Спасение утопающего дело рук самого утопающего

Մեկ-մեկ մտածում եմ՝ գործարար ու բարերար Ռուբեն Վարդանյանը ևս սխալվեց՝ ճիշտ ինչպես մենք: Եթե մենք սխալվեցինք մեկ երկրի՝ մեր հայրենիքի, ինքը սխալվեց աշխարհի հարցում: Թե՞ ինքն, այնուամենայնիվ, ոմանց համար մի փոքր ավելի տանելի դարձրեց կրկին դաժանացող աշխարհում ապրելը: Մենք սխալվեցինք, որովհետև հավատացինք պոպուլիստին: Նրան, ով մեզ խոստանում էր այսօր և այստեղ հաստատել համարյա թե երկրային արքայություն: Մոռանալով, որ այն ընդամենը երազանք է, որն ուղեկցել է քրիստոնյա մարդկությանը երկու հազար տարի: Ու երազանքի հետ մեկտեղ ասվել է, որ մինչև դրա հաստատումը բազմաթիվ արկածախնդիրներ կփորձեն դրա անվան ներքո առաջ տանել սեփական շահը: Մենք դա ևս չհիշեցինք, չնայած ամենուրեք ու պատեհ կամ անպատեհ առիթով մեծարում էինք մեզ որպես առաջին քրիստոնյա ազգ: Մոռանալով նաև, որ Հիսուսն, այնուամենայնիվ, ծնունդ առավ մեկ այլ ժողովրդի ծոցում:
Ինչևէ, Ռուբեն Վարդանյանն էլ սխալվեց՝ մտածելով, որ մարդկությունն այնքան է առաջադիմել, որ մարդկային մի խումբ պետք է որ այլևս ձեռք չբարձրացնի իր նմանի վրա: Լինի դա ազգային, ռասայական, մաշկի գույնի կամ այլ հատկանիշների հիման վրա: Ու ժամանակն է, որպեսզի որպես հայ շնորհակալություն հայտնել մարդկությանը, որ 100 տարի առաջ օգնության ձեռք էր մեկնել հայությանը: Ու ցեղասպանությանն ու էթնիկ զտումներին կարելի է վերջ տալ միայն մարդասիրությամբ: Ենթադրում էր, որ իր ու իր նման մի քանի անձի կողմից մարդկությանը հումանիզմի դաս տսլը դրա լավագույն միջոցն է: Նրա գործն առաջադիմում էր, որովհետև որպես հզոր երկրներից մեկի ներկայացուցիչ՝ նրա ձայնը լսելի էր:
Բայց երբ վերջինս դադարեց այդ երկրի քաղաքացին լինելուց՝ ձեռք բերելով հայկական անձնագիր, միջազգային մակարդակում նրա հեղինակությունը պետք է ընկներ: Այդպիսին է մարդկային էությունը. որպեսզի տաղանդավոր մեկը նաև հանրահայտ դառնա, պետք է ներկայանա որպես մեծ հանրության ներկայացուցիչ: Հիշենք մեր մեծերին՝ արվեստագետներին, գիտնականներին, որոնք ստիպված էին մեկնել Մոսկվա, իսկ այնուհետև նաև Արևմուտք: Ի դեպ, փոքր երկրի ներկայացուցիչ լինելու բացասական կողմը երևաց հենց նրա ու նրա ընկերների՝ Բաքվում սկսված դատավարությամբ:
Քիչ է մնում Բաքվի զնդաներում բանտարկված Ռուբենի ու նրա բախտակիցների առումով հիշեմ հայոց բախտի մասին խոսքը: ԱՄՆ-ի Կալիֆորնիայի նահանգում չտեսնված հրդեհներ էին, մեկ-երկու օրից կայանալու է երկրորդ անգամ նախագահ ընտրված Դ. Թրամփի երդմնակալությունը: Շարունակվում է ռուս-ուկրաինական պատերազմը, և այդ ամենը ստվերում է բռնակալական երկրում սկսված դատավարական խեղկատակությունը: Բայց դա այդպես չէր լինի և «հայոց բախտը» հիշելու կարիք չէր լինի, եթե Հայաստանն ունենար ադեկվատ ղեկավարություն: Եվ ոչ թե անհատները կամ հիմնականում տեղական կազմակերպությունները (բացառություններից էր, օրինակ, Amnesty International կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Մարի Ստրութերսի հայտարարությունը) բողոքի ձայն բարձրացնեին ընդդեմ այդ զավեշտի, այլ պետության ղեկավարությունը: Վստահաբար այն ազդեցություն կունենար, եթե նույնիսկ լիներ պարտված երկրի ղեկավարության ձայնը:
Ինչ մնում է ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձի վարքագծին, ապա այն ավելի քան ընկալելի է. Ռուբեն Վարդանյանը վտանգ է ներկայացնում իր իշխանության պահպանման առումով: Եվ ինքը, բնականաբար, ոչիչն էլ չի անելու Բաքվող ընթացող զավեշտը կանխելու ուղղությամբ: Ու մ բան էլ ավելի՝ այդ առումով իր երբեմնի «կիրթ ու կառուցողական գործընկերոջ» հետ խնդիրներ հաստատ չի ստեղծի: Եվ սա այն դեպքն է, երբ, ինչպես ռուսական առածն է ասում, «спасение утопающего дело рук самого утопающего» (խեղդվողն ինքը պետք է իր գլխի ճարը տեսնի):
Կարծիքներ