«Չորով դրել են», որ Նժդեհի արձանը պետք է հանել․ Սոֆյա Հովսեփյան

«Չորով դրել են», որ Նժդեհի արձանը պետք է հանել․ Սոֆյա Հովսեփյան

Ազգային ժողովի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, ով Արցախի Հանրապետությունում է, այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Արցախում մինչև մայիսի 9-ը հայ զորավար, փիլիսոփա Գարեգին Նժդեհի արձանը ապամոնտաժվելու է։

«Հրապարակի» հետ զրույցում պատգամավորն ասաց, որ վաղուց էր զորավար Գարեգին Նժդեհի արձանի հարցը քննարկվում։

«Պարզապես երբ որ հասարակական աղմուկ բարձրացավ, թեման փակեցին։ Ես էլ էի վստահ, որ թեման փակված է։ Բայց մի քանի օր Արցախում էի, և թեման նորից արդիական դարձավ։ Նորից մարդիկ խոսում են այդ մասին։ Առաջարկել են, հասկացա, որ «չորով դրել են», որ արձանը պետք է հանել, տանել թանգարան։ Փորձեցի մի քանի շրջանակներով պարզել, բոլոր տեղերում հաստատեցին այդ մասին։ Այդ հարցը դեռ չեմ քննարկել Արցախի նախագահի հետ, առաջիկա հանդիպումների ժամանակ կքննարկեմ», - ասաց Հովսեփյանը։

Նրա խոսքերով՝ Արցախի Մարտունի քաղաքում մարդիկ տեղյակ են այդ մասին։ «Շատ դժգոհող արտահայտությամբ, որ «եթե պահանջնում են դա, վաղն էլ այլ բան կպահանջեն, Մոնթեի արձանը հեռացնել և այլ արձաններ»», - ընդգծեց Սոֆյա Հովսեփյանը։ 

Ճշգրտող հարցին՝ ռուսական կո՞ղմն է Ադրբեջանի միջնորդությամբ առաջարկել հանել արձանը, պատգամավորը պատասխանեց․ «Նախկինում էլ էր ռուսական կողմն առաջարկել։ Ադրբեջանի միջնորդությամբ չէ։ Եթե հիշում եք, նախկինում էլ Թուրքիան էր այդ մասին խոսել, Ռուսաստանի ուշադրությունն էր հրավիրել, որ «նացիստ», «ֆաշիստ» Նժդեհի արձանն է դրվում Մարտունիում։ Եվ դրանից հետո այդ մասին սկսեցին խոսել ռուսական կողմը, ռուսական գեներալիտետը, ովքեր կան այստեղ։ Եվ եթե հիշում եք, ես նախկին հրապարակման մեջ կոնկրետ նշել եմ, որ բարձաստիճան սպաներից որ մեկն է դրա մասին խոսում՝ բնակչության շրջանում անընդհատ փորձելով թունավորել, մեր շրջանում Նժդեհի մասին փորձելով բացասական վերաբերմունք ձևավորել և այլն։ Իհա՛րկե, չի հաջողվի իրենց»։

Ըստ պատգամավորի՝ դա, կարծես, նրա համար է արվում, որ «մեր դիրքորոշումն էսպիսին է, և դուք մեր դիրքորոշման հետ հաշտվեք»։ 

«Մենք էլ պիտի ցույց տանք, որ մեր դիրքորոշումն այլ է, և Նժդեհի արձանը պետք է մնա իր տեղում։ Այլ տարբերակ չկա։ Ի դեպ ասեմ, նախորդ այցի ժամանակ խոսվում էր իբր թե արձանը հանելու են, որովհետև քանդակագործն աշխատանք ունի դրա վրա անելու։ Ես անձամբ եմ բոլորին տեղեկացրել, որ չհամարձակվեն նման բան անել, որովհետեւ քանդակագործը դնելուց առաջ պետք է իր աշխատանքն ավարտեր, իսկ եթե բերել-դրել է, նշանակում է, որ տեղում աշխատանք անելու գործընթաց է։ Եվ թող տեղում աշխատանքը կատարի։ Իսկ հիմա խոսում են, որ կհանեն-կտանեն թանգարան, այսինքն՝ կամաց-կամաց փորձում են մարդկանց տրամադրությունների վրա ազդել, բայց պետք է մենք ուղղակի չթողնենք», - նշեց Հովսեփյանը։

Հաշվի առնելով երեկ Բորիս Ավագյանի ազատումն Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության փոխտնօրենի պաշտոնից՝ Հովսեփյանը չցանկացավ նշել, թե կոնկրետ ումից է իմացել Նժդեհի արձանի ապամոնտաժման հարցի մասին։ «Մարտունու բնակչության հետ եմ խոսել, այսօր ինձ համար ամենաբարձր պաշտոնյան համարվում է քաղաքացին։ Թույլ տվեք բարձրաստիճան պաշտոնյաներ չնշեմ, որովհետեւ տեսնում եմ, որ հետապնդումներ են սկսվում, որի մասին Դուք էլ եք տեղյակ։ Անվանական չեմ ասելու, թե որ պաշտոնյան, պատգամավորն է ասել։ Բոլոր տեղերում այս մասին տեղյակ են, ասել են ու հաստատել են։ Ես իմ անունից զգուշացնում եմ, չհամարձակվեն այդ թեմային մոտենալ», - եզրափակեց պատգամավորը։

Մարտունու քաղաքապետ Էդիկ Ավանեսյանը չցանկացավ մեկնաբանություն տալ այս թեմայի վերաբերյալ։ «Սոցիալական ցանցերում, լրատվականներում ինչ գրած կա, ո՛չ ընթերցում, ո՛չ էլ մեկնաբանում եմ», - ասաց նա ու անջատեց զանգը։

Նշենք, որ Նժդեհի արձանը տեղադրվել է անցած տարվա սեպտեմբերի 26-ին՝ 44-օրյա պատերազմի նախորդ օրը։