Արդյոք ձեռքերը լվացել է Ռուսաստանը

Արդյոք ձեռքերը լվացել է Ռուսաստանը

Թուրքիայի նախագահը հուլիսի 14-ին կառավարության նիստից հետո ելույթ ունենալով՝ անդրադարձել է նաև Հայաստան-Ադրբեջան սահմանին տիրող իրավիճակին։ Իրավիճակի սրման մեջ նա մեղադրել է Հայաստանին ու ասել․ «Անկասկած, այս հարձակումը մի իրադարձություն է, որը Հայաստանի տրամաչափից դուրս է։ Նպատակն է սադրիչ գործողություններով արգելափակել ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացը և տարածաշրջանում նոր բախման գոտիներ ստեղծել։ Թուրքիան, որն Ադրբեջանի հետ հնագույն բարեկամական կապեր և եղբայրական հարաբերություններ ունի, երբեք չի հապաղի դեմ կանգնելու Ադրբեջանի իրավունքների, հողերի նկատմամբ բոլոր տեսակի հարձակումներին։ Մեր պարտքն է մոբիլիզացնել տարածաշրջանում և աշխարհում քաղաքական, դիվանագիտական և հասարակական մեր կապերը։ Շարունակելու ենք մեր բոլոր հնարավորություններով բարեկամ  և եղբայր Ադրբեջանի կողքին լինել»։

Հիշեցնենք՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, չնայած ՀԱՊԿ-ի լռությանն ու անիմաստ հայտարարություններին, ՌԴ ԱԳՆ տարածված պաշտոնական հաղորդագրության՝ կոչ էր արել ՄԽ անդամ երկրներին չանել հայտարարություններ, որոնք էլ ավելի կավելացնեն էսկալացիան։ Ակնարկը ՄԽ անդամ Թուրքիայի հասցեին առավել, քան թափանցիկ էր, ու փաստորեն, սա Էրդողանին հետ չպահեց։ Այնուամենայնիվ, ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը չի կարծում, որ Տավուշում այս իրադարձությունների փուլում Թուրքիան էլ ավելի ագրեսիվ կդառնա և չի էլ կարծում, որ Ռուսաստանը ձեռքերը լվացել է։ «Այս տարածաշրջանը գտնվում է Ռուսաստանի ազդեցության ներքո, և Ռուսաստանը հենց այդպես էլ իրեն պահում է։ Եվ ես չեմ կարծում, որ Ռուսաստանը պատրաստ է զիջել տարածաշրջանը Թուրքիային։ Եվ, առասարակ, եթե չլիներ այս ռուս-թուրքական համագործացությունը, ՌԴ-ն ավելի կտրուկ կլիներ իր հայտարարություններում»։

Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը ևս այդ կարծիքին է․ ՌԴ-ն չի գնա տարածաշրջանից, իսկ գնալու դեպքում այդ վակուումը լցվելու է Թուրքիայով։ Ի տարբերություն նախորդ բանախոսի, նա մեզ հետ զրույցում ասաց՝ եթե մինչև հիմա հարևան երկիրը Հայաստանի հանդեպ իր ագրեսիվ ծրագրերը քիչ թե շատ քողարկել է և ավելի շատ Ադրբեջանի միջոցով է իրագործել, ապա հիմա նա վստահ չէ, որ հիմա էլ այդպես կշարունակվի։ Եվ մյուս կողմից էլ, ըստ նրա՝ ՌԴ-ն ԽՍՀՄ չէ և «Թուրքիան արդեն սկսել է մատ թափ տալ, իսկ Ռուսաստանն էլ հաշվի նստել Թուրքիայի հետ»։ Այս ամենի համատեքստում Արման  Նավասարդյանն անդրադառնալով կոչերին, որ պետք է Գյումրիից հանվի ռուսական 102-րդ ռազմաբազան՝ սա համարեց առնվազն շատ մեծ քաղաքական կարճատեսություն։

Հիշեցնենք, որ երեկ ռուսական ուղղաթիռները Շիրակի մարզի երկնքում էին։ Ըստ համացանցի մեկնաբանությունների՝ պարեկային ծառայություն էին իրականացնում հայ-թուրքական սահմանին, ինչը, ըստ նույն հրապարակումների, բնականաբար՝ առնչվում է  հայ-ադրբեջանական սահմանին լարվածության ֆոնին Թուրքիայի հայտարարությունների հետ։ Ռազմաբազայից հայտնել էին, որ սրանք ուսումնական վարժանքներ են, որոնք իրականացվում են բոլոր ռուսական ռազմաբազաներում, սակայն գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանը «Հրապարակի» հետ զրույցում կարծիք հայտնեց․«Չեմ ուզում հիմա խաղաքարտեր բացել, բայց այս պահին Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազան քայլեր է ձեռնարկում՝ մեսիջներ հղելով հարևան Թուրքիային, որպեսզի այս երկիրը զսպված լինի, շատ զգույշ լինի հայ-թուրքական սահմանի մոտ ինչ-որ քայլեր ձեռնարկելուց առաջ»։