Լավ կլինի ազգին դիմել, ասել` տղերք ջան, մենք չենք կարողանում աշխատել ու գիտակցված հեռանում ենք

Լավ կլինի ազգին դիմել, ասել` տղերք ջան, մենք չենք կարողանում աշխատել ու գիտակցված հեռանում ենք

ՀՀ իշխանությունը, ճիշտ է, երկու լարի վրա փորձում է խաղալ` ենթարկվելով եւ Ռուսաստանին, եւ Արեւմուտքին, բայց վերջին շրջանում որոշակի հակառուսական հայտարարություններ են արվում, դեպի Արեւմուտք ռեվերանսներ: Օրինակ, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, թե Հայաստանի իշխանությունները չեն բացառում նաև այլ գործընկերներին դիմելու սցենարը։ «Հայաստանն առաջնահերթ կարծում է, որ Ռուսաստանի Դաշնության և ՀԱՊԿ կառույցների միջոցով հնարավոր է ճգնաժամը լուծել, բայց եթե մենք չկարողանանք, ինչպես բազմիցս արդեն նշել ենք, ստեղծված ճգնաժամը լուծել գոյություն ունեցող կառուցակարգերով, ապա Հայաստանը ստիպված է լինելու այլ կառուցակարգերին դիմելու, այսինքն` միջազգային այլ գործընկերներին դիմելու, որպեսզի ստեղծված ճգնաժամը լուծենք, բայց մենք առաջնային ենք համարում այս պահին պայմանագրային պարտավորություններով օժտված այն մեխանիզմները, որոնք հնարավոր է գործարկել և ստեղծված ճգնաժամը լուծել, գործարկել առաջնային դրանք», ասել էր Գրիգորյանը:

Զրուցել ենք «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանի հետ:

- Հայաստանի իշխանությունները չեն բացառում նաև այլ` միջազգային գործընկերներին դիմելու սցենարը: ԱԽՔ Արմեն Գրիգորյանն, օրինակ, ակնարկել է, որ հարկավոր է Ռուսաստանի ազդեցությունից հնարավորինս հեռանալ և Արևմուտքին դիմել:

- Հայաստանը 2020 թվականի նոյեմբերից ճգնաժամերի մեջ է գտնվում: Առկա է տնտեսական, բարոյահոգեբանական, ինչպես նաև ավտանգության հետ կապված մեծ ճգնաժամ: Արմեն Գրիգորյանը եթե ակնկարկում է ռուսներին, թե ճգնաժամը հաղթահարել չեն կարողանում, ապա պետք է շեշտենք, որ ճգնաժամ ստեղծողը Հայաստանն է: Իրենք իրենցով ճգնաժամ են ստեղծել, հիմա էլ ասում են, եթե էս հարցը չկարողացանք լուծել, ուրիշներին ենք դիմելու, իսկ հետաքրքիր է` դիմողն ո՞վ պետք է լինի` Հայաստանի գործող իշխանությո՞ւնը: Այն նո՞ւյն իշխանությունը, որը Հայաստանում հազարավոր ճգնաժամե՞ր է ստեղծել ու տակից չի կարողանում դուրս գալ: Ստացվում է, որ այս մարդիկ նույնիսկ չեն կարողանում պայմանագրային պարտավորություններով որոշակի խնդիրներ լուծել և որոշել են այս տարբերոկով հարցեր լուծել:

- Իսկ Արևմուտքին դիմելը կարո՞ղ է իրատեսական լինել, դա կօգնի՞ մեզ, թե՞ նոր վտանգներով է հղի:

- Քանի դեռ այս իշխանությունները կան, վտանգներից եկեք չխոսենք: Իշխանությունը, որ չի կարողանում անգամ պայմանագրային համաձայնագրերը կյանքի կոչել: Պետական ինստիտուտները պետք է աշխատեն` չեն աշխատում: Ստորագրված պայմանագրեր կան, կյանքի կոչել չեն կարողանում, ստացվում է, որ միակ ելքն այս մարդկանց հեռացումն է: Դիմում եք, դիմեք, էն օրն էլ դիմեցիք: ԱԳՆ-ն հայտնում է, թե Ռուսաստանին մտահոոգություններ են հայտնել 2021 թվականի փետրվարին, ի՞նչ է նշանակում մտահոգություններ ենք հայտնել: Լո՞ւրջ: Դրանից հետո ՌԴ Արտաքին գործերի նախարարը հայտնում է, որ ոչ մի գրավոր առաջարկ կամ այլ բան չեն ստացել: 2021 թվականի փետրվարին մտահոգություններ եք հայտնել, հենց նույն 2021 թվականի ապրիլին, մայիսին, հունիսին, հուլիսին, դեկտեմբերին ի՞նչ է փոխվել: 2022 թվականն է ավարտվում, ի՞նչ է փոխվել, մտահոգություններ եք հայտնել ու վե՞րջ.... եթե մի կառավարություն ունակ չէ իր երկրի առաջ ծառացած խնդիրները լուծել, ուրեմն պետք է հեռանա: Առաջին հերթին լավ կլինի հայ ազգին դիմել, ասել` տղերք ջան, մենք չենք կարողանում աշխատել ու գիտակցված հեռանում ենք, էլ չենք կարողանում.... հավաքվեք իրար գլուխ, եկեք, տեսեք ինչ եք անում:

- Արցախում կրկին գյուղեր են հանձնվում թշնամուն: Սա ո՞ւր է հասցնելու մեզ:

- Միայն Արցախում չէ, Հայաստանով մեկ են հանձնում: Քանի՞ կմ տարածք են հասցրել օկուպացնել: Պարտություն բերած իշխանությունից ուրիշ ի՞նչ էինք սպասում: Նրանք միայն կարող են պարտություն բերել: