Անիրազեկ ու անպաշտպան

Անիրազեկ ու անպաշտպան

Այսօր բոլորը փորձում են հասկանալ, թե որն է կորոնավիրուսի՝ Հայաստանում նման տեմպերով տարածման պատճառը։ Ոմանք դա բացատրում են մեր իշխանությունների անփութությամբ եւ դեպքերին ուշ արձագանքելով։ Մյուսները մատնանշում են մեր ժողովրդի անկարգապահ լինելու հանգամանքը։ Կան մարդիկ, որ անգամ «հայի բախտին» են վերագրում դա։ Այս բոլոր բացատրություններն էլ, հավանաբար, ինչ-որ չափով ճշմարտացի են։ Բայց մի կարեւոր պատճառ, այնուամենայնիվ, չի քննարկվում։ Ինչո՞ւ է մեր իշխանությունն անփույթ իր պարտականությունների կատարման հարցում, ինչո՞ւ է հասարակությունն անկարգապահ եւ այսքան հանգիստ։ Այնքան հանգիստ, որ վտանգի զգացում չունի․ մարդիկ ազատ շրջում են դրսում, ոչ մի պաշտպանական միջոցառումներ չեն կիրառում։

Ավելին՝ անարգել շփվում են վարակակիրների հետ եւ չեն տեղեկացնում, որ հիվանդներ կան իրենց շրջապատում։ Պատճառն իրազեկվածության պակասն է։ Երբ իշխանությունը որոշեց, որ լրատվամիջոցները խուճապ են տարածում, եւ արգելեց մեզ լիարժեք տեղեկատվություն փոխանցել, մեր՝ առանց այն էլ անվրդով հասարակությունը լրիվ հանգստացավ եւ շարունակեց ապրել իր նախկին կյանքով։ Մինչդեռ մեր հասարակության հոգեբանությունը ճանաչողները պնդում են, որ լավ կլիներ՝ մարդիկ պատկերացնեին իրավիճակի լրջությունը, գուցե խուճապը կանխարգելեր վարակի տարածումը։ Իշխանությունը մեզ արգելեց անգամ դրսում տեղի ունեցող դեպքերը եւ իրավիճակն ամբողջությամբ ներկայացնելուց, որ մարդիկ պատկերացում չունենան, թե ինչ աղետի հետ գործ ունենք։ Մեզ զրկեց վարակի օջախների մասին խոսելուց։ Իսկ եթե մենք ներկայացնեինք, թե որտեղ ինչքան վարակված կա, մարդիկ կզգուշանային։ Այնպես որ, խոսքի ազատության սահմանափակումները, իրականում, նպաստում են վարակի տարածմանը, այլ ոչ թե հակառակը։