Փաշինյանը, որ աշխատում է իշխանությունը պահել, արդեն նոր չէ, արդեն 2,5 տարուց ավելի է․ քաղաքագետ

Փաշինյանը, որ աշխատում է իշխանությունը պահել, արդեն նոր չէ, արդեն 2,5 տարուց ավելի է․ քաղաքագետ

Այսօր Զինված ուժերի Գլխավոր շտաբը հանդես եկավ ուշագրավ հայտարությամբ, որի տակ ստորագրել էին գերատեսչության բարձրաստիճան զինվորականները, այդ թվում՝ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը։

ԶՈՒ ԳՇ-ն պահանջում է Նիկոլ Փաշինյանի հեռացումը վարչապետի պաշտոնից՝ հաշվի առնելով գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները, որոնք երկիրը հասցրել են կործանման եզրին:

Հայաստանում շարունակվող քաղաքական ճգնաժամի թեմայով «Հրապարակը» զրուցել է ԵՊՀ Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ, քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանի հետ։

- Ինչպե՞ս կմեկնաբանեք այն, որ Փաշինյանը հիմա էլ փորձում է ամեն կերպ մնալ վարչապետի աթոռին։

- Դե ինքը, որ աշխատում է իշխանությունը պահել, արդեն նոր չէ, արդեն 2,5 տարուց ավելի է։ Հիմա պայքար է իշխանության համար՝ յուրաքանչյուր կողմը կիրառում է իր քաղաքական տեխնոլոգիաները՝ ընդդիմությունն՝ իր, իշխանությունն՝ իր։ Հիմա պարզապես իրավիճակը սրվեց վարչապետի վերջին հարցազրույցի հետ կապված իրադարձություններով։ Հիմա մենք պետք է սպասենք այն զարգացումներին, թե իշխանությունը և ընդդիմությունն այս պայքարում ի՞նչ մեթոդների կդիմեն։ Արդյո՞ք նրանք կդիմեն կոշտ պայքարի մեթոդներին, թե՞ այլ։ Այլի մեջ կարող է մտնել արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը նորից օրակարգ բերելը։  

Հիմա դժվար է որոշել, թե իշխանություն-ընդդիմություն պայքարն ինչ հունով կգնա։ Ամեն ինչ կախված է ընդդիմության վարքագծից և այդ վարքագծին իշխանության կողմից տրվող համարժեք միջոցներից։ Քանի որ մենք չգիտենք՝ որ կողմն ինչ ուղի է ընտրել, ինչ կընտրի այս պահից, որովհետև այս պահը վճռական է։ Վճռական է այն առումով, որ բանակի բարձրագույն սպական կազմը նույնպես պահանջում է վարչապետի հրաժարականը։ Սա արտառոց երևույթ է, երբեք չի եղել հետխորհրդային պատմության ընթացքում։ Դժվար է նաև կանխատեսել, թե հետագա զարգացումներն ինչպես կլինեն, քանի որ առաջին անգամ է նման իրողություն։

 - Ժողովրդի զգացմունքների վրա խաղալու հետ կապված նմանություններ կա՞ն Թրամփի և Փաշինյանի գործողությունների միջև։ Փաշինյանը նախկինի պես կոչ է անում իր աջակիցներին հավաքվել։ Ընդդիմությանը փորձեց ցույց տալ, թե ինքն էլ ունի աջակիցներ։

- Ամերիկյան քաղաքական իրողությունները համեմատել Հայաստանի հետ, ճիշտ չի լինի։ Հայաստանը լրիվ ուրիշ աշխարհաքաղաքական իրավիճակում է գտնվում, մեր խնդիրներն այլ են, և բնականաբար չենք կարող համեմատություն անցկացնել։ Ձևի մեջ կարող է, մի երկու համեմատություն կա։ Բայց ԱՄՆ-ում խոսքը գնում էր ընտրություններից հետո ընտրության արդյունքների վիճարկման մասին, իսկ հիմա Հայաստանում պատերազմի պարտության հետևանքով ստեղծված քաղաքական ճգնաժամի հաղթահարման ելքերի ընտրությունն է։ Ճիշտ է, բազմիցս հայտարարել եմ 2 ամսվա ընթացքում, շեշտել եմ, որ միակ ճիշտ ճանապարհը արտահերթ ընտրություններն են։ Բայց ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը քաղաքական հասունություն չցուցաբերեցին։ Իշխանությունը մե՛կ առաջարկ արեց, մե՛կ օրակարգից հանեց։ Ընդդիմությունն էլ պահանջ դրեց, որ դա անպայման լինի վարչապետի հրաժարականից հետո։ Եվ բնականաբար տապալվեց։ Այնինչ արտահերթ ընտրությունները կլինեին անցնցում, անարյուն քաղաքական ճգնաժամի հաղթահարում։ Թե դրա արդյունքում ո՞վ կմնար իշխանության, կարևոր չէ, կարևորը, որ կհաղթահարվեր քաղաքական ճգնաժամը, և երկիրը 2-3 տարի, գուցե ավելի, կարող էր խաղաղ հունով զարգանալ և հաղթահարել այս հետպատերազմյան դժվարությունները։

- Բայց Փաշինյանի օրոք ընտրությունները չէ՞ր նշանակի վարչական ռեսուրսի կիրառում, որի շնորհիվ նա նորից կմնար իշխանության։

- Դա ընդդիմության հիմնավորումն էր, որն ինչ-որ մի տեղ տրամաբանական էր։ Հայաստանում ընտրությունների ժամանակ իշխանությունները միշտ էլ վարչական ռեսուրսը կիրառել են։ Այո, ճիշտ է, հնարավոր է, բայց հիմնվել դրա վրա և հրաժարվել ընտրություններից՝ որպես քաղաքական ճգնաժամի հաղթահարման միջոց, քաղաքական իմաստով գրագետ չէ։ Որովհետև, դա ես չեմ ասում, այլ՝ մարդկությունը 300 տարի։ Որտեղ որ կան ընտրություններ և ժողովրդավարություն, քաղաքական ճգնաժամերը հաղթահարում են արտահերթ ընտրությունների արդյունքում։