեւը 90-ականների պատերազմների ժամանակ Տավուշի սահմանների պաշտպանությանն ակտիվորեն մասնակցած եւ Հայաստանից դուրս ապրող անձանց ցուցակներ են միմյանց հետ փոխանակել: Թիրախավորված են հատկապես Փաշինյանի ընդդիմախոսները:
Ըստ «օդում կախված» լուրերի, պայման է դրվել, որ այս անձանց` Հայաստան մուտք գործելու դեպքում նրանց ձերբակալեն: Սրանով երկու հարց կարող է լուծվել. Փաշինյանի ու Ալիեւի գծած սահմանների դեմ դուրս չեն գա այդ սահմանները արյամբ գծած մարդիկ: Բացի այդ` Ալիեւը կլուծի իր երեսնամյա վրեժը: Չի բացառվում, որ ինչ որ ժամանակ անց այդ տղաներին Փաշինյանը (եթե մնա իշխանության) կուղարկի Բաքու` Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների մոտ...
Կարծիքներ