Հայոց լեզվի հանդեպ իշխանությունների մոտեցումը հակասական է

Հայոց լեզվի հանդեպ իշխանությունների մոտեցումը հակասական է

Նախօրեին առցանց հարթակում կազմակերպված քննարկման ժամանակ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, խոսելով հանրակրթական ոլորտի խնդիրների եւ չափորոշիչների մասին, նշեց, որ հայերենի ժամերը կպակասեցվեն դպրոցներում, քանի որ, ըստ էության, մյուս առարկաների ժամերին էլ երեխան առնչվում է հայերենին, եւ պետք չէ հայոց լեզվին հատկացնել այն ժամաքանակը, ինչը հիմա կա։

Այս հանգամանքը սոցիալական ցանցերում, մասնագիտական խմբերում լայն քննարկման առարկա դարձավ, որտեղ օգտատերերը  հայոց լեզվի ժամերի կրճատման առնչությամբ մտահոգություն էին հայտնում եւ բարձրաձայնում, թե ՀՀ քաղաքացին որտեղ պիտի հիմնավորապես ուսումնասիրի մայրենի լեզուն, եթե բուհերում դարձնում են ոչ պարտադիր, իսկ դպրոցներում էլ ժամաքանակն են կրճատում։

«Շատ անհանգստացած եմ հայոց լեզվի ժամերի կրճատմամբ։ Եղած ժամաքանակն անգամ բավարար չէ որակյալ արդյունք ապահովելու համար, ու փոխանակ ավելացնելու, դեռ մի բան էլ կրճատո՞ւմ են: Խնդրում եմ վերանայել հայոց լեզվին տրվող ժամաքանակը։ Թյուր է այն կարծիքը, թե երեխան կարող է հայերեն սովորել նաեւ պատմության կամ այլ առարկաների դասերին։ Հայազգի երեխան ծնված օրվանից հայերեն է լսում եւ սկսում խոսել՝ աստիճանաբար հարստացնելով իր բառապաշարը, բայց դա չի նշանակում, որ նա սովորում է մեր քերականությամբ հարուստ ու բարդ լեզուն»,- նշել էր օգտատերերից Լիլիթ Պետրոսյանը։  

Մեկ այլ օգտատիրոջ՝ Մերի Գեւորգյանի կարծիքով, մյուս առարկաների ժամին հայոց լեզու սովորելն անհնար է, քանի որ հայոց լեզուն ուղղակի բառապաշար չէ․ «Եթե բուհերից հանվում է «հայոց լեզու» առարկան, եւ ցանկություն կա պարտադիր քննություն դարձնել բոլոր ընդունվողների համար, ո՞նց է հնարավոր  շաբաթական 2 ժամով (հիմա՝ ավելի քիչ) այդքան բարդ լեզուն սովորել։ Նաեւ դասագրքերը պետք է փոխել, հաճախ ծանրաբեռնված են ոչինչ չտվող նույնատիպ վարժություններով»։

ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը չի կարծում, որ հնարավոր է հայոց լեզվի ուսուցման բացը լրացնել, օրինակ, բնագիտական առարկայի դասին։ «Մարդը գիտելիք ձեռք բերելիս նախեւառաջ պետք է հիմնավորապես տիրապետի մայրենի լեզվին ու նրա բոլոր նրբություններին, ուղնուծուծով իր մայրենի լեզուն իմանա։ Միայն այս դեպքում այլ բնագավառների մասնագետը կարող է լավ մասնագետ համարվել»,-ասում է Կատվալյանն ու հիշում, որ ամիսներ առաջ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջ քաշվեց բուհերում հայագիտական առարկաների ոչ պարտադիր դասավանդման փաստը․ «Այս իշխանությունները, երբ բուհական համակարգում խոսում էին հայագիտական առարկաների կրճատման մասին, ասում էին, որ տեղափոխում ենք դպրոցական համակարգ եւ այնտեղ պետք է ուժեղացնենք դրանք, միթե ներկայիս մոտեցումը չի հակասում իրենց իսկ ասածին։ Եթե բուհերում կրճատում են, նշանակում է, որ գոնե դպրոցներում պետք է հզորացնեին»։ Հայոց լեզվի հանդեպ միտում տեսնո՞ւմ է այստեղ։ «Չեմ կարող ասել, թե հատուկ միտում կա հայոց լեզվի հանդեպ, բայց այն, որ ճիշտ չի գնահատվում հայոց լեզվի դերը, դա փաստ է եւ ակնհայտ, որ մայրենի լեզվի դերը չի արժեւորվում»։

Կատվալյանն ընդգծում է՝ լեզուն հնարավորինս ճիշտ մատուցելու համար արժե փոփոխել եւ լավագույնի հասցնել ծրագրերը, քանի որ առկա է նաեւ առարկայական, ծրագրային մեծ խնդիր։ «Դպրոցի խնդիրը պետք է լինի ոչ թե քերականական կանոնների ճշգրիտ, հստակ իմացության ամրագրումը, այլ այնպիսի ընթացքով պետք է լինի ուսուցումը, որ շրջանավարտը կարողանա ճիշտ մտածել եւ ճիշտ արտահայտվել։ Դրա համար պետք է անընդհատ կենդանի խոսքի վրա աշխատել, խոսքի մշակույթը պետք է բարձրացնել, այնպես անել, որ շատ կարդան գեղարվեստական գրականություն։ Բանավոր ու գրավոր խոսքի վրա շատ աշխատանք պետք է տարվի․ շարադրություններ, բանավոր նկարագրություններ, սխալների շտկումներ, այսինքն՝ գործնական բնույթի աշխատանքներ՝ իհարկե, միաժամանակ հաղորդելով նաեւ քերականական գիտելիքներ։ Շատ կարեւոր է լեզվի ամբողջական իմացությունը, իսկ դրա համար դպրոցում պետք է գաղափար ունենան նաեւ արեւմտահայերենից, գրաբարից, հայերենը միայն գրական արեւելահայերենը չէ, եւ ցանկացած հայ մարդ պետք է հայերենի մասին ամբողջական պատկերացում ունենա, իսկ դրա համար պետք է բավականաչափ ժամաքանակ լինի ծրագրերում», -ասում է Վ․ Կատվալյանն ու ընդգծում, որ ոչ թե պետք է կրճատել հայոց լեզվի դասաժամերը, այլ  ճիշտ կլիներ, որ դպրոցական համակարգում երեխաներին նաեւ արեւմտահայերեն, գրաբար ուսուցանեին, որովհետեւ այդ ամենը նպաստում է նրանց՝ իբրեւ մարդու, քաղաքացու, մասնագետի ձեւավորմանը։  

«Մենք այն իրավիճակում չենք, որ թույլ տանք համաշխարհային ազգ համարել մեզ եւ մեր ազգային արժեքները ստորադասել, հակառակը՝ մենք առաջնահերթ պետք է համարենք մեր ազգային արժեքները՝ նախեւառաջ լեզուն, եւ որքան հնարավոր է եւ որտեղ հնարավոր է, պետք է ուժեղացնենք լեզվի ուսուցումը։ Լեզուն ամենակարեւոր միջոցն է՝ լավ մասնագետ ձեւավորելու համար։ Չպետք է հույսը դնել այլ առարկաների միջոցով լեզուն յուրացնելու վրա, այլ հակառակը՝ պետք է գտնել լեզուն դպրոցում ուսուցանելու այնպիսի եղանակներ, որպեսզի դպրոցն ավարտած մարդը կարողանա գեղեցիկ, գրագետ հայերենով նախ իր մեջ մտքեր ձեւակերպել, ճիշտ մտածել եւ հետո կարողանա այդ մտքերը հասկանալի, գեղեցիկ ձեւով արտահայտել։ Այդ ամենի պակասն է, որ այսօր հազար ու մի տարբեր մեկնաբանություններ են արվում միեւնույն հարցի վերաբերյալ։ Օրինակ՝ իրավաբանության ոլորտի մասնագետները չեն կարողանում հստակ իրենց միտքը ձեւակերպել թե՛ օրենքներում, թե՛ Սահմանադրության մեջ, որպեսզի ամեն ինչ հստակ եւ կոնկրետ լինի, եւ ոչ թե ամեն անգամ յուրովի մեկնաբանեն, բաժանվեն խմբերի։ Նույն հարցը մարդկանց մի խումբ մի ձեւ է մեկնաբանում, մի մասը՝ մեկ այլ կերպ, ինչո՞ւ, որովհետեւ շարադրված չէ հայերենով, եւ դպրոցում ուշադրություն չեն դարձնում գեղեցիկ, տրամաբանված հայերեն սովորեցնելու վրա։ Պետք է ոչ թե հայերենի ժամերը կրճատել, այլ գտնել ճիշտ եղանակներ՝ ճիշտ հայերեն ուսուցանելու համար»,- նշում է Վ․ Կատվալյանը։