Մեկնումեկը պետք է հեռանա՝ կա՛մ Արայիկ Հարությունյանը, կա՛մ Վիտալի Բալասանյանը

Մեկնումեկը պետք է հեռանա՝ կա՛մ Արայիկ Հարությունյանը, կա՛մ Վիտալի Բալասանյանը

Հետպատերազմյան Արցախի ներքաղաքական գործընթացները շրջադարձ են ապրել։ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն առաջնորդվում է Նիկոլ Փաշինյանի օրակարգով եւ իր կամքով ու իր կողմից խոստացված հրաժարականի փոխարեն դիրքերն է ամրապնդում։
Մինչդեռ կապիտուլյացիայի հայտնի փաստաթղթի ստորագրումից օրեր անց Հարությունյանն իր հայտնի ուղերձում պատրաստակամություն էր հայտնել՝ ցանկացած պահի հեռանալ պաշտոնից, նաեւ՝ քաղաքականությունից, հայտարարել էր, թե հրաժարվում է «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահությունից, խոստացել էր չմասնակցել առաջիկա նախագահական ընտրություններին, ապա համագործակցության, ազգային համաձայնության կառավարություն ձեւավորելու կոչ էր արել քաղաքական բոլոր ուժերին  ու հայտարարել քաղաքական կոնսուլտացիաներ սկսելու մասին։ Ասել էր նաեւ, որ պատրաստ է կիսել սահմանադրական իր լիազորությունները եւ կադրային ու անվտանգային որոշումները կայացնել համագործակցության առաջարկն ընդունած քաղաքական ուժերի հետ համատեղ։
Հենց այս պայմանավորվածությունների արդյունքում էր, որ Վիտալի Բալասանյանը նշանակվեց Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում՝ նախապես պայման դնելով, որ ուժայինները, որոնց գործունեության արդյունքում ենք նաեւ պարտություն կրել, պետք է հրաժարական տան, հատկապես ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Կամո Աղաջանյանը եւ ոստիկանապետ Աշոտ Հակոբջանյանը, որովհետեւ Արցախում շատերն են կարծում, որ նրանք պաշտոնյաներ են, որոնք սերտաճել են բիզնեսի հետ։ Արայիկ Հարությունյանը մոտ մեկ ամիս դիմադրում էր, որ չգնար այդ քայլին․ Կամո Աղաջանյանի հետ ունեցած բիզնես եւ խնամիական կապերից բացի, երկու պաշտոնյաները մեծ ներդրում էին ունեցել վերջին համապետական երկու ընտրությունների ժամանակ, ֆինանսական մեծ ռեսուրսներ էին ներդրել եւ Հարությունյանից պահանջել՝ կա՛մ վերադարձնել քարոզարշավի վրա ծախսած իրենց փողերը, կա՛մ թույլ տալ պաշտոնավարել, որ հետ բերեն ծախսածը։ Նրանց հետաքրքրությունները հատկապես շինարարական ոլորտում են։ Ի վերջո, երկու պաշտոնյաներն էլ պաշտոնանկ արվեցին, սակայն վերջիններիս չնեղացնելու համար Արցախի նախագահը նրանց պահեց իր կողքին՝ Կամո Աղաջանյանին նշանակելով Հայաստանում Արցախի նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով, Աշոտ Հակոբջանյանին՝ Արցախի նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով։
Մինչ մի կողմից կոնսուլտացիաներ էին ընթանում խորհրդարանական ուժերի հետ, մյուս կողմից Հարությունյանը, խախտելով պայմանավորվածությունը, կադրային քաղաքականություն էր իրականացնում՝ պաշտոնի նշանակելով բացառապես իր մերձավորներին եւ նրանց, որոնց Նիկոլ Փաշինյանն էր պահանջում, օրինակ՝ Հայկ Խանումյանին, Մանե Թանդիլյանին։ Արայիկ Հարությունյանի խոսքի ու գործի հակասությունն էլ Արցախում լարված մթնոլորտ է ստեղծել։ Տարեվերջին խորհրդարանական երկու ուժերը՝ ՀՅԴ-ն եւ Վիտալի Բալասանյանի «Արդարություն» կուսակցությունը, հայտարարեցին, որ հրաժարվում են համաձայնության կառավարություն ձեւավորելուց՝ վկայաբերելով վերոնշյալ պայմանավորվածությունների խախտման փաստը։ Հիմա Արայիկ Հարությունյանի միակ հույսը մնացել է ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը, որի ղեկավարած ԱԺԿ-ն խորհրդարանում 3 մանդատ ունի, իսկ խորհրդարանում ներկայացված 5 ուժերից եւ ոչ մեկը չունի հսկիչ փաթեթը՝ միանձնյա կառավարություն կազմելու համար։
Նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած կուսակցությանը չի բավականացնում մեկ մանդատ, որպեսզի մեծամասնություն կազմի խորհրդարանում, իսկ եթե ոչ, ապա նախագահի նշանակման մեկ տարին լրանալուն պես մյուս խմբակցությունները կարող են անվստահություն հայտնել նրան։ Առհասարակ՝ եթե հնարավոր լինի հասնել նախագահի հրաժարականին, ապա պետք է նոր ընտրություններ անցկացվեն։ Սակայն պատերազմից հետո կարծիքներ են հնչում, որ առաջիկա տարիներին Արցախում անհնարին կլինի ընտրություններ անցկացնել՝ հաշվի առնելով թե՛ պատերազմի հետեւանքները, թե՛ բարոյահոգեբանական վիճակը, թե՛ ռուսների ներկայությունն ու Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը, ինչպես նաեւ Արցախի բնակչության ցրվածությունը երկրով մեկ։
«Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը, սակայն, վստահ է, որ եթե վաղն էլ Արայիկ Հարությունյանը հրաժարական տա, հնարավոր է կազմակերպել ընտրություններ։ «Միայն Արայիկ Հարությունյանի նեղ շրջապատն է տարածում, թե իբր անհնար է ընտրություն կազմակերպել։ Մենք 91 թվականին «Կոլցո» օպերացիայի պայմաններում հանրաքվե ենք Արցախում իրականացրել․ այն ժամանակ հնարավոր էր, հիմա՝ անհնա՞ր։ Ինքն իր ուղերձում ասաց՝ առաջին հարմար պահին հրաժարական կտա, չէ՞, հիմա էլ հարմար պահ է, կարող է տալ»,- ասաց Գալստյանը՝ հիշեցնելով, որ ԱՀ Սահմանադրությունն ընտրողների ո՛չ մասնակցության, ո՛չ էլ քվեարկության համար նվազագույն շեմեր չի նախատեսում։
Գալստյանի կարծիքով, Արայիկ Հարությունյանն այսօր պետք է մտածի ոչ թե ինչ-ինչ կոալիցիաներով իր իշխանությունը փրկելու մասին, այլ թեկուզ բարոյական պատասխանատվություն ստանձնի ու հեռանա։ «Միգուցե այսօր իրավական ճանապարհ չկա, Սահմանադրությունը թույլ չի տալիս հասնել իր հրաժարականին, բայց բարոյական նորմով ինքը պարտավոր է հրաժարական տալ, որովհետեւ իր երդմնակալության ժամանակ բոլորս էլ ներկա ենք եղել, լսել ենք, թե ինչպես է երդվել՝ ասելով, որ Արցախի 11 հազար 500 ք/կմ-ին տեր է, եւ վերջում եզրափակել «Արցախը Հայաստան է եւ վերջ»՝ Նիկոլի թեզով։ Իսկ պատերազմից հետո ո՛չ Արայիկ Հարությունյանից, ո՛չ Նիկոլից չլսեցինք այդ թեզը, այլ հակառակը՝ «Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջանն է»։ Այս մարդկանց հետագա պաշտոնավարումը բարոյական նորմերում անգամ չի տեղավորվում»։
Նշենք, որ մինչ այս պահը Արցախի ԱԱԾ տնօրենի եւ ոստիկանապետի պաշտոնները թափուր են մնացել, կան տեղեկություններ, որ այս պաշտոնների նշանակումը համաձայնեցվելու է Վիտալի Բալասանյանի հետ։ Եթե ամեն ինչ ընթանա այդ սցենարով, ապա Հարությունյանն ինքնըստինքյան կմնա խաղից դուրս՝ մեկուսացված վիճակում, իսկ եթե ոչ, ապա չի բացառվում, որ Արցախում նոր  թեժացում լինի՝ ընդհուպ Վիտալի Բալասանյանի հրաժարականի տեսքով։