Ամենացավալին այն է, որ այս կինը աղջիկ երեխաներ է դաստիարակում

Մինչ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից ընդդիմությանը «համբալ» է անվանում, մինչ Արսեն Թորոսյանը նույն ամբիոնից «հայր», «մայր» և «լավ» է հայհոյում, մինչ Նոր-Նորքի թաղապետը ուղիղ եթերում մարդ է խոշտանգում, վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը շտապում է իրեն քննադատողներին անվանել «տխմար»: Եվ քանի դեռ հանրությունը հանդուրժում է խուլիգանական այս գործելաոճն ու ջունգլիներին հատուկ բառամթերքը, մենք դեռ ավելի սարսափելի երևույթների ենք ականատես լինելու առաջիկայում, քանզի անպատժելիությունն է, որ ծնում է ամենաթողություն: Օրուգիշեր կրթելու մարմաջով տառապող Աննա Հակոբյանի համար հավանաբար նորմալ և ընդունելի է, որ երկրի առաջին դեմքի կինը նման բառեր օգտագործի:
Նա մասնավորապես ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ինչ-որ մի տխմար նստել է էկրանի առաջ ասում է, թե «Իմ քայլը» հիմնադրամը ԱՄՆ-ում 4 միլիոն դոլար ունեցվածք է հայտարագրել։ Մեկ այլ տխմար նստել է էկրանի առաջ եւ վստահ պնդում է, թե 88 սուպերմարկետը իմն է (այս վերջինն էնքան են կրկնել, որ մի շարք մարդիկ էլ են սկսել հավատալ), ապա շարունակում է. «Ինձ ասել են «Երեւան Սիթին» էլ է շուտով դառնալու Աննայինը»։
Երրորդ տխմարը ասում է՝ Աննան հրեա է։ Չորրորդ տխմարը պնդում է, թե Բեւեռլի Հիլսում այրվել է շքեղ դղյակը, որը «Փաշինյանն իր զուգընկերուհու հետ գնել է Սերժ Թանկյանի ընկերների միջնորդությամբ»։ Հինգերրորդ տխմարը էկրանի առաջ նստած ասում է. «Սամվել Ալեքսանյանի կինը որտեղ նստում ասում է՝ Աննա Հակոբյանը 40-70-100 հազար դոլարանոց պայուսակի տարբեր գույներ է ուզում, էնպես են պայմանավորվել, որ նվեր անի»։ Վեցերորդ տխմարի վերլուծությամբ իշխանությունում կա Աննա Հակոբյանի թեւ։Այս շարքը երկար է: Այն մեր երկրում խոսքի ազատության գերակայության կենդանի ապացույցն է, բայց միեւնույն ժամանակ որոշ մարդկանց տխմարության անսահմանության ապացույցն է։ Հ.Գ. Մի տխմար նստում է էկրանի առաջ եւ իմ մասին խոսելիս ասում է՝ էդ «փնթի էգը», մյուս տխմարը՝ էդ «տգետ հարճը»։ Այս շարքն էլ է երկար։ Եւ սա էլ՝ որքան խոսքի ազատության, ճիշտ նույնքան էլ՝ ոմանց տխմարության հավաստիքն է»:
Արցախցի ակտիվիստ, «Հայրենիք» կուսակցության անդամ Տաթևիկ Վիրաբյանը «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով Աննա Հակոբյանի հնչեցրած գնահատականներին, մասնավորապես հանրության ինչ-որ մի շերտին «տխմար» անվանելուն, ասում է. «Աննա Հակոբյանը ոչ միայն երկրի առաջին տիկնոջ նման իրեն չի կարողանում պահել, նա նաև իրեն չի կարողանում պահել առհասարակ՝ կնոջ, երեխաների մոր պես: Այն, ինչ գրել է նա այս անգամ, չարյաց փոքրագույնն է իր արածների համեմատ: Մենք առաջին տիկիններ ենք ունեցել, նրանցից ոչ մեկը իրենց այս ձևով չի դրսևորել, բայց ինձ համար ամենացավալին այն է, որ այս կինը աղջիկ երեխաներ է դաստիարակում: Ես որպես մայր մեծ ցավ եմ ապրում այդ երեխաների համար, հատկապես՝ աղջիկների: Ինչ վերաբերում է նրան, որ Աննա Հակոբյանն իրեն ինչ-ինչ հարցերում մեղադրողներին անվանում է տխմար, հավանաբար նա չի լսում, որ իր մասին շատ ավելի վատ բաներ էլ են ասում: Իր նշած «տխմարներն» այն մարդիկ են, ովքեր իրեն համեմատության մեջ ավելի մեղմ են մոտեցել: Նրա մասին իրականում շատ ավելի վատ բաներ են խոսում, ժողովուրդը տանել չի կարողանում այդ կնոջը: Ոչ մի բնորոշում չկա, որ այդ կնոջը տանք, անգամ սատանայի հետ նրան չեմ ցանկանա համեմատել: Ինչ-որ նոր կերպար է պետք հնարել նրա հետ համեմատելու համար: Նա սարսափ ֆիլմեր, սարսափ հերոսների հավաքական կերպարն է: Մի պահ պատկերացնենք, թե այս իշխանությունն իրոք անմեղ է, իրոք չի ցանկացել Արցախը հանձնել, իրոք արցախցիների համար սրտացավ է, այդ դեպքում ինչպե՞ս կարող է հայրենիք հանձնելուց, 5000 տղայի արյուն թափելուց, բռնի տեղահանությունից հետո նորմալ կինը կիսամերկ վիճակում, բերանը հազար մետր բացած ծիծաղել, հրճվել ու նկարվել: Ընդունեն, թե ոչ, իրենց կառավարման տարիներին են այս բոլոր աղետներն ու դժբախտությունները տեղի ունեցել: Արյան վրա ինչպե՞ս կարող է մարդ իր ռեխը բացել, ի՞նչ բնորոշում կարելի է տալ այդ տեսակին, այն տեսակին, որ Եռաբլուրում զոհված զինվորի շիրիմի կողքին որդեկորույս մորը սպառնում ու հաթաթա է տալիս: Ո՞վ է հիմա տխմարը», - եզրափակեց Վիրաբյանը:
Կարծիքներ