Տիկին Ժաննա Անդրեասյան, գուցե ես Ձեզ նեղացրել եմ, բայց դուք բարձր եղեք

Տիկին Ժաննա Անդրեասյան, գուցե ես Ձեզ նեղացրել եմ, բայց դուք բարձր եղեք

Ընթերցողին հայտնեմ, որ 22 տարի կամավորների խմբի ջանքերով ստեղծվել է հայերեն բացատրական և 14 այլ լեզուների թարգմանչական ինտերնետային բառարան։ Նայեք translator.am էջը։ Նշված էջում անվճար ծառայություն է մատուցվում 10 միլիոնանոց հայությանը։ Բառարանն արդեն ընդգրկում է մոտ 173 հազար հայերեն բառ՝ իրենց բացատրություններով։ Համակարգը հաջողությամբ կարող է օգտագործվել նաև ուսումնական պրոցեսում։ Երբ էջում երևում է դասագրքի կամ դասախոսության տեքստը, օգտատեր աշակերտը կամ ուսանողը կարող է մկնիկի մեկ հարվածով նշել անհասկանալի բառը կամ բառակապակցությունը և համակարգի գիտելիքների շտեմարանից ստանալ նշված բառի կամ տերմինի բացատրությունը: 

Սովորաբար սովորողը տեքստում 1-2 անծանոթ բառ կամ տերմին համդիպելիս վհատվում է և դադարեցնում նյութի յուրացումը` սպասելով ուսուցչի օգնությանը, սակայն ենթադրենք սովորողը տանն է կամ ուսուցիչը բացակայում է, այդ դեպքում նրան փոխարինում է մեր համակարգը` տալով համապատասխան հուշումներ։ Եթե  բացատրության մեջ էլ կան անհասկանալի տերմիններ, ուսանողը կարող է նույն եղանակով գտնել դրանց բացատրությունը։ Այս համակարգը փորձարկվել է պոլիտեխնիկում և դրական արդյունքներ են ստացվել։ Ներկայում` ոչ որակյալ դասագրքերի պայմաններում, գյուղերում ուսուցիչների պակասի պայմաններում նման համակարգը խիստ անհրաժեշտ է։ Վերջին 3-4 տարում անընդհատ դիմել ենք նախարարությանը, որպեսզի նրանք տեղեկացնեն հանրապետության աշակերտությանը համակարգի գոյության մասին, և 1-2 ժամվա ուսուցումից հետո համակարգը դառնա աշակերտի համար հարմար կրթական գործիք։

Համակարգը մեր կողմից անվճար տրամադրվում է պետությանը` դպրոցներում և համալսարաններում օգտագործման համար։ 2020 թ. սեպտեմբերին կազմակերպվեց օնլայն հանդիպում ԿԳՄՍ-ի պատասխանատու աշխատողների և Ժաննա Անդրեասյանի հետ։ Նրանց կարծիքը դրական էր, սակայն Ժ․ Անդրեասյանը առաջարկեց համակարգի կիրառումը հետաձգել մինչև նոր դասագրքեր։ Ես հայտարարեցի, որ նման ձգձգումը անհիմն է, քանի որ նոր դասագրքերի տպագրման ժամկետները հաստատված չեն, ասացի, որ նախարարության կողմից չեմ տեսնում պետական մտածողություն։ Ըստ երևույթին` այս միտքը վիրավորեց Ժ․Անդրեասյանին։ 2021-ին մեզ այցելած հեռուստալրագրողը զարմացավ, թե ինչու չեն կիրառում այս ժամանակակից գործիքային միջոցը ուսումնական պրոցեսում, ես մասնավոր զրույցի ընթացքում հայտնեցի, որ Ժ․Անդրեասյանի մակարդակը կուխարկայի մակարդակ է։ Բայց հետագայում պարզվեց, որ լրագրողը չի անջատել իր միկրոֆոնը, և իմ խոսքերը լսվեցին եթերում, ուրեմն նաև նախարարությունում։ 

2021թ-ի սեպտեմբերին հաջորդող ամիսներին նախարարություն ներկայացրեցի համակարգի նոր տարբերակը և առաջարկեցինք, որ փորձնական շահագործման դրվի մի քանի դպրոցներում, և հավաքվի աշակերտների կարծիքը՝ անանուն հարցման թերթիկներով, քանի որ նրանց կարծիքն ավելի կարևոր է, քան որևէ վարչարարի, սակայն մինչ օրս գործը տեղից չի շարժվում։ Ինձ կողքից հայտնեցին, որ Ժ․Անդրեասյանն ինձանից նեղացել է։ Այժմ դիմում եմ իրան՝ «Հարգելի Ժ․ Անդրեասյան, ես Ձեր ընկերուհին չեմ, որ նեղացել եք ինձնից, քեն մի պահեք ինձ վրա, դրանից կտուժեն միայն աշակերտները: Դուք պետական պաշտոնյա եք. առաջարկում եմ բարձր լինել և պետական շահերը վեր դասել անձնական զգացմունքներից»:

Հեղինակ՝ Պոլիտեխնիկի պրոֆեսոր Էդուարդ Մանուկյան