Այն, ինչ անում է կառավարությունը տարեց թոշակառուների հետ, սովորական ֆաշիզմ է

Այն, ինչ անում է կառավարությունը տարեց թոշակառուների հետ, սովորական ֆաշիզմ է

Անցյալ տարի հունվարին  «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը (այն ժամանակ նա դեռ պատգամավոր էր, ոչ թե ԼՂ սոցապ նախարար – Ս․Ս․), ԱԺ-ում ներկայացնելով «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, խոստանում էր, որ թոշակառուները կազատվեն ամեն տարի բանկ գնալու անհրաժեշտությունից։ Իհարկե, ոչ մի թեթևացում չեղավ։ Ընդամենը հնարավորություն տրվեց թոշակառուներին բանկ գնալու փոխարեն ինտերնետով տեսակապի դուրս գալ։

Կարելի է պատկերացնել, թե քանի տարեց թոշակառու է գլխապատառ կապվել բանկերի հետ տեսակապով, հատկապես միայնակ, վատ տեսնող ու վատ լսողների խմբից։ Արի ու մի ասա, որ թողած պարզ լուծումները, կառավարությունը ընկնում է վիրտուալ ապուշությունների հետևից։ Բայց մեկնաբանությունները թողնելով ընթերցողին, ավելացնեմ միայն, որ բանկ ներկայանալու պահանջը շարունակում է արդի լինել, իսկ եթե թոշակառուն ինչ-ինչ տեխնիկական պատճառներով չի կարողացել ներկայանալ, կամ ուշ է տեսել բանկի ուղարկած sms-ը, կամ առհասարակ դժվարանում է sms-ներ կարդալ, կամ էլ մոռացել է գնալ բանկ, իսկ այդպես լինում է տարեցների հետ, ապա նա ենթարկվում է ինկվիզիցիայի՝ մեկ ամսով զրկվում է այն կոպեկներից, որ ՀՀ կառավարությունն իրեն նետում է, անունը դնելով թոշակ։ Բանկերից մեկում, «Բարեկամություն» մետրոյի և «Ծերուկ Խոտաբիչ» խանութի հարևանությամբ ինկվիզիցիայի երկու այդպիսի դեպքի ականատես եղանք։ Թոշակազուրկներից մեկը 82 տարեկան Լ․Դ-ն էր, որը դստեր հետ մոտենալով բանկոմատին ու տեսնելով, որ իր քարտը դափ-դատարկ է, շտապել էր բանկ։ Այստեղ տեղեկացել էր, որ այս ամիս պետք է ներկայանար բանկ, բայց չի իմացել։ «Նրանք sms-հաղորդագրություն են ուղարկել մորս, բայց մայրիկի հին հեռախոսահամարը այլևս չկա։ Նա բանկի նամակը չի ստացել։ Նա սովորաբար հունիսն էր ներկայանում բանկ, բայց այս անգամ, չգիտես ինչու, մարտին են նամակ ուղարկել։ Բանկում ասացին, որ մեկ ամսից երկու ամսվա թոշակը միանգամից կստանա։ Բա հիմա ասենք, թե ես չկայի, մի ամիս պետք է սոված նստե՞ր ծեր կինը»։

Երկրորդ «շտռաֆնիկը», որին տեսանք բանկում, լսողական խնդիրներ ունեցող մի տատիկ էր՝ Ռ․Ա-ն։ Անվտանգության աշխատողը նրան մի կերպ բացատրում էր, որ պետք է մոտենա ապարատին ու այցելության կտրոն վերցնի։ Տեխնիկայի դարում անօգնական վիճակում հայտնված տատին չէր լսում ու առավել ևս՝ չէր հասկանում, թե ինչ են իրեն ասում։ Ի՞նչ այցելությունների կտրոն, ի՞նչ ապարատ։ Նա մոլորված տեսք ուներ, ամենևին նման չէր sms կարդացողի, առավել ևս բանկի հետ տեսակապով շփվողի։ Ռ. Ա-ն ևս երկու ամսվա թոշակը կստանա մայիսին, իսկ այս ամիս կարող է սնվել օդով, իսկ եթե չի կարող, մուրացկանության դուրս գալ։

Որտե՞ղ նա նստի, ապրուստի, կոմունալի փող մուրա՝ սոցապնախարարության, թե՞ բանկի կենտրոնական գրասենյակի մոտ։ Առհասարակ, ինչո՞վ պետք է սնվի թոշակից զրկված միայնակ կինը։  
Բանկի մամուլի պատասխանատուն «Հրապարակին» պատասխանեց, որ չներկայացած թոշակառուներին մեկ ամսով թոշակից զրկելը ոչ թե բանկի նախաձեռնությունն է,  այլ սոցապնախարարության պահանջը՝ բանկին ուղղված։ «Դա բանկի որոշումը չէ, այլ սոցապնախարարության պահանջն է։ Թոշակառուների տված հեռախոսահամարների վրա մենք ուղարկում ենք էլեկտրոնային նամակները։ Նրանց մի քանի օր է տրվում, որ պարտադիր ներկայանան բանկ ու իդենտիֆիկացվեն, որից հետո այդ տվյալների հիման վրա սոցապնախարարությունը թույլ է տալիս թոշակների փոխանցումը»։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խոսնակ Զառա Մանուչարյանն էլ պարզաբանեց․ «Մեր կողմից ներկայացվում է պահանջ, որ բանկը պետք է ներկայացնի ինֆորմացիա այն մասին, որ քաղաքացին ներկայացել է կամ չի ներկայացել։ Արդեն բանկն է որոշում, կազմակերպելու ձևը՝ հաստատելու է տունայցով, թե հեռակապով, ենթադրենք՝ վայբերով»։ Ո՞ւմ պահանջն է թոշակառուին մեկ ամսով թոշակից զրկելը։ «Դա կառավարության որոշմամբ է սահմանված։ Նրա փողը չի կորում, մյուս ամիս նա ստանում է իր թոշակը։ Տարին մեկ անգամ ներկայանալը պետական կենսաթոշակների մասին օրենքի պահանջն է, ներկայանալու հաջորդ ամիսը վճարվում է երկու ամսվա գումարը միասին», - հայտնում է խոսնակը, հիշեցնելով, որ կանխիկ ստացողների դեպքում ներկայանալու պահանջ չկա։ Ո՞ւմ պահանջն է թոշակառուին մեկ ամսով  թոշակից զրկելը։ «Կառավարության»։

Հ․Գ․ Բանկի անունը չենք նշում, քանի որ մեր նշված թոշակառուների խնդիրը անմիջապես լուծվեց։ Բանկը իր միջոցներից փոխանցեց թոշակը։ Իսկ կառավարությանը ուզում ենք հարցնել. ինչո՞ւ չի կարելի թոշակառուի ողջ լինելու կամ երկրից չհեռանալու հանգամանքը պարզել՝ առանց նրան նեղություն տալու։ Եթե թոշակառուն դուրս է եկել երկրից, սոցապնախարարությունը կարող է ավտոմատ ձևով սահմանապահ ծառայությունից ստանալ նրա ելքի տվյլաները, իսկ եթե մահացել է, սոցապն առաջինն է տեղեկանում այդ մասին։ Բայց ոչ։ Սրա համար ջանք ու աշխատանք է պետք։ Ավելի հեշտ է խնդիրը լուծել էն խուլ տատիկի հաշվին։ Հիշեցնեմ՝  տարիքային կենսաթոշակառուները ամենաչքավոր խավն են Հայաստանում։ Մոտ 470 հազար տարիքային կենսաթոշակառու կա։ Նվազագույն կենսաթոշակը կազմում է 26 500 դրամ, իսկ միջին թոշակը մոտ 40 000 դրամ է։