Ի՞նչ է տալիս արտակարգ դրությունը էպիդեմի՛կ, ոչ քաղաքական առումով

Ի՞նչ է տալիս արտակարգ դրությունը էպիդեմի՛կ, ոչ քաղաքական առումով

Սերբիայի մայրաքաղաքում քանի օր է բողոքի ակցիաներ են, և ցուցարարները ոստիկանների հետ բախումներից հետո անգամ կարճ ժամանակով գրավեցին երկրի օրենսդիր մարմինը՝ այսկերպ դժգոհելով  երկրում արտակարգ դրությունը նորից երկարաձգելու նախագահ Ալեքսանդր Վուչիչի մտադրության դեմ։

Հայաստանում ևս իշխանությունը մտադիր է արդեն չորրորդ անգամ երկարաձգել արտակարգ դրության իրավական ռեժիմը։ Քաղաքական ընդդիմության կարծիքով՝ արտակարգ դրությունը բացառապես քաղաքական նպատակներով օգտագործելու, հավաքներ ու բողոքի ակցիաներ թույլ չտալու համար։ Այնուամենայնիվ, արտակարգ դրության իրավական ռեժիմն ի՞նչ է տալիս համաճարակաբանական տեսանկյունից։ Հարցն ուղղում ենք համաբաճարակաբան Ռուբեն Հովհաննիսյանին։  Վերջինիս խոսքով այս պահին արդեն արտակարգ դրությունն այլևս ոչնչով չի նպաստում համաճարակի նվազմանը։ Բժիշկ-համաճարակաբանն անգամ վստահ չէ, որ կարանտինային միջոցների նոր խոստացումները կարող են եղանակ փոխել այս փուլում։  «Հաշվի առնելով, թե վարակի փոխանցման հիմնական ուղին որն է, կարանտինը որևէ շոշափելի բան չի տալու, որովհետև վարակն այն աստիճան է դուրս եկել վերահսկելիությունից, որ ․․․ կարող է՝ մի փոքր մի բան, այն էլ՝ խստագույն կարանտինի դեպքում»։ Այսինքն՝ Ռուբեն Հովհաննիսյանի գնահատմամբ այս պահին միակ էֆեկտիվ միջոցն այն կլիներ, որ առողջապահական համակարգն այնպես կազմակերպեր գործունեությունը, որ հետազոտությունն ու բուժումը մաքսիմալ հասանելի լիներ մարդկանց համար։ «Ըստ որում՝ ժամանակին բուժումը և նորմալ բուժումը, ոչ թե այն ձևով, ինչպես հիմա ստիպված պոլիկլինիկաներն են զբաղվում։ Այսինքն, երբ պացիենտը կարող է օրերով խորհրդատվություն չստանա և այլն։ Այլ լիարժեք բուժսպասարկում լինի»։

Իսկ այժմ հարցի քաղաքական կողմի մասին։ Իրավունք ունի՞ ընդդիմությունը կասկածել, ավելին՝ համոզված լինել, որ արտակարգ դրությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանը անընդհատ երկարաձգում է քաղաքական պատճառով։ Հարցն ուղղում ենք քաղաքագետ Մանուկ Սուքսիասյանին։ Վերջինիս խոսքով՝ վիճակը երկակի է․և՛ իրավիճակն է դժվար կառավարելի, և՛ այն ծառայեցվում է քաղաքական նպատակների։«Այն, որ իրականում համաճարակաբանական վիճակը կատաստրոֆիկ է, և իշխանությունը չգիտեն ոնց այլևս դեմն առնեն, այստեղ երկու կարծիք  լինել չի կարող։ Միևնույն ժամանակ, այո, կարող են դրա անվան տակ փորձեն կանխել քաղաքական գործընթացներ, որովհետև եթե անըդհատ երկարաձգում ես արտակարգ դրությունը և թույլ չես տալիս որևէ հրապարակային միջոցառում, այո, դա հոգուտ իշխանությունների է։Մյուս կողմից, բոլոր նրանց, ովքեր ասում են, որ կարելի է վերացնել արտակարգ վիճակը, մի դիտարկում եթե արտակարգ իրավիճակը վերանա, պարետատունը վերանա, ապա այդ պարագայում հարց է առաջանալու ով և որ կետով է իրավունք ունենալու ինչ-ինչ ոլորտներում մտցնել ինչ-ինչ սահմանաափկումներ։ Կարող են ծագել, այսինքն, իրավական որոշ խնդիրներ»։ Մանուկ Սուքիասյանը ասում է, որ այս կատաստրոֆիկ ցուցանիշներն ունենալու դեպքում առնվազն տարակուսելի են իշխանության «երեկոյան ժամերգության նմանվող» ճեպազրույցները։

Մանուկ Սուքիասյանին հարցրեցինք՝ իր կարծիքով, այնուամենայնիվ, ո՞ւմ մեղավորությունն էր, որ հասանք այս կետին, որովհետև մարդիկ էլ, եթե անկեղծ, հիմնականում՝ պարտաճանաչ կրում են դիմակ, ախտահանում են ձեռքերը։ Մանուկ Սուքիասյանը համաձայն է՝ գերակշիռ մասը հիմա արդեն կրում է դիմակ, բայց կարող են հավաքներ անել տներում, հյուր գնալ, և որպես ասիմպտոմ հիվանդ նորից տարածել վարակը։ «Ահա այդ ամենի պատճառահետևանքային կապը գալիս է փետրվար-մարտ ամիսներին իշխանությունների կողմից կորոնավիրուսի վերաբերյալ անլուրջ, ոչ հետևողական, իրավիճակի ողջ լրջությունը չընկալելու այդ վարքագծից։Ամենացցունն էլ եղել է վարչապետի անլուրջ վերաբերմունքն այդ ամենին։Առողջապահության նախարարն էլ 3 ամսվա մեջ 5-6 անգամ տեսակետ փոխեց, թե դիմակներ պե՞տք են, թե չէ, օգնում ե՞ն, չեն օգնում, բաց տարածքներում, փակ»,-կարծում է Մանուկ Սուքիասյանը։

Այսինքն՝ նրա հստակեցմամբ՝ իշխանությունը չունի վարակի տարածման դեմն առնելու ստրատեգիա, ինչն առաջացնում է թերահավատություն վարակի գոյություն չունենալու մասին համոզվածներին՝ համաշխարհային դավադարության կողմնակիցներին։ «Թե չէ, այ դուք սենց եք, այ դուք նենց եք, մենք ուզում էին ավելացնել տուգանքները, բայց լավ, բարի են, չենք անում․․ շատ պարզունակ է այդ ամենը։ Ընդհանուր առմամբ, հակահամաճարակային պայքարում, ինչպես և այլ բաներում իշխանությունների մոտ տեսնում ենք ռազմավարության բացակայություն»։