Խաղողը

Խաղողը

2011 թ.-ի հուլիսին առաջին գումարտակի առաջին վաշտի, առաջին դասակի երրորդ ջոկը մարտական հերթապահություն էր իրականացնում 19 պոստում: Ահավոր շոգ էր ու ձանձրալի, մենք էլ` սոված ու անլվա: Անձնակազմը բաղկացած էր 8 հոգուց` դիրքի ավագը, խոհարարը ու վեց դիրքապահները: Ընդհանուր առմամբ պարապություն էր տիրում և ամենահետաքրքիր զբաղմունքը կամ քնելն էր կամ էլ մագնիտաֆոնով երգ լսելը: Սպիտակցի Հայկո, Թաթուլ ու ռեպ էինք հիմնականում լսում: Ալարում էինք նույնիսկ ջուր խմել, քանի որը ջուրը սարի ստորոտում էր, կացարանը` մեջտեղում, իսկ խրամատը` սարի գագաթին: 

Թերևս մարտական հերթապահության միակ լուսավոր կետը տուշոնկայով ձվածեղն էր, որը երկու օրը մեկ էինք ուտում, քանի որ քիչ էր: Հա, մեկ էլ բնական հյութն էինք շատ սիրում ու շշերի վրա թանաք էինք լցրել, որ գիշերները թաքուն խմողին բռնացնեինք: Բռնացնեինք ու քացու տակ առնեինք, դե բանակի օրենքն է. ուրիշի փայ ուտելը կամ էլ խմելը երբեք չի ներվում, մահացու մեղք ա: Խրամատ բարձրանում էինք երկու հոգով: Մեկը հակառակորդի շարժը պետք է վերահսկեր արևելյան կողմից, իսկ մյուսը` արևմտյան: Բայց քանի որ այդ շրջանում հիմնականում որևէ շարժ չէր արձանագրվում, ստիպված էինք թողնել մեր դիրքավորման վայրերն ու իրար հետ գյալաջի անել: 

Հետիս տղեն գիտեր, որ մինչև բանակ գալը համալսարանում եմ սովորել և դրանից ելնելով անընդհատ պատմությունից հարցեր էր տալիս ու խնդրում, որ իրեն ինչ-որ բաներ սովորեցնեմ: Ցավոք սրտի, 14 օրվա ընթացքում այդպես էլ չկարողացավ հիշել, թե որոնք են Հայաստանի հարևան երկրներն ու թե որ աշխարհամասում ենք մենք ապրում: Վերջին օրերին հույսս արդեն իսկ կորցրել էի ու խուսափում էի նմանատիպ երկխոսություններից, ճիշտը քնելն էր: Խրամատում մեծ քարերը շատ էին ու քնելու տեսանկյունից չափազանց հարմար: Խրամատում էնքան շատ էինք քնում, որ կացարանում հանգստի ժամին քնելու անհրաժեշտություն այլևս չէր էլ զգացվում: Բայց դա էլ իր դրական կողմն ուներ, քանի որ հանգիստը փոխարինվում էր անցյալի արկածների և հերոսությունների մասին կիսաառասպելական պատմություններ լսելով: Պատմիչի գործն իր վրա էր վերցրել դիրքի ավագը` Եղոն: Ճակատագրի հեգնանքով մարտական գործողությունների մասին սարսափելի պատմություններ պատմող Եղոն հետագայում արժանացավ հենց այդ նույն ողբերգական ճակատագրին: 2014 թ.-ին սպանվեց դիպուկահարի կրակոցից: 

Պատմություններից մեկը բոլորովին վերջերս զորացրված Կյաժի մասին էր, որը տարիներ առաջ անմեղ անզգուշության պատճառով մեռնելուց էր պրծել: Ընդհանրապես խրամատում կամ էլ կացարանի դիմաց հերթապահություն իրականացնողն իր ուղղությամբ շարժ նկատելու դեպքում պարտավոր է ճշտել օբյեկտի ով լինելը: Իհարկե խոսքը հակառակորդի կողմից արձանագրված շարժի մասին չէ, այլ` մեր: Եվ այսպես, Կյաժը գիշերը մոտենում է հերթապահություն իրականացնողին` չլսելով ներկայանալու երկու պահանջներն ու կրակելու նախազգուշացումը: Կամ էլ լսեր էր, բայց կատակի էր տվել` մտածելով, թե իրեն ճանաչել են: Արդյունքում հերթապահը կրակ էր բացել ու այս անհեթեթ, բայց ողբերգական պատմության միակ բախտավորությունն այն էր, որ Կյաժը զրահաբաճկոնով էր եղել, ինչն էլ ըստ էության փրկել էր նրա կյանքը: 

Էս պատմությունից հետո Եղոն, իրեն բնորոշ ղժղժ ու ազդեցիկ տոնայնությամբ, որոշեց, որ պետք է զանգի Կյաժին: Խոսակցությունը շոկային էր: Ինչ կա չկա զուտ հայկական անբովանդակ հարցից հետո Կյաժը հանաքով մեզ ցավեցնելու նպատակով պատմում էր, թե ինչ հրաշալի ա կյանքը բանակից հետո ու հենց էդ պահին ինքը տանը հով-հով պառկած, խաղող ուտելով հեռուստացույց է նայում: Էս խոսակցությունը շոկային էր այնքանով, որ շուրջ երկու տարվա ծառայությունից հետո մենք մոռացել էինք քաղաքացիական իրականության մասին ու ենթագիտակցորեն համակերպվել, որ երբեք չենք ազատագրվելու հողերի ու անապատի դժոխային ճիրաններից:

Էդ պահին ներկա բոլոր տղերքը ֆիզիկական անասելի ցավ զգացին, նրանց դեմքին նշմարվել էր ինչ-որ մի բան շատ ուզելու մանկական ու կամակոր ցանկությունը: Դա անկարողության և անհույս երազանքի ծամածռված մի դրվագ էր, երբ հասուն մարդիկ լացկան երեխայի պես խաղող էին ուզում, բայց խաղող չկար: Նրանք հասկանում էին, որ իրենք չեն կարող հով-հով պառկել ու ոչինչ չանել, գիտակցում էին, որ ստիպված են դեռ երկար ժամանակ անլվա մնալ ու ուտել ռագուով լափը, քանի որ տուշոնկայով ձվածեղը վերջացել էր: 

Այդ օրվանից անցել է տասը տարի, բայց ամեն անգամ խաղող ուտելիս հիշում եմ Կյաժին ու խաղողի մասին այդ չարաբաստիկ խոսակցությունը: Առաջ պարզունակ միրգն այդ տհաճ հիշողություններ էր առաջացնում մեր թշվառ անցյալից, բայց այսօր այն խորհրդանիշն է կարոտի: Կարոտել եմ 19 պոստն  ու երրորդ ջոկի տղերքին, կարոտել եմ օրերն այդ դժվար և առանց խաղողի: