Ադրբեջանին Զելենսկին շնորհավորեց, որովհետև Ադրբեջանը վերականգնեց իր տարածքային ամբողջականությունը

Ադրբեջանին Զելենսկին շնորհավորեց, որովհետև Ադրբեջանը վերականգնեց իր տարածքային ամբողջականությունը

Այսօր Ազատության հրապարակում Ազգային-ժողովրդավարական բևեռը հանրահավաք-երթ կիրականացնի ռուս-ուկրաինական պատերազմի մեկ տարին լրանալու կապակցությամբ: «Ազգային-ժողովրդավարական բեւեռ» համահայկական կուսակցության խորհրդի անդամ Վահե Գասպարյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ տեղի է ունանալու մեծ հանրահավաք, որին հետևելու է ջահերով երթ: 

- Ի՞նչ հանրահավաք եք նախատեսել:

- 1920 թվակականի փետրվարի 24-ին Ազգերի լիգան կայացրել է որոշում, որով ճանաչվել է հայ-ադրբեջանական սահմանը, Նախիջևանը՝ ներառյալ: Սա, իհարկե, գլխավոր պատճառը չէ: Հիմնական ակցիան նվիրված է ռուս-ուկրաինական պատերազմին, շուտով կլրանա պատերազմի մեկ տարին: Մեզ հաճախ հարցնում են, թե ինչու ենք Ուկրաինային սատարում՝ Հայաստանի դարդերը թողած, խոսվում է այն ֆեյք տեղեկությունների մասին, որի համաձայն Ուկրաինան Ադրբեջանին ֆոսֆորային ռումբեր է տվել, և այլն և այլն, սակայն ակնհայտ է, որ Ուկրաինան ոչ մի ֆոսֆորային ռումբ չի տվել Ադրբեջանին, այդ մասին խոսել է անգամ Զելենսկին: Բոլորովին վերջերս նույն Ուկրաինան ԱՄՆ-ից ֆոսֆորային և կասետային ռումբեր էր խնդրում, սակայն ԱՄՆ-ն մերժեց: Ստացվում է, որ Ուկրաինան անգամ իր համար չունի նման զենք:

- Իսկ ֆոսֆորային ռումբեր որտեղի՞ց է ձեռք բերել Ադրբեջանը:

- Ռուսաստանից, էլ որտեղի՞ց: Նույն այդ ֆոսֆորային ռումբերով Ռուսաստանը ռմբակոծում էր Մարիուպոլը: Ֆոսֆորային ռումբեր ունի Ռուսաստանը և հենց նա էլ Ադրբեջանին փոխանցել էր այն: Ուկրաինան ոչ մի ֆոսֆորային զենք չի տվել Ադրբեջանին, դա հայտարարվել է պաշտոնապես: Ոչ թե ունեն, չեն տվել, այլ անգամ Ուկրաինան իր համար չունի այդ ռումբը: Թե ինչու ենք սատարում Ուկրաինային, շատ հստակ է, Ուկրաինան կռվելով ռուսական զավթիչ կարմիր բանակի դեմ, օգնում է գաղութացված բոլոր ժողովուրդներին ստանալ բաղձալի անկախությունն ու ինքնիշխանությունը: Ազգային-ժողովրդավարական բևեռը Հայաստանի քաղաքական դաշտում եղած միակ ուժն է, որը տարբերվում է մյուսներից սկզբունքայնորեն, այն է` մենք վստահ ենք, որ Հայաստանն օկուպացված երկիր է: Գուցե զարմանաք, որ օկուպացված երկիր լինելով անկախ ենք համարվում, դրոշ ունենք, զինանշան ունենք, ՄԱԿ-ի անդամ ենք և այլն, սակայն շատ հստակ է. մենք օկուպացված ենք, որովհետև մեր տարածքում գտնվում է օտարերկրյա ռազմաբազա: Հայաստանն օկուպացված է նաև հիբրիդային կերպով: Գաղտնիք չէ, որ 30 տարի շարունակ մեր իշխանությունները նշանակվել են Կրեմլից, չնայած նրան, որ ընտրություններ են տեղի ունեցել, սակայն այդ նույն ընտրությունների թվերը նկարվել են, արդյունքում ծնվել են կոլաբորացիոնիստներ, ովքեր սպասարկել են օտար երկրի` Կրեմլի շահերը: Որպեսզի ավելի պարզ լինի, կարող եմ մեկ օրինակ բերել. Հիտլերը երբ գրավեց Ֆրանսիան, նշանակեց Փարիզի կոլաբորացիոնիստ իշխանություն, որն իբր անկախ Ֆրանսիայի անկախ իշխանություն էր համարվում, բայց իրականում նշանակված էր և ղեկավարվում էր: Նույն կերպ կարող եմ Չաուշեսկուի Ռումինիայի օրինակը բերել, որը ֆորմալ առումով անկախ երկիր էր` ՄԱԿ-ի անդամ էր, դրոշ ուներ, ատրիբուտներ, սակայն Չաուշեսկուն Կրեմլի խամաճիկն էր: Արևելյան եվրոպայի բոլոր երկրները` Լեհաստան, Չեխոսլովակիա, Խորվաթիա ևս այս համատեքստում էին: Մենք վստահ ենք, որ Հայաստանի բոլոր իշխանությունները` Նիկոլ Փաշինյանը ներառյալ, կոլաբորացիոնիստներ են և այն փաստը, որ Փաշինյանը երեկ զանգել է Վլադիմիր Պուտինին ու զեկուցել, թե Մյունխենում ինչ հանդիպում է ունեցել, ասածներիս վառ ապացույցն է: Այսպես կոչված անկախ երկրի ղեկավարը գնում է Մյունխեն՝ անվտանգության կոնֆերանսի, հանդիպելով Արևմուտքի ղեկավարների հետ, հետո զանգում է Կրեմլ և զեկուցում ռուսաց թագավորին, թե ում հետ ինչ է քննարկել: Հետևաբար Հայաստանում պետք է լինի մեկ պայքար` ազգային-ազատագրական: Հայաստանը պետք է դեօկուպացնել, իսկ դրա համար նաև պետք է դեօկուպացնել Արցախը, որը ռուսների և ադրբեջանիցների կողմից է օկուպացվել, դրանից հետո Հայաստանում պետք է իրավաքաղաքական գնահատական տրվի հետխորհրդային և խորհրդային Հայաստանի օկուպացմանը, կատարվի անցումային արդարադատություն, լյուստրացիա, քաղաքական դաշտը մաքրվի բոլոր տեսակ գործակալներից և դրանից հետո միայն քաղաքական ուժերը կարող են վարել քաղաքական պայքար, կլինեն նոր ընտրություններ, կփոխվի Սահմանադրությունը և այլն: Այդ ամենն անելու համար մեզ օգնում է Ուկրաինան:

- Ինչպե՞ս է օգնում:

- Ռուսաստանի ատամները ջարդելով: Ռուսաստանը Հայաստանին օկուպացրել է:

- Բայց նույն Ուկրաինան տարբեր կերպ աջակցություն է հայտնել Ադրբեջանին, անգամ 44-օրյա պատերազմից հետո շնորհավորեց Ադրեբեջանին:

- Ադրբեջանին Զելենսկին շնորհավորեց, որովհետև Ադրբեջանը վերականգնեց իր տարածքային ամբողջականությունը: Այն, որ Ուկրաինան Ադրբեջանին շնորհավորեց, դա Հայաստանի վարած կրեմլահպատակ քաղաքականության արդյունքն է: Այն, որ Արցախի 7 շրջանները գրավյալ տարածքներ էին, այդ մասին մենք ինքներս ենք ասել: Այ եթե մենք ասեինք, որ Արցախն օկուպացված է, կա անգամ Ազգերի լիգայի որոշում և որ մենք պահանջում ենք Արցախի դեօկուպացիան, այդ ժամանակ նույն Զելենսկին Ադրբեջանին չէր շնորհավորի:

- Ի աջակցություն շրջափակված Արցախի ակցիաներ չե՞ք նախատեսում առաջիկայում:

- Մենք մշտապես ակցիաներ անում ենք` ի աջակցություն Արցախի: Արդեն երեք անգամ Բերձորի ապաշրջափակման պահանջով ակցիա ենք իրականացրել: Անգամ ակցիա ենք արել ՄԱԿ-ի գրասենյակի մոտ, նամակներ ենք գրել ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպաններին: Մենք Արցախի համար ավելի շատ բան ենք արել, քան մնացած բոլոր ուժերը: