Մայրս երկրորդ պատվաստումից կորոնավիրուսով վարակվեց․ ահազանգ

Մայրս երկրորդ պատվաստումից կորոնավիրուսով վարակվեց․ ահազանգ

«Մայրս երկրորդ պատվաստումը ստանալուց անմիջապես հետո վարակվել է կորոնավիրուսով, եւ հիմա վիճակը ծանր է»։ Այս մասին մեզ ահազանգել էր քաղաքացիներից Աննա Սարգսյանը, պատմելով մոր՝ տիկին Սուսաննայի՝ պատվաստման երկրորդ դեղաչափը ստանալուց հետո առողջական վիճակի մասին։

«Քովիդը հերքում էին, ասում էին՝ անհնար է քովիդ լինի, զանգել եմ 1-03, եկան, ասացին՝ պատվաստանյութից կարող է ջերմի, քովիդ չի լինի։ Մենք թեստ արեցինք, պարզվեց` թեստը դրական  է։ Զանգել եմ առողջապահության նախարարություն, ասում եմ՝ մեզ ո՞վ պետք է պատասխան տա, եթե ասում եք՝ մարդիկ կփրկվեն, գնացեք պատվաստվեք, որ քովիդ չընկնեք։ Իմաստը ո՞րն ա պատվաստվելու, եթե այդ մարդը հիմա ծայրահեղ վիճակում է։ Հիվանդանոցները չեն ընդունում, չեն գալիս, թոքերը չեն նկարում։ Զանգում եմ թեժ գիծ, ասում են՝ գնացեք պոլիկլինիկայի աշխատողին դատի տվեք։ Այսինքն՝ բարդակ վիճակ է, եթե մարդը մահանա, պետք է դատի տանք, իրենք պատասխանատվություն չեն կրում»,-ասաց մեր զրուցակիցը։

Դստեր խոսքով՝ 45-ամյա մայրը որեւէ առողջական խնդիրներ չի ունեցել, պատվաստման առաջին դեղաչափն ընդունելուց հետո մի փոքր թուլություն է ունեցել, սակայն երկրորդից հետո կորոնավիրուսով է վարակվել․ «Չինականն է պատվաստվել, լիովին առողջ է ինքը եղել, միանգամից վատացավ, ճնշումն ընկավ։ Պատվաստումից 6 օր անց է վիճակը վատթարացել, ու ինքը ոչ մի վարակակրի, կոնտակտավորի հետ չի շփվել բացարձակ»։

Տիկին Սուսաննան պատվաստվել է թիվ 12 պոլիկլինիկայում։ Մենք փորձեցինք կապ հաստատել պոլիկլինիկայի տնօրինության հետ, սակայն մեր զանգերին չպատասխանեցին։