«ԿամԱԶ»-ների ոդիսականն ու «չերևացող» կոռուպցիան

«ԿամԱԶ»-ների ոդիսականն ու «չերևացող» կոռուպցիան

Երեւանի քաղաքապետարանն ու մասնավորապես քաղաքապետ Հայկ Մարությանը «ԿամԱԶ»-ների թեմայով իսկական «բոլոլա» է սարքել իր անձի եւ քաղաքապետարանի շուրջ։ Մոտ 10 օր առաջ մամուլ լուր սպրդեց, թե Երեւանի քաղաքապետարանին «ԿամԱԶ» մակնիշի աղբատար մեքենաներ են նվիրել։ Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը մեր լրագրողի հարցին ի պատասխան ասել էր, որ հարցում են արել, դեռ պատասխան չեն ստացել, եւ չէր հերքել մեր տեղեկությունը, թե նվիրատվությունը կատարել է իշխանությունների սիրելի օլիգարխ Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունը։ Ապա Երեւանի ավագանու նիստի օրը նույն հարցն ուղղվեց Հայկ Մարությանին ու նրա խոսնակին, ովքեր փրփրաբերան հերքեցին տեղեկությունը։ Իսկ Մարությանը հայտարարեց՝ չի հիշում, թե ով է նվիրողը։ Երեկ, սակայն, տեղի տալով մամուլի ճնշումներին՝ քաղաքապետարանը հրապարակեց նվիրատուների ցանկը, ընդ որում՝ մասնակի, որտեղ առկա էր նաեւ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս հոլդինգ» ՍՊԸ-ի անունը, որը 3 միավոր բազմաֆունկցիոնալ «ԿամԱԶ» է նվիրել քաղաքապետարանին՝ յուրաքանչյուրը մոտ 100 հազար դոլար արժողության։ Սրանից զատ՝ քաղաքապետարանին 10 հատ աղբատար «ԳԱԶ» եւ 4 աղբատար «ԿամԱԶ» մակնիշի մեքենա է նվիրել նաեւ «Ն եւ Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն, որը կառուցապատող ընկերություն է։ Մեկ միավոր «ԿամԱԶ» է նվիրել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանությունը, 1 աղբատար «ԿամԱԶ» էլ՝ «ԷյչԲիԷմ գրուպ» ՍՊԸ-ն։ Իսկ Սարգիս Խուրշուդյանն ու Հայրապետ Հովհաննիսյանը քաղաքապետարանին նվիրել են բեռնատար շասսիով երկու հատ Mercedes Benz Sprinter մակնիշի մեքենա։

Այս ամենից զատ՝ քաղաքապետարանին թանկարժեք՝ մոտ 1.5 մլն դոլարանոց նվիրատվություն է արել նաեւ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը։ Երեկ Դավիթ Խաժակյանն ակնարկեց, որ Խաչատրյանի նվերը քաղաքապետարանին անշարժ գույքի տեսքով է։ Մենք պարզեցինք, որ խոսքը Չարբախում (Աէրացիա, Շիրակի 88/1 հասցեում) կառուցվող քաղաքապետարանի Սանմաքրման եւ աղբահանության հիմնարկի համար նախատեսված ավտոպարկ եւ սպասարկման կենտրոնի շինարարության մասին է, որը, մեր տեղեկություններով, արժե 1.5 մլն դոլար։ Այս շինարարությունը Գագիկ Խաչատրյանի որդիներն անում են որպես նվեր քաղաքին, որի դիմաց նրանց թույլատրվել է Պուշկինի փողոցում, Աֆրիկյանների քանդված շենքի տեղում կառուցվող հյուրանոցի վրա եւս հինգ հարկ ավելացնել։ Կառուցապատողը «Տերյան 5» ՍՊԸ-ն է, որը սկզբում ստացել է 17 հարկանի շենքի թույլտվություն, հիմա, փաստորեն, դարձել է 22 հարկ։
Սամվել Ալեքսանյանը, մեր տեղեկություններով, 3 «ԿամԱԶ»-ները նվիրել է իր կառուցած «Մեգամոլ» առեւտրի կենտրոնի ավարտական ակտի համար։ Բայց քաղաքապետարանն ու իր չարաբաստիկ խոսնակը երեկ մարդկանց փորձում էին հիմարի տեղ դնել, թե «Ալեքս հոլդինգ» ընկերությունը Սամվել Ալեքսանյանի հետ կապ չունի, քանի որ ընկերության տնօրենն այլ անձ է։

Պակաս ուշագրավ չեն նաեւ մյուս նվիրատուների ոդիսականները։ Օրինակ՝ «Ն եւ Ս» ՍՊԸ-ն, որը ներկայացված ցանկում ամենախոշոր նվիրատուն է՝ 14 միավոր տեխնիկա, մեր տեղեկությամբ՝ Դավթաշենում 5-6 շենքի կառուցման թույլտվություն է ստացել։ Այդ շենքերի նախնական թույլտվությունը եղել է 14 հարկի համար, թանկարժեք նվերը մատուցվել է շենքերի հարկայնությունը 4-ով ավելացնելու համար, եւ այժմ կառուցվելու են 18 հարկանի շենքեր։ Մյուս նվիրատուն՝ «ԷյչԲիԷմ գրուպ» ՍՊԸ-ն, նորաստեղծ ու շահույթ չունեցող, ավելին՝ հարկեր չվճարելու պատճառով դատական պրոցեսների մեջ հայտնված ընկերություն է, որը, սակայն, կարողացել է իրեն թույլ տալ մոտ 100 հազար դոլարանոց «ԿամԱԶ» նվիրել քաղաքին։ Այս ընկերության հիմնադիրները չորսն են՝ տրանսպորտի եւ կապի նախկին փոխնախարար Հրանտ Բեգլարյանն ու նրա դուստրը՝ Աննա Բեգլարյանը, Հրաչյա Մինասյանն ու Հրանտ Հախնազարյանը։ Վերջինս նաեւ «Մետրոշինվերանորոգում» բաց բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենն է։
Մենք կապվեցինք Հրանտ Հախնազարյանի հետ, որը հաստատեց քաղաքապետարանին «ԿամԱԶ» նվիրելու փաստը, բայց իրարամերժ պատասխաններ տվեց։

- Պարոն Հախնազարյան, ի՞նչ նպատակով է «ԷյչԲիԷմ գրուպ» ՍՊԸ-ն նման թանկարժեք տեխնիկա նվիրել քաղաքապետարանին։

- Քաղաքի բարեկեցության, քաղաքի մաքրման եւ այլնի համար։

- Իսկ ինչ-որ բանի դիմա՞ց եք նվիրել։

- Չէ, ինչի՞ դիմաց պետք է նվիրեինք։ Նվերն ինչ-որ բանի դիմա՞ց են անում։

- Բայց տարօրինակ է հնչում, որ մարդիկ կարող են հենց այնպես նման թանկարժեք նվեր մատուցել։ Բա առաջ, ասենք՝ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք, ինչո՞ւ չէիք նվիրում։

- Առաջ էլ ենք նվիրել, Դուք չեք իմացել։

- Ի՞նչ եք նվիրել, նախկինում քաղաքապետարանին որեւէ նվեր տվե՞լ եք։

- Այո, քաղաքապետարանին էլ ենք արել, շրջանին էլ ենք արել, հասարակական կազմակերպություններին էլ ենք արել։ Առաջ չի եղել «ԷյչԲիԷմ գրուպ»՝ նախ․․․

- Այդ դեպքում ի՞նչ կազմակերպության միջոցով եք այդ նվերները մատուցել։

- Անհատ՝ որպես, որպես Հրանտ։

- Իսկ «ԷյչԲիԷմ գրուպ» ընկերությունը շահույթո՞վ է աշխատում։

- «ԷյչԲիԷմ գրուպ» ընկերությունը նորաստեղծ ընկերություն է, ինչի՞ համար եք ասում։

- Պարզապես, եթե նորաստեղծ ընկերություն է ու այդքան շահույթ չունի, իսկ «ԿամԱԶ»-ն էլ 30-40 մլն դրամանոց թանկարժեք տեխնիկա է, ձեր նորաստեղծ ընկերությանը որտեղի՞ց այդքան գումար, որ նման խոշոր նվեր է տալիս համայնքին։

- Ես իմ անձնական միջոցներից եմ այդ նվիրատվությունն արել։ Ես փոխառություն եմ տվել այդ կազմակերպությանը եւ իմ անձնական միջոցներով նվիրատվություն եմ արել քաղաքին։

- Բայց այստեղ կառուպցիոն ռիսկ կարող է լինել։

- Կոռուպցիոն ռիսկ ինչո՞ւ պիտի լինի, ոչ մի ակնկալիք չունեմ քաղաքապետարանից։

- Զուտ բարեգործությո՞ւն եք արել։

- Այո, զուտ բարեգործություն։

- Շահույթ չունեցող ընկերության անունից բարեգործությո՞ւն են անում։

- Ես շահույթ ունեմ՝ որպես անհատ, եւ ես իմ կողմից նվիրատվություն եմ արել քաղաքին։

- Այդ դեպքում ինչո՞ւ հենց Ձեր անունից չեք արել այդ նվիրատվությունը, այլ՝ «ԷյչԲիԷմ գրուպ»-ի անունից։

- Ես չգիտեմ, ճիշտն ասած՝ ես ասել էի, որ իմ անունից եմ անում, բայց չգիտեմ՝ ինչի ա «ԷյչԲիԷմ գրուպի» անունը շոշափվում։