Իրանը փորձում է ավարտել Ռաշտ-Աստարա մայրուղու երկարացումը դեպի Բաքու․ Էսլամի

Իրանը փորձում է ավարտել Ռաշտ-Աստարա մայրուղու երկարացումը դեպի Բաքու․ Էսլամի

Իրանը և Ադրբեջանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել երկաթուղային ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մոհամմադ Էսլամին չորեքշաբթի օրը հայտարարել է, որ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Շահին Մուստաֆաևի հետ հանդիպման ժամանակ երկու երկրների միջև ստորագրվել է երկաթուղային ենթակառուցվածքի զարգացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր:

Էսլամին վերահաստատել է, որ փոխըմբռնման հուշագիրը ներառում է նաև Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք միջանցքների ավելի լավ իրականացումը:

Հաջորդիվ իրանցի նախարարը նշել է, որ «Ադրբեջանի Հանրապետություն կատարած իր մեկօրյա այցի ընթացքում այցելել է Աստարայի, Նախիջևանի և ազատագրված տարածքների [նկատի ունի Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմի հետևաքնով Արցախցի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքները] երկաթուղային և ճանապարհային ենթակառուցվածքներ»։

Ճանապարհների և քաղաքաշինության նախարարը նաև ասել է, որ «Իրանը փորձում է ավարտել Ռաշթ-Աստարա մայրուղու երկարացումը դեպի Բաքու, որի բացմանն ընդառաջ Աստարա-Բաքու ուղևորության տևողությունն ներկայիս 6 ժամից կնվազի ընդամենը երկու ժամվա»:

Էսլամին հավելել է, որ ստուգել է նաև Նախիջևանի տարածաշրջանում գոյություն ունեցող երկաթգիծը, որը «Հյուսիս-հարավ միջանցքի կարողությունների մեջ է և նախկինում 7 միլիոն տոննա բեռ էր տեղափոխում Խորհրդային Միության ժամանակաշրջանում»:

Ռաշթն Իրանի Իսլամական Հանրապետության հյուսիս-արևելյան Գիլան նահանգի կենտրոնն է։ Նահանգն ընկած է Կասպից ծովի ափին։ Գիլանը սահմանակից է Ադրբեջանի Աստարայի շրջանի հետ, որի կենտրոնն է Աստարա քաղաքը։ Նույնանուն քաղաք կա նաև Գիլան նահանգում։ Աստարան սահմանակցում է ադրբեջանական համանուն քաղաքի հետ։

Հունիսի 9-ին «Իռնա» լրատվական գործակալությունը գրել էր, որ Իրանի ճանապարհային ու քաղաքային զարգացման նախարարը հանդիպել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Գերագույն ժողովի նախագահ Վասիֆ Թալիբովի հետ։

Կողմերը քննարկել էին էներգետիկ ու փոխադրումային ոլորտներում համագործակցությունը, ինչպես նաև Նախիջևան-Մաշհադ երկաթգիծը գործարկելու և Իրանի միջով Նախիջևանի և Ադրբեջանում այլ տարածքների միջև կապ ստեղծելու հարցը:

Համաձայն հրապարակման՝ Թալիբովը ողջունել էր «տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակը` ասելով, որ դրանից կարող են օգտվել տարածաշրջանային բոլոր երկրները, այդ թվում` Հայաստանը»:

Թալիբովն նաև ասել էր, որ «Նախիջևանն օգտագործել է բոլոր հնարավորություններն ու կատարել բոլոր ներդրումները երկաթուղային ու ճանապարհային հատվածներում» ու հավելել, որ «երկիրը փոխգործակցություն հաստատելու հարմարություններ է ստեղծել տարածաշրջանային պետությունների համար»:

Մաշհադ քաղաքն Իրանի հյուսիս-արևելյան Ռազավի Խորասան նահանգի [սահմանակից է Թուրքմենստանին և Աֆղանստանին] կենտրոնն է։

Համաձայն իրանական «Մեհր» լրատվական գործակալության՝ մայիսի 26-ի հրապարակման  Մոհամմադ Էսլամին ասել էր․ «Ինչ վերաբերում է վերջին իրադարձություններից հետո Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ հուշագրին, ապա ջանքեր են գործադրվում Նախիջևանի միջոցով Թավրիզ-Ջուլֆա գնացքը միացնել Երևանին ու Թբիլիսիին»:

Վերոնշյալից կարելի է ենթադրել, որ ավելի են ուրվագծվում տարածաշրջանային կոմունիկացիաների հաստատման հնարավոր ուղղությունները։