Հրաժարվել են ստանձնել թանգարանի տնօրենի պարտականությունները

Հրաժարվել են ստանձնել թանգարանի տնօրենի պարտականությունները

Հոկտեմբերի 27-ից Հովհաննես Թումանյանի թանգարանը տնօրեն չունի: Ինչպես հայտնի է, ԿԳՄՍ նախարարի որոշմամբ, թանգարանի տնօրենն օրեր առաջ ազատվեց աշխատանքից: Պատճառը թանգարանի տնօրենի՝ Ուրուգվայի եւ Արգենտինայի հանրապետություններ կատարած այցն էր, որը նախապես՝ թանգարանի տարեկան ծրագրով, ԿԳՄՍՆ-ի կողմից հաստատվել էր, բայց վերջին պահին նախարարության կողմից հանկարծ ոչ նպատակահարմար էր համարվել: Սակայն քանի որ այցն առավելապես հովանավորվել էր տեղի հայ համայնքների կողմից, եւ այցի նպատակն էլ հայ համայնքներում եւ տեղական քաղաքային կենտրոններում Թումանյանի կյանքն ու գործունեությունը, գրական ժառանգությունը ներկայացնելն ու հանրահռչակելն էր, թանգարանի տնօրենը ստիպված էր եղել մեկնել առանց համապատասխան հրամանի, ինչը համարվել էր աշխատանքից հեռացման հիմք:

Թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը կատարվածի մասին նախ բարձրաձայնեց իր ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ պատժվել է ԿԳՄՍՆ-ի կողմից՝ ՀՀ սահմաններից դուրս Թումանյանին ներկայացնելու համարձակություն ունենալու համար։ Հաջորդիվ՝ ԿԳՄՍ նախարարի այս որոշման դեմ շատերն ընդվզեցին՝ իրենց աջակցությունը հայտնելով աշխատանքից ազատված տնօրենին: Ավելին` ի պաշտպանություն թանգարանի տնօրենի, մի քանի օր է՝ մեկնարկել է ստորագրահավաք, պահանջը` ուժը կորցրած ճանաչել ԿԳՄՍՆ հրամանը եւ վերականգնել Անի Եղիազարյանին թանգարանի տնօրենի պաշտոնում։

Թանգարանի արդեն նախկին տնօրեն Անի Եղիազարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ սպասողական վիճակում է, քանի որ ընդունում-հանձնում դեռ չի արվել․ «Ես այս պահին սպասում եմ, թե ով ինձ հետ ընդունման-հանձնման գործընթացը կանի։ Այսինքն՝ ինձ հետ դեռ վերջնահաշվարկ արված չէ, եւ սպասողական վիճակում եմ։ Եթե թանգարանի տնօրենի պարտականությունները կատարող լիներ, ապա, տրամաբանորեն, արդեն ինձ դիմած կլիներ, որ գործերի հանձնում իրականացնեի, բայց քանի որ չի եղել, ենթադրում եմ՝ դեռ ինչ-որ ներքին պրոցեսներ կան։ Այսինքն՝ մի կողմից, հանձնում չեմ իրականացրել նոր տնօրենի ԺՊ-ին, մյուս կողմից էլ, որպես տնօրեն, չեմ կարողանում գործել։ Այսպիսի վիճակ է»։

Ա․ Եղիազարյանը չի ուզում մեկնաբանել նախօրեին ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի գրառումն իր ֆեյսբուքյան էջում, որտեղ նախարարն ի ցույց էր դրել իր որոշման անբեկանելիությունը․ «Դեռ կլռեմ, ամեն ինչ իրավական գործընթաց ունի, կսպասենք իրավական ընթացքին, եւ այս պահին որեւէ կերպ չեմ ուզում արձագանքել տիկին նախարարի մեկնաբանությանը»։

Եղիազարյանն ընդգծում է, որ սա անհարկի բացակայություն չէր, ինչպես ներկայացնում է ԿԳՄՍՆ-ն, այլ՝ նախընթաց գործընթացներով, նախարարությանը մանրամասն ներկայացված եւ հիմնավորված այց: «Այստեղ արդեն գործ ունենք օրենքի մեկնաբանության հետ։ Այնպես չէ, որ տեղեկացվածություն չի եղել, ամեն ինչ իմ կողմից արված է եղել, բայց ամեն տեղ նշել, որ ես միայն ամսի 16-ին՝ ոչ աշխատանքային օրով գրություն եմ մուտք արել եւ չսպասելով պատասխանի` մեկնել եմ, այդպես չէ, որովհետեւ առաջին գրության անմիջապես հաջորդ օրը ես պարզաբանումներ եմ ուղարկել ու պատասխանել նախարարությանը, թե նպատակահարմար չգտնված հարցերն ինչ կարգավորումներ ունեն, որոնք, ի դեպ, արված են։ Սա է խնդիրը»,- նկատում է նա։  

Ա․ Եղիազարյանից, ով պատրաստվում է դիմել դատարան, հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս են փաստաբանները գնահատում իր շանսերը։ «Դա աշխատանքային պրոցես է, որը կարվի ըստ կարգի, դեռ ժամանակ կա, կան նաեւ բոլոր հիմքերը։ Հիմա կարեւորը` որ թանգարանի աշխատանքը չտուժի, եւ հնարավոր լինի թանգարանի բնականոն աշխատանքի շարունակականությունն ապահովել»։

Ինչպես արդեն գրել էինք, ԿԳՄՍՆ-ն իր կայացրած որոշման արդյունքում հայտնվել է խիստ անհարմար իրավիճակում, քանի որ թանգարանի ոչ մի աշխատակից չի ուզում իր վրա վերցնել տնօրենի ԺՊ-ի պարտականությունները: Թանգարանի փոխտնօրեն Մանե Խաչատրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ տնօրենի պարտականությունները, ըստ նախարարի հրամանի, իր վրա են դրվել ամսի 1-ին, բայց. «Հրամանը ստանալու նույն օրը զեկուցագիր եմ գրել տիկին Անդրեասյանի անունով եւ խնդրել եմ, որ այլ մարդու նշանակեն, որովհետեւ ես բավարար կառավարչական փորձ չունեմ։ Ըստ այդմ, խնդրել եմ՝ նշանակեն այլ անձի, իսկ թանգարանի մյուս աշխատողները եւ ես իմ հերթին կաջակցենք, որպեսզի թանգարանի հետագա գործունեությունը ռիսկի չենթարկվի։ Ես նաեւ ասել եմ, որ չեմ ստանձնում այդ պատասխանատվությունը, այս պահին դեռ որեւէ պատասխան չունեմ»։

Իրենից բացի, թանգարանի այլ աշխատակիցների առաջարկություն արվե՞լ է՝ ստանձնել տնօրենի ԺՊ-ի պարտականությունները։ «Թանգարանի այլ աշխատակիցների՝ մի քանիսի եւս առաջարկվել է, նրանք նույնպես նույն պատճառաբանությամբ հրաժարվել են, բայց իրենց դեպքում՝ արդեն բանավոր»։

Համաձայն կարգի՝ նախարարությունը կարող է դրսից որեւէ մեկին նշանակել, պարտադիր չէ, որ նա լինի հենց Թումանյանի թանգարանից, բայց խնդիրն այն է, որ նախարարության թեկնածուն՝ նոր տնօրենի ԺՊ-ի կարգավիճակում, միանշանակ չի ընդունվելու թե՛ Թումանյանի թանգարանի եւ թե՛, ընդհանրապես, ողջ թանգարանային հանրույթի կողմից, ինչն էլ արգելակում է այս գործընթացը։