Վիտալի Բալասանյանին բերման ենթարկելու որոշո՞ւմ է կայացվել | «Հրապարակի էջերում»․ 05.11.2019

Արցախի Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնաթող քարտուղար Վիտալի Բալասանյանին Հատուկ քննչական ծառայությունը բերման ենթարկելու որոշում է կայացրել եւ որոշումն ուղարկել Արցախի դատախազություն՝ կատարման։

Հիշեցնենք, որ նա անցնում է «Մարտի 1»-ի անջատված մասով, առայժմ՝ որպես վկա, նրան 2 անգամ հրավիրել են Երեւան՝ հարցաքննության, սակայն չի ներկայացել։ Մենք ՀՔԾ-ից հետաքրքրվեցինք, թե ինչպես է այլ պետության քաղաքացուն բերման ենթարկելու որոշում կայացվել։ ՀՀ դատախազության ներկայացուցիչը լսեց մեր հարցը, բայց չպատասխանեց։ Իսկ Արցախի դատախազության մամուլի խոսնակ Կիմ Գաբրիելյանը խոստացավ ճշտել եւ հայտնել, այնուհետեւ երկար չէր պատասխանում մեր զանգերին, իսկ օրվա վերջում ուղարկեց հետեւյալ երկտողը․ «ԱՀ դատախազությունում Վիտալի Բալասանյանին բերման ենթարկելու մասին որոշում չեն ստացել։ Այդ կապակցությամբ որեւէ նորություն լինելու դեպքում անպայման կիրազեկեմ»։ Իրավաբանները մեզ բացատրեցին, որ Արցախի քաղաքացուն ՀՀ ՀՔԾ-ն բերման ենթարկել չի կարող՝ եթե նման որոշում են կայացրել, ապա դա անօրինական է։

Օրվա գլխավոր հրապարակումները՝ «Հրապարակի էջերում»: