Անցած տարի ձմեռացման աշխատանքներ եղել են, իմաստ չկա նույն բանը նորից անելու․ Շիրակ Բունիաթյան

Անցած տարի ձմեռացման աշխատանքներ եղել են, իմաստ չկա նույն բանը նորից անելու․ Շիրակ Բունիաթյան

Դեկտեմբերի 9-ին Ջերմուկի «Գրանտ Ռեզորթ» հյուրանոցում տեղի է ունեցել ՀՀ փոխոստիկանապետի, ոստիկանապետի խորհրդականի, ոստիկանության այլ պաշտոնատար անձանց, մարզպետի, Ջերմուկի համայնքապետի և Ջերմուկ համայնքի տասից ավել բնակիչների միջև հանդիպում։ Հանդիպման ժամանակ Ջերմուկի բնակիչներին առաջարկվել է  ձմեռացման աշխատանքներ իրականացնելու նպատակով բացել Ամուլսարի մուտքերը։

«Հրապարակի» հետ զրույցում Ամուլսարի պահապաններից Շիրակ Բունիաթյանը նշեց, որ իրենք դեկտեմբերի 14-ին իրենց որոշման վերաբերյալ հանդես են գալու հայտարարությամբ։

«Այստեղ ճանապարհի բացման տարբերակի մասին չէ խոսքը։ Հարցն այն է, թե ձմեռացման աշխատանքներ կատարելու համար թույլ տալու ենք մտնեն, թե չէ։ Իմ անձնական կարծիքով դա էլ է անհնար, բայց քանի որ Ամուլսարում որոշումները կայացվում է համայնքի կողմից, այս դեպքում կարող է իմ կարծիքը նաև քիչ լինի։ Մինչև հանդիպումը չլինի, հստակ չենք կարող իմանալ։ Անցած տարի, օրինակ, մենք թույլ ենք տվել ձմեռացման աշխատանքներ կատարել։ Այդ աշխատանքներ կատարողներից մի քանիսը Ջերմուկից էին և մենք թույլ ենք տվել մտնել և կատարել իրենց այդ ապրանքների փաթեթավորումները։ Այս տարի այդ նույն տարբերակով ուզում են ինչ-որ մի բան անել, ուղղակի քանի որ անցած տարի փաթեթավորել են և դրանից հետո աշխատանքներ չի եղել, մի տեսակ անհասկանալի է՝ խոսքը ինչի մասին է, իմաստ էլ չկա նույն բանը նորից անելու։ Ես չեմ կարծում, որ համայնքի բնակիչները կողմ կլինեն սա թույլ տալ, բայց եթե նույնիսկ կողմ լինեն, մենք արդեն միասնին կքննարկենք, կհասկանանք»,-նշեց Բունիաթյանը։

Նա հավելեց, որ այս պահին Ապուլսարի պահապանները շարունակում են պոստերում հերթապահություն իրականացնել։