Ինչ է սպասվում Անդրանիկ Փիլոյանին

Ինչ է սպասվում Անդրանիկ Փիլոյանին

Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանն սեպտեմբերին Հակակոռուպցիոն առաջին ատյանի դատարանի դատավճռով մեղավոր ճանաչվեց պաշտոնական լիազորությունների չարաշահման, խոշոր չափերով կաշառք ստանալու, խոշոր չափերով խարդախության համար, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ։

Դատարանը նրան դատապարտել է 4,5 տարվա ազատազրկման եւ 3 տարի ժամկետով զրկվել է որոշակի հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնելու իրավունքից, բացի այդ, նշանակել է տուգանք՝ 1 միլիոն 300 հազար դրամի չափով։ Դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հօգուտ Հայաստանի նախատեսվում է Անդրանիկ Փիլոյանից բռնագրավել 860 հազար դրամ: Այսինքն, պատճառած վնասն այդքան է:

Փիլոյանի պաշտպան Անդրանիկ Մանուկյանից հետաքրքրվեցինք՝ բողոքարկե՞լ են Վերաքննիչ դատարան, որոշո՞ւմ կա, ասաց՝ այո, բողոքարկել են, դեռեւս քննության փուլում է բողոքը։ Ըստ նրա՝ ինտենսիվ նիստեր են նշանակվում եւ տեղի ունենում։ Բողոքը քննվում է բանավոր ընթացակարգով։ Նախագահող դատավորը Անի Մարտիրոսյանն է։

Նշենք, որ գործով նաև այլ անձինք, այդ թվում՝ ԱԻՆ այլ պաշտոնյաներ են անցնում։ Հակակոռուպցիոն դատարանը սեպտեմբերին նաև մյուսների մասով դատավճիռն էր հրապարակել՝ գործով մեղավոր են ճանաչվել ԱԻՆ «ՀԱԷԿ»-ի պահպանության հատուկ հրշեջ ջոկատի խմբի հրամանատար Արտակ Բեյբությանը (ազատազրկում 1 տարի, որը պայմանականորեն չի կիրառվել), Փիլոյանի մտերիմ Վիգեն Գրիգորյանը (ազատազրկում 8 տարի), Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Արթուր Օհանյանը, ՓԾ թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության տեխնիկայի և սարքավորումների վերանորոգման բազայի պետ Վիգեն Մկրտչյանը (տուգանք՝ 300 հազար ՀՀ դրամի չափով, ազատազրկում՝ 2 տարի, որը պայմանականորեն չի կիրառվել), ԱԻՆ պետական ռեզերվների գրասենյակի ղեկավար Հրաչյա Երեմյանը (տուգանք՝ 500 հազար դրամի չափով) և Փիլոյանի խորհրդական Աշոտ Հակոբյանը (տուգանք՝ 1 մլն դրամի չափով)։ Իսկ ԱԻՆ-ից նյութական և այլ կախվածության մեջ գտնվող «Սօս Սիստեմս» ընկերության համահիմնադիր Արա Յաղջյանն արդարացվել է։

Անգամ դատավճռից եւ պատժաչափերից ակնհայտ է դառնում, որ այս պարագայում լուն ուղտ են սարքել` չխնայելով ոչ միայն Ազգային հերոսի կոչում ունեցող գեներալ Անդրանիկ Փիլոյանին, այլ նրա հետ աշխատած մեծ թվով մարդկանց, որոնց ոչ միայն վարկաբեկեցին հիմնովին, այլեւ տարիներ շարունակ քննչական ու դատական ատյաններով քարշ տվեցին: