«Հրապարակ». Մամուլի հարցերը՝ առանց լրագրողների

«Հրապարակ». Մամուլի հարցերը՝ առանց լրագրողների

Արեւմտյան ուժերը, սորոսականների, թրքասեր ու առանց ռուսի Հայաստան երազողների մի մեծ խումբ երեկ մասնակցում էր Իրազեկ քաղաքացիների միավորման կազմակերպած մի միջոցառման, որն ամպագոռգոռ անուն ուներ` կոչվում էր Ժողովրդավարության հայկական ֆորում, որի կազմակերպմանն աջակցել է նաեւ Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը։ Այնտեղ էին Նիկոլ Փաշինյանն ու Վահագն Խաչատուրյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը, ՄԻՊ-ը, նախարարներ, պատգամավորներ, դիվանագետներ։ Ֆորումի խորագիրն էր՝ «Ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանությունը` ազգային անվտանգության մարտահրավերների առկայության պայմաններում», իսկ նպատակը, ըստ կազմակերպիչների՝ «միավորել քաղհասարակության, ՀՀ պետական մարմինների, ԶԼՄ ներկայացուցիչների, դիվանագիտական եւ փորձագիտական համայնքի շահագրգիռ կողմերին՝ համատեղ վերլուծելու եւ քննարկելու Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների առջեւ ծառացած հրատապ խնդիրները` անվտանգային համեմատաբար հին ու նոր մարտահրավերների առկայության պայմաններում»։

Հետո պանելային քննարկումներ են արել՝ նվիրված «մարդու իրավունքներին, հակակոռուպցիոն բարեփոխումներին, մեդիային վերաբերող պետական քաղաքականությանն ու տեղեկատվական մթնոլորտին»։
Անչափ ուշագրավ է, որ մեդիային եւ տեղեկատվական խնդիրներին վերաբերող ֆորումին լրատվամիջոցները հրավիրված չեն՝ նրանք միայն կարող են առցանց ներկայացնել բանախոսների խոսքը, բայց տեղում գտնվել, հարցեր տալ, հարցազրույցներ անել եւ բացահայտել հավաքվածների կեղծ թեզերը՝ չեն կարող։ Անգամ ընդդիմության եւ անկախ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ չկան ֆորումին, որ հակադրվեն, այլընտրանքային կարծիք հայտնեն։ Ժողովրդավարության եզակի պատկերացում ունեն, փաստորեն, եվրոպական կառույցներն ու այս դահլիճում հավաքված «էլիտար» դեմոկրատները։ 

Ի դեպ, սա այս շարքի առաջին ֆորումը չէ՝ երրորդն է։ Այս հավաքույթներով ՀՀ նախկին քաղհասարակությունը ներկայացնող խմբակը եւ արեւմտյան որոշ կառույցներ, ըստ էության, իրենց նպաստն են բերում Նիկոլ Փաշինյանին՝ աջակցելով, որ նրա խարխլված հեղինակությունը որոշ չափով վերականգնվի։ Նաեւ խրախուսում են, որ համարձակ քայլի դեպի «խաղաղության դարաշրջան»՝ ամուր բարեկամություն հաստատելով թուրք-ադրբեջանական խունտայի հետ։