Մեզ համար տարօրինակ էր ու անհասկանալի, թե ինչու չի հրավիրվել ԲԴԽ նախագահը

Նոյեմբերի 30-ին Նիկոլ Փաշինյանն իր մոտ էր հրավիրել իրավապահ և դատական համակարգի ներկայացուցիչներին։ Հանդիպմանը մասնակցել են ՀՔԾ պետը, դատախազը, Քննչական կոմիտեի նախագահը, նաև տարբեր դատարանների նախագահներ ու ԲԴԽ չորս անդամ՝ Անի Մխիթարյանը, Սերգեյ Չիչոյանը, Վիգեն Քոչարյանը, Լիպարիտ Մելիքջանյանը։ Ինչո՞ւ չորս, որովհետև, մյուսներին, այդ թվում՝ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարազարյանին, պարզվեց, հրավեր չի եղել։ Այս հանդիպումն անմիջապես ընկալվեց և մամուլում էլ մեկնաբանվեց որպես Փաշինյանի կողմից դատական իշխանության նկատմամբ հերթական ճնշում գործադրելու, նրանց աշխատանքին միջամտելու փորձ, հատկապես, որ փորձ է արվել քննարկման առարկա դարձնել առանձին քրեական գործեր։ Եվ, մեր տեղեկություններով, ԲԴԽ անդամները բավականին կոշտ ելույթ են ունեցել՝ հասկացնելով գործադիրի ղեկավարին, որ անընդունելի է իրենց համար նման ձևաչափով քննարկում կազմակերպելը և դատավորների հետ առանձին քրեական գործերի մասին խոսակցությունը։
Այս թեմայով մենք զրուցեցինք հանդիպմանը մասնակցած ԲԴԽ անդամներից Սերգեյ Չիչոյանի հետ։ Նախ հարցրինք՝ ինչպե՞ս է ստացվել, որ Բարձրագույն դատական խորհրդի ինն անդամներից միայն չորսն են մասնակցել, մյուսներին հրավեր չէ՞ր եղել։
«Նախ ցանկանում եմ նշել, որ հանդիպման հրավերը ստացել եմ 1-1.5 ժամ առաջ։ Հրավերն իմ ու նաև իմ գործընկերների համար անակնկալ էր, նաև թե ինչի համար է ԲԴԽ ընդամենը չորս անդամներիս հրավեր եկել։ Հանդիպման ձևաչափից որևէ տեղեկություն չենք ունեցել, չէր ասվել՝ ինչի շուրջ է լինելու խոսակցությունը։ Կոնկրետ ես մտածում էի՝ հանդիպումը լինելու է միայն ԲԴԽ անդամների հետ։ Մինչև կառավարություն գնալը ԲԴԽ անդամներով քննարկել էինք գնալ-չգնալու խնդիրը։ Նաև մեզ համար տարօրինակ էր ու անհասկանալի, թե ինչու չի հրավիրվել ԲԴԽ նախագահը։ Հավելեմ նաև, որ ըստ օրենքի՝ ԲԴԽ նախագահն է դատական իշխանությունը ներկայացնում այլ մարմինների հետ հանդիպումներում։ Ի վերջո, մեզ մոտ քննարկման արդյունքում որոշվեց հրավերը չմերժել, գնալ՝ նկատի ունենալով, որ հնարավոր է՝ խոսակցություն գնա դատաիրավական բարեփոխումների մասին»,-ասաց պարոն Չիչոյանը։
Նա նաև նշեց, որ իրենք ԲԴԽ-ի կողմից բազմիցս դիմել են կառավարությանը դատական իշխանության բարեփոխումների, հաստիքների հետ կապված, քանզի դատավորներն աշխատում են անմարդկային ծանրաբեռնված, բացի այդ կան մի շարք այլ խնդիրներ, որոնք պետք է լուծվեն կառավարության կողմից, սակայն որևէ արձագանք չի եղել։ Ուստի մտածել են, որ հանդիպումը դրա մասին է, սակայն դահլիճում արդեն հասկացել են, որ լրիվ այլ հանդիպում է, որին մասնակցում են նաև այլ կառույցների ղեկավարներ։
-Դուք հանդիպմանը գնալ-չգնալու հարցը քննարկե՞լ եք այն անդամներով, որոնք հրավեր էին ստացել, թե՞ ամբողջ ԲԴԽ կազմով։
-Երբ որ հավաքվեցինք, հավաքվել էին նաև դատարանների նախագահները, ում հրավիրել էին, և ԲԴԽ նախագահն էդ պահին դուրս եկավ, ասաց՝ դուք ինքներդ որոշեք գնալ-չգնալու խնդիրը, քանի որ իրեն հրավեր չկար, ինքը թողեց մեզ մենակ՝ չմասնակցելով քննարկմանը։
-Տեղեկություն կար, որ ԲԴԽ անդամներից ոմանք մերժել են հրավերը և չեն ցանկացել մասնակցել հանդիպմանը։
-Չկա նման բան, ով հրավեր ստացել է, բոլորն էլ մասնակցել են։ Իսկ հրավեր ստացել են, ինչպխես նշեցի, ԲԴԽ չորս անդամ։
-Իսկ Ձեզ համար պա՞րզ էր, թե ինչու էին ԲԴԽ ինն անդամներից ընդամենը չորսին հրավեր ուղարկել, ինչ-որ ընտրողական մոտեցո՞ւմ կար։
-Մինչև էս պահը, համենայնդեպս, ինձ համար անհասկանալի է՝ ինչու հենց այդ չորս անդամը, ի՞նչ ձևաչափով, ի՞նչ կարգով է որոշվել, թե ով է գնալու, ինչո՞ւ մենք չորսով։
-Իսկ հրավերի մեջ ինչպե՞ս էր նշված՝ ի՞նչ հանդիպման են ձեզ հրավիրում։
-Հրավերը որպես այդպիսին չի եղել, ինձ զանգել են մեր աշխատակազմից և ասել, որ ժամը 2-ին վարչապետի մոտ ինչ-որ քննարկում է դատարանների հետ կապված, գրավոր հրավեր չի եղել։
-Լավ, ի՞նչ եք քննարկել, ի՞նչ հարցեր են շոշափվել այդ հանդիպմանը, և դուք ինչպե՞ս եք արձագանքել։
-Չեմ ցանկանում անդրադառնալ փակ քննարկման թեմաներին, սակայն նշեմ, որ մեր՝ ԲԴԽ անդամների և դատարանի նախագահներից մեկի կողմից բարձրաձայնվեց, որ դատական իշխանության հետ համագործակցություն կարող է լինել միայն օրենքի շրջանակներում, և որ գոյություն ունի դատական եռաստիճան համակարգ, և եթե որևէ գերատեսչություն, որևէ քննիչ խնդիր ունի դատարանի կողմից կայացված դատավճռի, վճռի կամ ինչ-որ որոշման հետ, միմիայն կարող է լուծվել օրենքի շրջանակում՝ օրենքով սահմանված կարգով․ բողոքարկման ինստիտուտ գոյություն ունի։ Այլ ձևաչափով մենք իրավունք չունենք, չենք էլ կարող քննարկում ունենալ։
-Այսինքն՝ նման հա՞րց է քննարկվել, օրինակ՝ առանձին քրեական գործեր, որ ձեզ մոտ նման արձագանք է առաջացրել։
-Ես սկզբում ասացի՝ չեմ ցանկանում քննարկման թեմային անդրադառնալ, բայց եթե մենք նման պատասխան տվեցինք՝ կար նման փորձ։
-Իսկ ինչպիսի՞ն է եղել վարչապետի և մյուսների արձագանքը ձեր այս դիտարկումներին։
-Մեր դիտարկումից հետո բոլորը, կարծում եմ, հասկացան, որ դատական իշխանության հետ հնարավոր է խոսել միայն օրենքով։
-Իսկ իրավապահ կառույցների ղեկավարներն ի՞նչ դիրք էին բռնել, ի՞նչ մոտեցում ունեին այս հարցում։
-Դե, իրենք չեն արտահայտվել մեր ասածից հետո, բայց, բնականաբար, իրենք սկզբնամասում իրենց դժգոհություններն ունեին արտահայտելու՝ արտահայտեցին։
-Ինչի՞ վերաբերյալ, կոնկրետ քրեական գործերի՞, թե՞ հանդիպման ձևաչափի կամ ձեր դիտարկումների։
-Ես սկզբում ասացի՝ չքննարկենք, հա՞, ներսի խոսակցությունը։ Եթե Դուք հարցնում եք, դատական իշխանության դիրքորոշումը ես ասացի, որը ԲԴԽ անդամների կողմից բարձրաձայնվել է։ Եվ նաև մամուլում ինչ որ լուրեր կարդացի, որ սա էս նպատակով է գնացել, էն մեկը սրա մարդն է, էն մեկը նրա մարդն է, կարծում եմ՝ դա սիրուն չէ, և որևէ մեկը որևէ մեկի մարդը չի։ Իմ մասով նույնիսկ կարող եմ ասել, որ գրել էին՝ իբր Հարությունյան Գագիկի մարդն եմ եղել։ Հարությունյան Գագիկին ճանաչել եմ առաջին աշխատանքային օրը։ Այնպես որ, ես ուզում եմ, որ ավելորդ շահարկումներ չլինեն դատական իշխանության մասով, որ որևէ դատավոր, որևէ մասնակից որևէ շահագրգռվածություն չի ունեցել այդ հանդիպմանը գնալու, որովհետև սկզբից բոլորս էլ չէինք հասկանում՝ ինչի մասին է խոսակցությունը։ Մտածում էինք՝ միգուցե մեր լավի համար են կանչում։
-Իսկ ովքեր ելույթ են ունեցել, նրանք բոլոր ԲԴԽ անդամների տեսակե՞տն են արտահայտել, բոլորդ համաձա՞յն եք եղել՝ թե՛ մասնակցած, թե՛ չմասնակցած անդամներդ։
-Ելույթ են ունեցել Անի Մխիթարյանը, ես և Լիլիթ Թադևոսյանը, երեքս էլ՝ նույն ոճով։ Բոլորիս խոսակցության թեման նույնն է եղել։ Եվ, բնական է, մյուսներն էլ են այն կարծիքին, որ որևէ մեկն իրավունք չունի միջամտել դատական իշխանության գործունեությանը։
Կարծիքներ