Սեպտեմբերի 4 -ից լրատվամիջոցները գրում են մի արտառոց դեպքի մասին։
Աշտարակի խճուղու մատույցներում գտնվող լողավազաններից մեկի տարածքից առեւանգել են մի կնոջ, որը արտերկրում բավականին ազդեցիկ մարդու կին է։ Ըստ լուրերի, առեւանգողները եղել են Հայաստանի ազգային անվտանգության ծառայության կեղծ համազգեստով։ Ո՞վ է որոշել, որ կեղծ համազգեստ է։ Հավանաբար ուզում են ասել, ԱԱԾ համազգեստով մարդիկ, որ ԱԱԾ-ից չեն՝ կեղծ ԱԱԾ-ականներ են։ Իսկ որ ԱԱԾ եւ այլ ուժային կառույցների համազգեստներն ազատ վաճառվում են՝ փաստ է։
Միայն մեկ որոնումով գտա համազգեստներ, զինվորական պարագաներ ու ակտիվ հանգստի համար տարբեր իրեր վաճառող քսան խանութ՝ «Կամբատ», «Բերետ», «Տակտիկալ բունկեր», «Զորավար», «Սպարապետ» , «Մարշալ», «Մոնթե միլիթրի», «Զիլբաթ», «Դելտա», «Մայ ֆորմ», «Ջեներալ միլիթարի», «Արմի մարկետ», «Ռեզերվ շոփ», «Ալֆա», «Նժդեհ», «Ֆանտոմ», «Հզոր արծիվ», «5,11», «7,11», «Դելտա»։ Այս խանութներում վաճառվում են մեր բոլոր ուժային կառույցների համազգեստները՝ ԱԱԾ, ոստիկանություն, փրկարար ծառայություն, բանակ։
Ոչ մեկի «հացին վայիս չեմ լինում», չեմ ուզում որեւէ մեկի բիզնեսը տուժի, բայց մի՞թե կարելի է ազատ վաճառել անվտանգության եւ ապահովության բաղադրիչ համարվող այդ համազգեստները։
Խանութների առատությունը նշանակում է, որ բոլոր ուժային կառույցների համազգեստների պահանջարկ կա։ Կան խանութներ, որ առաքում ունեն։ Նշանակում է, որ մեր պետությունը լավ չի նայում ուժայիններին, ժամանակին չի թարմացնում համազգեստներն ու ծառայողները սեփական միջոցներով են դա անում։ Այ սա է ողբերգությունը։
Աստված տա առեւանգված կինը ողջ-առողջ տուն վերադառնա։ Բայց ուզում եմ, որ այս առեւանգումը սթափեցնի մեր պատկան կառույցներին, պետությունը սկսի լավ նայել համազգեստավոր մարդուն եւ արգելի ուժային կառույցների համազգեստների վաճառքը։ Նման խանութներում վաճառելու շատ այլ բան կա, այցելեք ու համոզվեք։ Խանութները հաստատ չեն փակվի։
Արեգ Մարգարյան