Այլ տարբերակ ուղղակի չկա

Այլ տարբերակ ուղղակի չկա

Արևմտյան աշխարհը հերթական անգամ նշեց կաթոլիկաբողոքական «Քրիսմըսը»: Նշեց բավական լուրջ ու խնդրահարույց իրավիճակում: Նշեց տնտեսաֆինանսական և դրանցից ածանցված՝ կենցաղային բազմաթիվ խնդիրներով բեռնավորված: Պատճառը, բնականաբար, ռուս-ուկրաինական պատերազմն էր: Դրանում արևմտյան երկրների բնակչությունը սկզբում մեղադրում էր Ռուսաստանին: Հետո սկսեց մեղադրել իր իշխանություններին: Չնայած ժամանակին պետք է մեղադրեր դրանց՝ երբ նախկին պայմանավորվածությունները խախտելով՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների ղեկավարությունը որոշեց դաշինքի կազմում ներառել Ուկրաինային: Արհամարհեց ՌԴ նախագահի մտահոգությունները և արդյունքում ստացավ ռուսական ներխուժումը: Իսկ արևմտյան երկրների ղեկավարությանն էլ հուզում է այդ պատերազմի ազդեցությունն իրենց իշխանության վրա: Ու, բնականաբար, մեծ հաշվով անտարբեր է արցախցիների խնդիրների նկատմամբ: Անտարբեր այնքան, որ հիմնականում լուռ է նույնիսկ քարոզչական առումով:

Դժբախտաբար, իրենց կյանքի ճանապարհն ինքնուրույն ի վիճակի չեն բացելու հենց արցախցիները: Եվ ակնկալում են արտաքին ուժերի օգնությունը: Բարեբախտաբար, ակնկալում են ոչ թե տանը նստելով ու խղճահարության զգացում առաջացնելով, այլ այն պայքարով, որ արցախցուն հայ է պահել 1000-ամյա պետականության կորստի պայմաններում: Տրամաբանական կլիներ՝ եթե ասվածին ավելացվեր, որ արցախցու մեջքի կանգնած է հայոց պետականությունը: Բայց իրականությունը բոլորովին այլ է. Հայաստանի իշխանությունն ի դեմս վարչապետի պաշտոնին կառչած Փաշինյան Նիկոլի՝ ձեռքերը լվացել է Արցախի խնդրից: Նրան մտահոգում է ընդամենը ամանորյա տոնածառի պաշտպանությունւը, և դրա նման այլ հարցեր: Հայաստանի իշխանությունը ներկայացնող՝ ավելի ցածր կարգի չինովնիկները՝ թքած ունենալով մեր հայրենիքի մի մասի վրա, զբաղված են իրենց կենցաղային «կայֆերով»: Մնում է, որ արցախցիներն իրենց հույսը դնեն իրենց համառության վրա: Այլ տարբերակ ուղղակի չեմ տեսնում: Որովհետև հայաստանցիների վրա, ինչպես երևում է, հույս դնելն իմաստ չունի: Նրանք իրենց իշխանության նման այս օրերին նույնպես զբաղված են ամանորյա հարցերով: Արդեն երկու տարի է՝ ամաչում եմ, որ հայ եմ: Դժբախտաբար:

Հ. Գ. Չեմ ուզում ավարտել բացասական նոտայով. արցախցիները բողոքում են: Մնում է, որ հայաստանցիները բողոքեն այնպես, որպեսզի Նիկոլը հեռանա: Հեռանա, որպեսզի մենք այլևս չամաչենք, որ հայ ենք: Այլ տարբերակ ուղղակի չկա: