Նեղանալու փոխարեն հասեք նրան, որ կիրառվի զենք վաճառելու էմբարգո

Նեղանալու փոխարեն հասեք նրան, որ կիրառվի զենք վաճառելու էմբարգո

Հարցազրույց Քնեսեթի նախկին պատգամավոր, «Հայաստան-Իսրայել» միջազգային ֆորումի համանախագահ Ալեքսանդր Ցինկերի հետ

- Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «The Jerusalem Post» պարբերականին եւ հայտարարել, որ Իսրայելն Ադրբեջանին սատարելու հարցում Թուրքիայի, ահաբեկիչների եւ սիրիացի վարձկանների հետ նույն շարքում է հայտնվել։ Ասել է, որ Իսրայելը թող Հայաստանին առաջարկած հումանիտար օգնությունն ուղարկի վարձկաններին ու ահաբեկիչներին։

- Կարդացել եմ, գիտեք՝ չեմ հասկանում այդ հարցազրույցի նպատակը։ Եթե նպատակն այն է, որ մի հատ էլ Իսրայելի ու Հայաստանի ընդդիմություններն էլ ավելի հեռանան, ուրեմն, սկզբունքորեն, Փաշինյանն իր նպատակին հասել է։ Մի կողմից, Փաշինյանն իրոք պատմեց այն իրավիճակի մասին, որն այսօր կա Արցախում։ Մենք եւս մեկ անգամ չէ, որ խոսել ենք այն մասին, որ անընդունելի է, որ Արցախում պատերազմական գործողությունների ընթացքում օգտագործվում է իսրայելական սպառազինություն։ Եվ, ինչպես գիտեք, Իսրայելում բողոքի ակցիաներ են անցկացվում, մարդիկ դիմում են կառավարությանը, որպեսզի ռազմական գործողությունների ժամանակ սպառազինությունների մատակարարումը դադարեցվի։ Երկրի ղեկավարությունը՝ ո՛չ խորհրդարանը, ո՛չ կառավարությունը, որեւէ կերպ չեն մեկնաբանում իրավիճակը ու նաեւ չեն արտահայտվում, թե Իսրայելն ում կողմից է։ Նրանք պահպանում են չեզոքություն, բայց փաստերը մնում են փաստ, եւ դա այն է, որ Արցախում իսրայելական զենքեր են։ Իհարկե, Ադրբեջանը սպառազինություններ է  գնում թե՛ Ռուսաստանց, թե՛ Ուկրաինայից, թե՛Իսրայելից ու այլ երկրներից, բայց Հայաստանը, որքան ես եմ հասկանում, ընտրել է գլխավոր մեղավորին՝ Իսրայելը։ Դրա համար հետ կանչեցիք Ձեր դեսպանին։ Մի խոսքով, միանգամայն սպասելի արձագանք։ Միայն թե այնքան էլ հասկանալի չէ, թե ինչու է այդ արձագանքն ընտրողական՝ միայն Իսրայելի նկատմամբ։ Ինչ վերաբերում է հումանիտար աջակցությանը․ մի կողմից, իրոք, եթե Իսրայելը սպառազինություններ է մատակարարում Ադրբեջանին, ու մեկ այլ ինստիտուտ էլ առաջարկում է հումանիտար օգնություն, ի դեպ, որքանով ես եմ հասկանում՝ սա երկրի նախագահի կողմից է եղել, ոչ թե ռազմարդյունաբերական համալիրի, ապա կարող եմ մի բան ասել՝ Իսրայելը պետք է առաջարկեր, իսկ Հայաստանը պետք է մերժեր։ Եվ այս առումով երկու երկրների․․․ ինչպես ասեմ՝ դիվանագիտական պահվածքը հասկանալի է։ Իսկ  Փաշինյանի արտահայտությունն այն մասին, թե ում Իսրայելը փոխանցի այդ հումանիտար օգնությունը, ավելի լավ է՝ մնա իր խղճին։ Հուսով եմ՝ սա ավելի շատ զգայական արտահայտություն էր, որովհետեւ Իսրայելը ոչ մի ահաբեկչի ոչ մի զենք չի մատակարարել։ Ասեմ, որ Փաշինյանի այդ արտահայտությունը շատ գեղեցիկ է PR տեսանկյունից, ինչին նա հասավ բոլոր պարբերականներով ու հրապարակումներով, թե տեսեք ի՜նչ «կռուտոյ» վարչապետ է, որն այսպիսի բաներ է ասում։ Բայց ես կարծում եմ, որ եթե, այնուամենայնիվ, ուզում ենք ինչ-որ բանի հասնել, որ իրապես այս ամենը կանգնեցվի, կամ գոնե սկսեն խոսել այդ մասին, ապա չեմ կարծում, որ այդ արտահայտությունները կնպաստեն խնդրի լուծմանը։

- Պարոն Ցինկեր, Իսրայելի համար Ադրբեջանը նաեւ նավթի մատակարար է, ինչի դիմաց էլ վճարում է սպառազինությամբ։ Ինչպե՞ս է դա հնարավոր։

- Սա գործարք է, որ, այո, շարունակվում է, քանի որ այն շահեկան է։ Մենք որեւէ տեղից նավթ չենք կարող ստանալ եւ հիմնականում, այո, այնտեղից ենք ստանում։ Ճիշտ է՝ հիմա պայմանագրեր ենք կնքում նաեւ Նեղուցի արաբական երկրների հետ, եւ կարծում եմ՝ շուտով նավթ կստանանք նաեւ Կարմիր ծովից։ Նաեւ մենք ունենք Կարմիր ծովից Սեւ ծով նավթամուղ։ Բայց այսօր մեր նավթի 40 տոկոսը դեռ ստանում ենք Ադրբեջանից եւ, այո, ռազմական տեխնիկա ենք այս երկրին մատակարարում։

- Բայց իրատեսական համարո՞ւմ եք, որ Իսրայելը միլիարդավոր դոլարների գործարքներից հրաժարվի։

- Տեսեք, ռազմական էմբարգոներ կան, երբ արգելվում է տարբեր պատճառներով տարբեր երկրների մատակարարել սպառազինություն։ Պատճառները տարբեր են, նորից եմ ասում՝ ինչ-որ մի տեղ ռեժիմ է, որին միջազգային հանրությունը ոչ ճիշտ է համարում, կամ․․․ Ասածս այն է, որ եթե վաղը ՄԱԿ-ն ընդունի որոշում, որ անհրաժեշտ է Իսրայելի նկատմամբ կիրառել Ադրբեջանին սպառազինություններ մատակարարելու էմբարգո, ապա Իսրայելը դա չի անի։ Կարծում եմ՝ ահա սրա վրա է, որ հայկական կողմը պետք է աշխատի, ոչ թե նեղանա Իսրայելից կամ նրա հետ կռվի։ Կարծում եմ՝ միանգամայն իրատեսական է հասնել նրան, որ եթե ոչ ընդմիշտ, ապա գոնե առժամանակ այդ մատակարարումները դադարեցվեն։