Հայկական կողմը հետաքրքրված է առկա կոմունիկացիաները վերագործարկելու, իսկ Ադրբեջանը՝ նորերը կառուցելու հարցում

Հայկական կողմը հետաքրքրված է առկա կոմունիկացիաները վերագործարկելու, իսկ Ադրբեջանը՝ նորերը կառուցելու հարցում

Մոսկվայում կայացել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի եւ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի հանդիպումը․ որոշում են կայացրել ստեղծել փորձագիտական ենթախմբեր՝ երկաթուղային, ավտոմոբիլային եւ համակցված փոխադրումների հարցերով եւ փոխադրումների ապահովման, այդ թվում՝ անվտանգության, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական եւ այլ տիպի հսկողության հարցերով:

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը գրել էր, որ իր ունեցած տեղեկություններով՝ հանդիպման ժամանակ տարածաշրջանային ապաշրջափակման անվան ներքո քննարկվել է բացառապես Ադրբեջանին եւ Թուրքիային հետաքրքրող տարբերակը՝ Սյունիքի տարածքով կոմունիկացիոն միջանցքը։ Իրական ապաշրջափակման մասին խոսք չի գնացել, չեն  քննարկվել Հայաստանի համար պակաս վնասակար տարբերակները՝ Իջեւան-Ղազախ, Երեւան-Թբիլիսի-Բաքու-Մախաչկալա եւ Գյումրի-Կարս երկաթգծային ուղղությունները։

Նշենք, որ, օրինակ, Իջեւան-Ղազախն ավելի կարճ է, Երեւան-Թբիլիսի-Բաքու-Մախաչկալան՝ առավել էժան, քանի որ նախկինից մնացած ենթակառուցվածքները կան, եւ շատ քիչ ներդրում է պետք դրանք գործարկելու համար։ Հետեւաբար, անհասկանալի է՝ եթե նպատակն իրոք տարածաշրջանային ապաշրջափակումն է, ինչո՞ւ չեն բացվում այս կոմունիկացիաները։ Մինչդեռ Ալիեւը, հիշեցնենք, արդեն հայտարարել է, որ 2 տարում Հորադիզից Զանգելան 130 կիլոմետրանոց երկաթուղի է կառուցելու։ Այսինքն, Ադրբեջանը՝ մի կողմից, թուրքերն էլ 1․5 տարում երկաթուղային կապ են հասցնելու Իգդիրից Նախիջեւան, եւ այս օղակը վերջում գալու է, անցնի Սյունիքի վրայով։ Անհասկանալի է՝ ինչո՞ւ Իգդիր, եթե այն կպած է Կարսին։ Իսկ կարելի է միլիոններ չծախսել՝ վերագործարկել Կարս-Գյումրին։

Ռուսաստանցի քաղաքագետ Մոդեստ Կոլերովը մեզ հետ զրույցում ասաց՝ տեղյակ չէ, թե եռակողմ աշխատանքային խմբի նիստում բացառապես Սյունյաց կոմունիկացիաների հարցն է քննարկվել։ Կոլերովը վստահեցնում է՝ որեւէ հարց հատուկ չի առանձնացվել, որեւէ առանձին ճանապարհ չի քննարկվել՝ «որովհետեւ առաջին աշխատանքային խումբն իր իրավասությունների շրջանակում կորոշի դետալները»։ Կոլերովը կարծում է՝ դեռ վաղ է խոսել այն մասին, որ ինչ-որ բան ուշադրության կենտրոնում է։ Բայց արձանագրում է՝ հայկական կողմը հետաքրքրված է առկա կոմունիկացիաները վերագործարկելու, իսկ Ադրբեջանը՝ նորերը կառուցելու հարցում, եւ կողմերի այս հետաքրքրությունը հասկանալի է։

«Եվ,  մասնավորապես, Զանգեզուրի ճանապարհը՝ իմ հայացքով, ամենակարեւոր, ամենաառաջնահերթ ուղղությունը չէ։ Շատ ավելի կարեւոր է Արցախ տանող հյուսիսային ճանապարհը, որը հիմա Քելբաջարի շրջանի հետ գտնվում է Ադրբեջանի ձեռքում։ Խոսքը հայերի կողմից նոր կառուցված, կարճ եւ շատ լավ  ճանապարհի մասին է, սա կվկայի յուրաքանչյուր ոք, որն այնտեղ եղել է։ Բայց այս ճանապարհը հիմա չի օգտագործվում։ Գուցե՝ մասամբ, մինչեւ Դադիվանք, ուր ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ուխտավորներ են գալիս։ Բայց որպես միջանցիկ տրանզիտային ճանապարհ՝ այն հիմա չի օգտագործվում։ Եվ ահա՝ ես լսել եմ լուրջ փորձագետների կարծիքը, որ կոմունիկացիաների վերաբացումը կողմերը կարող են մեկնաբանել լրիվ հակադարձ համեմատական տեսանկյունից։ Եվ մասնավորապես՝ Հայաստանին բոլոր առումներով ձեռնտու է օգտագործել արդեն առկա կոմունիկացիաները, որոնք կառուցվել են նրա կողմից Քելբաջարում։ Իսկ ադրբեջանական կողմն ուզում է զրոյից կառուցել այդ ճանապարհները, որպեսզի դրանք ի սկզբանե հանդիսանան Ադրբեջանի սեփականությունը։ Սա կարող է վերաբերել դեպի Արցախ հնարավոր հյուսիսային ուղղությանը, եւ այստեղ, իհարկե, Հայաստանի հարավի միջով տրանզիտային կոմունիկացիաների շուրջ լուրջ բանակցություններ են լինելու»։

Ահա, այս կարեւոր դետալում է, Կոլերովի հայացքով, հայկական ու ադրբեջանական կողմերի գլխավոր տարաձայնությունը, եւ սա դառնալու է առաջիկա եւ երկարատեւ բանակցությունների առարկա։ Դիտարկմանը, թե, ամեն դեպքում, առավել տրամաբանական եւ պակաս ծախսատար է հին ճանապարհների վերաթարմացումը, այսինքն՝ հայկական կողմի մոտեցումը, Մոդեստ Կոլորովը նկատեց՝ կողմերի մոտեցումները տարբեր են, իսկ Ռուսաստանն էլ այս հարցում ընդամենը միջնորդի դերակատարում է ստանձնել։ «Սա տրամաբանական է հայկական կողմի համար, իսկ Ադրբեջանի համար տրամաբանական է այլ բան»,- նկատեց Կոլերովը եւ ավելացրեց՝ դեռ չի տեսնում որեւէ կետ, որտեղ կողմերի իրարամերժ հետաքրքրությունները կարող են հատվել։
Կրկնեցինք հարցը՝ այնուամենայնիվ, ՌԴ-ն այս հարցում ունի՞ դիրքորոշում։ «Ռուսաստանն ընդամենը միջնորդ է,- ասաց նա եւ հավելեց։- Բայց, մեծ հաշվով, ՌԴ-ն չի կարող ունենալ Զանգեզուրով ճանապարհի մասին դիրքորոշում, ինչպես նաեւ՝ Քելբաջարի միջով ճանապարհի»։

Հիշեցնենք, որ նույն Մոդեստ Կոլերովի՝ մեզ տված վերջին հարցազրույցից ակնհայտ էր, որ նա հիացած չէ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման գաղափարով։ Երեկ էլ կրկնեց, որ տարածաշրջանային ապաշրջափակումը համարում է ոչ այսօրեական  խնդիր։ «Այսօրվա խնդիրը, այնուամենայնիվ, ճանապարհները չեն, այլ՝ կողմերի հռետորաբանությունը՝ թե՛ Երեւանի, թե՛ Բաքվի։ Երկու կողմերի հռետորաբանությունը բացառում է յուրաքանչյուր տեխնիկական որոշում՝ ճանապարհների, օդի, ցամաքի, ենթակառուցվածքների։

Բաքվից հնչում են հայտարարություններ եւ իրականացվում են հայերին Լեռնային Ղարաբաղից դուրս քշելու քայլեր, իսկ Երեւանից, բոլոր մակարդակներում, բացառությամբ Նիկոլ Փաշինյանի, հնչում են ռազմական ռեւանշի կոչեր։ Նման համատեքստում, նման հռետորաբանության առկայության պայմաններում որեւէ տեխնիկական համաձայնության մասին խոսք լինել չի կարող»,- ասաց Մոդեստ Կոլերովը։