Ողջաբերդում ապրելը հերոսություն է. գյուղացիներին խոստացված փոխատուցումը մնաց միայն թղթի վրա

Ողջաբերդում ապրելը հերոսություն է. գյուղացիներին խոստացված փոխատուցումը մնաց միայն թղթի վրա

Կոտայքի մարզի Ողջաբերդ համայնքը համարվում է սողանքային գոտի, իսկ համայնքում բնակվողները՝ ուղղակի հերոսներ են:Տարիներ շարունակ գյուղացիները վախը սրտներում են ապրում, հույսները չկտրելով, որ կարժանանան կառավարության ուշադրությանը: Գյուղացիները տարբեր քայլերի են դիմել, անգամ ճանապարհ փակել, որ հարցին իրենց լուծում գտնեն, սակայն՝ անօգուտ: Չնայած նրան, որ գյուղացիների ոտքի տակից հողը «փախչում» է, գյուղացիները չեն լքում համայնքը. «Տարիներ շարունակ այս վիճակով ապրում ենք,գյուղում տուն չկա, որ ծռված չլինի, կամ պատերը՝ ճագած: Ո՞ւր գնանք, անգամ այլ տեղ բնակարան գնելու հնարավորություն չունենք, մի կերպ ապրում ենք: Նախկին մարզպետը եկավ, մեզ լսեց, ասաց, որ հարցը կներկայացնի կառավարություն: Արդեն 2 տարի է անցել, բայց մեր հարցին լուծում չտրվեց»,-մեզ հետ զրույցում ասում են գյուղացիները:

Ըստ գյուղացիների՝ նրանց խոստացել էին,որ 1-ին փուլում վթարայնության ամենաբարձր վիճակում գտնվող 10 ընտանիքներ 2019 թվականի պետական բյուջեի պահուստային ֆոնդից պետք է փոխհատուցում ստանային: 2-րդ փուլում՝ ռիսկային վիճակում գտնվող ևս 49 ընտանիքներ.

«106 ընտանիքներ իրենց կրած վնասների չափով փոխհատուցում կստանան, և խնդիրն այլևս կառավարության և Կոտայքի մարզպետարանի օրակարգում է»: Մենք միայն այս խոստումն ենք լսել նախկին եւ ներկա իշխանություններից եւ որեւէ գործնական քայլ ո՛չ կառավարության եւ ո՛չ էլ մարզպետարանի կողմից չի իրագործվել: Մարզպետներ են գալիս, խնդրին ծանոթանում, բայց գնում են ու մոռանում են»:

Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը եւս աշխատանքային այցով եղել է Ողջաբերդ համայնքում,տեղում ծանոթացել է խնդրին, խոստացել է, որ ողջամիտ ժամկետներում կառավարությունում ծրագիրը քննարկման կդրվի, համաձայն որի՝ փուլային տարբերակով նախ 5-6-րդ աստիճանի վթարայնություն ունեցող 14 ընտանիքներ կստանան բնակարանների ձեռքբերման վկայագրեր, ապա մյուսները՝ ըստ վթարայնության աստիճանի:

Ողջաբերդ համայնքի ղեկավար Նորայր Մելքոնյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դեռ ոչ մի ընտանիքիփոխհատուցում չի  ստացել. «Նոր մարզպետը եկել ա, ասել ա, որ մոտակա ժամանակներում այդ խնդիրը կլուծենք: Դե էս վիրուսը, հետո էլ՝ պատերազմը խանգարեց, փոխհատուցում չտվեցին: Իմ կարծիքով՝ հնարավորությունները սահմանափակ են, բայց ասում են, որ կլինի, մարդիկ էլ հույսով սպասում են»: