Իսկ դու կարո՞ղ ես այսուհետ քննադատել Նիկոլին

Իսկ դու կարո՞ղ ես այսուհետ քննադատել Նիկոլին

Բրեժնեւյան շրջանի խորհրդային անեկդոտ հիշեցի. Մոսկվայի Կարմիր հրապարակում ռուսն ու ամերիկացին վիճում են, թե որ երկրի քաղաքացին է ավելի ազատ: Ամերիկացին ասում է, որ ինքը կարող է քննադատել ԱՄՆ ղեկավարին, եւ դրանից իրեն ոչինչ չի պատահի: «Իսկ դու կարո՞ղ ես քննադատել Բրեժնեւին»,- հարցնում է ամերիկացին: Փոխանակ ուղիղ պատասխանելու ամերիկացու հարցին, ռուսն ասում է. «ԱՄՆ նախագահին ես ոչ միայն կարող եմ քննադատել, այլեւ նույնիսկ հայհոյել»: 

Մենք, իհարկե, կարող ենք անընդհատ հայհոյել Ռուսաստանի նախագահին եւ մեկ-մեկ՝ ԱՄՆ նախագահին: Ինչո՞ւ եմ խտրականություն դնում: Որովհետեւ 2018-ի մայիսից այս կողմ իշխանության արտաքին քաղաքական ուղղվածությունը փոխվել է, եւ շատ ավելի անվտանգ է հյուսիսի երկրի ղեկավարին քրֆելը: Ձեւականորեն դեռեւս հյուսիսի երկիրը մեզ համար մնում է ռազմավարական գործընկեր, եւ պատերազմից հետո վերջինիս ուղղությամբ նիկոլական դիֆերամբներն ավելի են քաղցրացել, սակայն խորքային իրականությունն այլ է: Իրադրության հերթական փոփոխության դեպքում, այսպես կոչված, ժողովրդի իշխանության հայացքը ոչ ժողովրդավարական հյուսիսից կշրջվի դեպի ժողովրդավարական արեւմուտք: Եթե, իհարկե, Նիկոլի իշխանությունը դեռեւս գործող լինի: 

Լավ, իսկ ինչո՞ւ քրֆելու համար հայացքներս պետք է դարձնենք դեպի հյուսիս կամ արեւմուտք՝ կհարցնի ընթերցողը: Ինչո՞ւ ոչ դեպի սեփական երկրի ղեկավարը՝ չէ՞ որ մենք, ըստ մեր ղեկավար Փաշինյան Նիկոլի, աշխարհի ամենաազատ երկրի «հպարտ» (վերջինն արդեն ժամանակավրեպ ածական է) քաղաքացիներն ենք: Պատասխանեմ՝ ճիշտ այնպես, ինչպես «հպարտը» լքեց մեզ, այնպես էլ նույնն արեց «ազատը»: Ուղղակի առաջինի դեպքում դա տեղի ունեցավ մեկանգամյա եւ տեսանելի արարով, իսկ երկրորդի դեպքում արարները բազմաթիվ էին եւ ժամանակի մեջ ձգված: Եվ այդ պատճառով էլ մենք երկրորդի գործողությունը չնկատեցինք: Ուղղակի իշխանության կողմից օրինագծի տեսքով մեզ հրամցվեց գործողության ավարտը, եւ մենք դրանից հետո միայն գլխի ընկանք, թե ինչն ինչոց է: Իսկ «ազատի» բացակայության դեպքում ոչ միայն քրֆելը պիտի մոռանանք, այլեւ նույնիսկ քննադատելը: Թերեւս մեզ կթույլատրվի միայն մտահոգվել:

Հիշում եք, չէ՞, որ իշխանափոխությունից անմիջապես հետո (ըստ Նիկոլի՝ հետհեղափոխական «ագորային» փուլում) մեզ՝ ՀՀ «ազատ եւ  հպարտ» քաղաքացիներիս, թույլատրված էր միայն մտահոգվել:

Այնպես որ, ինչպես խորհրդային անեկդոտն է հուշում, մենք պետք է մոռանանք մեր երկրի ոչուփուչ, «փրկիչ» ղեկավարին նույնիսկ քննադատելու սովորույթը: Պետք է հրապարակավ աղոթենք Աստծուն, որպեսզի նրան պարգեւի քաջառողջություն եւ երկար տարիների կյանք՝ ի երջանկություն իր երկրի քաղաքացիների: Իսկ որպեսզի խուսափենք սխալներից, պետք է տարին մեկ պետբյուջեի հաշվին պատվիրակություն ուղարկվի... չէ, ոչ թե արեւմուտք, այլ՝ Հյուսիսային Կորեա: Որպեսզի հյուսիսկորեական թրեյներների ու թիչերների (հայերենով՝ մարզիչների) կողմից ուսուցանված ու մարզված մեր պատվիրակները հյուսիսկորեական փորձը փոխանցեն հայաստանյան ուսուցիչներին: Եվ գոհ ու երջանիկ լինենք, որ ապրում ենք պայծառափայլ Փաշինյան Նիկոլի ղեկավարությամբ:     

ՀԳ. Հոդվածի գաղափարի ծննդին նպաստեց Հայաստանում զրպարտության ու վիրավորանքի քրեականացման օրինագիծը, որն առաջարկվել էր ՀՀ դատախազության կողմից եւ որն ընդունվեց մեկ-երկու օր առաջ: Այդ երեւույթներն ապաքրեականացվել էին նախկինների օրոք՝ 2010 թվականին՝ ԵԽԽՎ (Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով) կոչին ի պատասխան: