Ես զարմանում եմ, երբ այս երկրում ինչ-որ մի բան իրավական ուղիով է գնում

Ես զարմանում եմ, երբ այս երկրում ինչ-որ մի բան իրավական ուղիով է գնում

Հակապատվաստումային ալիքը հատկապես բարձրացավ կառավարության վերջին հանճարեղ մտահղացումից հետո, երբ որոշեցին, որ բոլորը պետք է պարտադիր պատվաստվեն, իսկ նրանք, ովքեր չեն պատվաստվում, պետք է երկու շաբաթը մեկ, իրենց հաշվին, ՊՇՌ թեստ հանձնեն։ Հակառակ դեպքում գործատուները նրանց կազատեն աշխատանքից, ով էլ չազատի, հավաբանար, կպատժվի պետական մարմինների կողմից։ Այս որոշման դեմ ընդվզող ՀՀ քաղաքացիներին ամենաշատը բարկացնում է այն փաստը, որ պետությունը, փաստորեն, օրենքով արձանագրում է, որ «բոլոր կենդանիները հավասար են, բայց կան կենդանիներ, որ ավելի հավասար են»։ 

«Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իրավաբան է, սակայն այսօր ես ուզում եմ իրավաբանությունից լռել, որովհետեւ նույն այդ նախարարը, լինելով իրավաբան, լրագրողների ներկայությամբ հայտարարում է, որ օրենքը չի վերաբերում որոշ պաշտոնյաների։ Բոլոր իրավաբաններն ուսանող տարիքից գիտեն, որ օրենքի առջեւ բոլորը հավասար են»,- հակապատվաստումային հանրահավաքի ժամանակ հայտարարեց իրավաբան Էմիլ Մարկոսյանը։

Հիշեցնենք, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով՝ պետության կողմից պարտադրվող վակցինացիան չի վերաբերում նախարարներին, պատգամավորներին եւ այլ պաշտոնատար անձանց։

Հիշեցնենք նաեւ, որ այս փոփոխությամբ, իբրեւ թե, հանրության եւ պետության համար կարեւոր նշանակություն ունեցող գործառույթներ իրականացնող անձանց ապահովագրում են վարակվելուց ու իրենց իրավունք են վերապահում նրանց պարտադրել պատվաստվել։ Վերը նշված պայմանը սահմանված ժամկետներում չկատարելու դեպքում միայն սահմանվում է, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձի եւ հանրային ծառայողի կողմից իր պարտականությունները չկատարելը նրա լիազորությունների դադարեցման կամ նրան զբաղեցրած պաշտոնից ազատելու հիմք է, մասնավորապես, եթե անձը վերոնշյալ հիմքով, այսինքն՝ իր աշխատանքային (ծառայողական) պարտականությունների կատարումը չթույլատրվելու հետեւանքով ավելի քան 30 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում` ավելի քան 50 օր, չի կատարել իր աշխատանքային (ծառայողական) պարտականությունները։ 

Նախագծում «բացատրում» են, որ «Հանրային ծառայողներն ու հանրային պաշտոն զբաղեցնողները, իրենց կարգավիճակից ելնելով, օբյեկտիվորեն տարբերվում են այլ ոլորտի աշխատակիցներից, ընդհուպ` իրենց հիմնական իրավունքների եւ ազատությունների որոշակի սահմանափակումների առումով»։ Նախկին դատավոր Պարգեւ Օհանյանի կարծիքով, այստեղ կան խտրականության հիմքով դատարան դիմելու հիմքեր։ «Պարզից պարզ է, որ դա սխալ է, եւ որ չի կարելի պարտադրել։ Հազարումի հարց կա՝ սկսած Սահմանադրությունից, էդ օրենքը հակասելու է, վերջացրած Աշխատանքային օրենսգրքով։ Շատ բան կա, բայց դեռ չեմ պատկերացնում, թե ինչ աստիճանի տեռոր են իրականացնելու»,- ասաց Օհանյանը։ 

Սահմանադրական դատարանի նախկին անդամ Կիմ Բալայանն էլ ասում է․ «Թեման այդքան էլ ինձ հոգեհարազատ չէ, բայց, բոլոր դեպքերում, եթե կա կասկած, իրավապահ մարմինները պետք է գլխավոր դատախազի միջոցով իրենք դիմեն եւ ոչ թե դա թողնեն հասարակական կազմակերպություններին, Մարդու իրավունքների պաշտպանին։ Այս առումով մենք Սահմանադրության 1-ին հոդվածում նշել ենք՝ իրավական երկիր, բայց իրավականություն գոյություն չունի։ Սա է խնդիրը»։ Ի՞նչ նկատի ունեք։ Շատ պարզ բան․ «Ոչ մի հարց այս երկրում չի լուծվում իրավական ճանապարհով։ Չարչյանի կալանքի հարցն իրավական դաշտի հետ կապ ունի՞։ Ամենահասարակ հարցն եմ ասում, որն ակնհայտ է․ ո՞նց կարելի է կալանքի ենթարկել մի մարդու, որի կյանքը վտանգվում է։ Դա միանշանակ խոշտանգում է։ Հասկանո՞ւմ եք՝ երկիրն իրավական ճանապարհով չի գնում, երկիրը գնում է հակաիրավական ճանապարհով»: Նկատեցինք, որ այդ դեպքերի մասին գրեթե ամենօրյա ռեժիմով գրում ենք, խոսքն այն մասին է, որ օրենքով խտրականության մասին դրույթներ են սահմանված։ Սահմանադրական դատարանի նախկին դատավորն ի պատասխան ծիծաղեց․ «Ախր, այնքան խտրականություն կա, ես զարմանում եմ, որ զարմանում եք, որովհետեւ ես հիմա զարմանում եմ միայն այն դեպքում, երբ տեսնում եմ, որ ինչ-որ բան իրավական ուղիով է գնում»։ Ապա ավելացրեց․ «Ինչի՞, երբ ուսուցչին ստիպում են 14 օրը մեկ տեղեկանք բերել, այսինքն՝ 30 հազար ուսուցիչն իր աշխատավարձից պետք է վճարի, տեղեկանք բերի, դա պարտադրում չէ՞, խտրական վերաբերմունք չէ՞»։