Պատրաստակամ եմ ողջ եռանդս և ներուժս ծառայեցնել

Պատրաստակամ եմ ողջ եռանդս և ներուժս ծառայեցնել

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը հոկտեմբերի 1-ից նոր գործադիր տնօրեն ունի։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը այցելել է հիմնադրամ՝ աշխատակազմի անդամներին ներկայացրել նորանշանակ տնօրեն Արթուր Սողոմոնյանին, որն այդ պաշտոնում փոխարինել է Աշոտ Կիրակոսյանին։  

Արթուր Սողոմոնյանը ծնվել է 1972 թվականին Սևան քաղաքում։ 

1994 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը՝ ստանալով գյուղատնտեսության մեքենայացում մասնագիտությամբ ինժեներ-մեխանիկի որակավորում։

2006 թվականին ավարտել է Հյուսիսային համալսարանը՝ ստանալով «Իրավագիտություն» մասնագիտությամբ դիպլոմավորված մասնագետի որակավորում։

2011 թվականին Երևանի պետական համալսարանի մասնագիտական խորհրդի որոշմամբ շնորհվել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան։

1993-1995 թթ. «Տարբերնյութմեծառ» պետական ձեռնարկության N 14 դուստր ձեռնարկության տնօրեն

1995-1996 թթ. «ՇԱԲ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նախագահ։

1996-2006 թթ. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում՝ նախ որպես առաջատար մասնագետ, այնուհետև՝ գլխավոր մասնագետ։

2006-2016 թթ. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության համայնքային ծառայության հարցերի վարչության պետ։

2016-2019 թթ. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածքային կառավարման վարչության պետ։ 

Արթուր Սողոմոնյանին հարցրինք, թե իր նշանակմամբ, կառույցի աշխատանքային գործունեության քաղաքականության մեջ էական կամ իրատեսական ի՞նչ փոփոխություններ տեղի կունենան ․

«ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում իմ երկարատև աշխատանքային կենսափորձը, այդ թվում՝ սոցիալական ենթակառուցվածքների վերականգնման և զարգացման բնագավառին առնչվող գործունեությունս, թույլ են տալիս միանգամայն հստակորեն պատկերացնել այդ ոլորտի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները. լինի այն նորակառույց կամ վերակառուցված դպրոց, մանկապարտեզ, մշակույթի տուն, մարզական, երաժշտական դպրոց, համայնքային կենտրոն, խմելու և ոռոգման ջրագիծ, առողջապահական կենտրոն և այլն»:

«Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործունեության առանցքը` տարածքային համաչափ զարգացման ապահովման գործընթացում ուրույն դերակատարումն է, որը հիմնականում ուղղված է վարչատարածքային միավորների սեփական պոտենցիալի հիման վրա մրցունակության բարձրացմանը, ինչպես նաև մարդկային կապիտալի զարգացմանը նպաստող ծրագրերի իրականացմանը: Թերևս, միայն կարող եմ հավաստել, որ պատրաստակամ եմ ողջ եռանդս և ներուժս ծառայեցնել, որպեսզի խոշորացված համայնքներում, ինչպես նաև այլ սկզբունքներով կազմավորված համայնքային միավորներում կատարված ներդրումներն առավել արդյունավետ նպաստեն հանրային ոլորտի և բիզնեսի զարգացմանը, էականորեն հզորացնեն համայնքային կարողությունները հանրային ծառայությունների մատուցման ոլորտում»,- ասաց Սողոմոնյանը։ 

Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ Սողոմոնյանը նշեց․

«Մեր երկրում տնտեսության զարգացումն այլ ճանապարհ չունի, քան այն մոտեցումը, որը նպաստելու է, որպեսզի համայնքները հաղթահարեն սպառողի կարգավիճակը և ունենան անհրաժեշտ կարողություն սեփական զարգացմանն ուղղված ծրագրեր իրականացնելու համար: Հիմնադրամը, իր ծրագրերում ներառելով տնտեսական զարգացման այս կարևոր ուղղությունը, դառնում է կառավարության որդեգրած քաղաքականության և համայնքներին կապող օղակը` նպաստելով առավելագույն արդյունավետությամբ իրականացնել այս գործընթացը: Այս առումով կարևորվում է ոչ միայն հանրային ծառայությունների ընդլայնման և դրանց որակի բարելավմանն ուղղված ծրագրերի իրականացումը, այլև միջհամայնքային համագործակցության զարգացման և տարածքների տնտեսական համաչափ զարգացմանը նպաստող ծրագրերի իրականացումը, որոնց թվում են բիզնեսին աջակցումը, համայնքներին ժամանակակից տեխնիկայի տրամադրումը, կայանատեղերի և շուկաների կառուցումը, արտաքին լուսավորության համակարգերի արդիականացումը, ներհամայնքային տրանսպորտային կապի ստեղծումը և այլն:

Ծրագրերն ու անելիքները բազմաթիվ են` Ասիական զարգացման բանկի և ՀՀ կառավարության կնքած միջպետական համաձայնագրի շրջանակներում իրականացվող Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրը, Զբոսաշրջության զարգացմանը նպաստող Տեղական տնտեսությունների և ենթակառուցվածքների ծրագիրը, ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության դրամաշնորհային ծրագիրը, որն ուղղված է համայնքների տնտեսական հզորացման աջակցությանը։ Հիմնադրամի միջոցով իրականացվում են ՀՀ մարզերում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներին ուղղված ՀՀ կառավարության շուրջ 200 ծրագիր, ինչպես նաև մարզերում Համայնքների խմելու ջրամատակարարման համակարգի բարելավման ուղղությամբ նախագծահետազոտական աշխատանքների ևս 50 ծրագիր, որոնք կնպաստեն համայնքների ներքին կյանքի բարելավմանն ու համընդհանուր զարգացմանը: Առաջիկայում ՀՀ կառավարության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրված վարկային համաձայնագրի շրջանակներում իրականացվելու է նաև «Կոտայքի և Գեղարքունիքի կոշտ թափոնների կառավարման ծրագիրը», որով նախատեսվում է Եվրոպական չափանիշներին համապատասխան լուծել աղբահանության խնդիրը։ Այս ծրագիրը կհանդիսանա տիպարային ՀՀ-ում և կձևավորի նոր մշակույթ»: