Գաղտնի սոցիոլոգիա Հայաստանում

Գաղտնի սոցիոլոգիա Հայաստանում

Հայաստանում ապրիլի 5-ին սահմանադրական հանրաքվե է, Արցախում մարտի 31-ին՝ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ։ Ի՞նչ են անում սոցիոլոգները, ունե՞ն պատվերներ։ Այս տեղեկատվությունը, պարզվում է՝ գաղտնի է։ Միայն Gallup International Аssociation-ի հայաստանյան կազմակերպության ղեկավար Արամ Նավասարդյանը հայտնեց, որ մարտին իրենց նախաձեռնությամբ՝ ոչ ինչ-որ մեկի պատվերով, անցկացնելու են հանրաքվեին առնչվող հարցումներ, որոնց տվյալները բաց հրապարակելու են։ Նավասարդյանն ավելացնում է, որ հարցաթերթը կներառի մի քանի հարց, որոնք կվերաբերեն հանրաքվեի անհրաժեշտությանը, մարդկանց վերաբերմունքին, արդյոք այն հրատա՞պ է, թե՞ ոչ։
Մեկ էլ Ահարոն Ադիբեկյանը հայտնեց, որ մարտի վերջին Արցախում նախագահական ընտրությունների հետ կապված՝ «Սոցիոմետր»-ը սոցհարցման պատվեր ունի։ Ադիբեկյանը չի մասնավորեցնում, թե Արցախի նախագահի 14 թեկնածուներից ով է պատվիրել, միայն ասում է․ «Դա մի չեզոք անձ է, որի համար կարեւորը, որ Ղարաբաղի ընտրությունները լինեն համաշխարհային մակարդակի»։ Մեր տեղեկություններով՝ Արցախում սոցհարցումներ անցկացվել են նաեւ ինչ-որ «Մոզաիկա» կազմակերպության կողմից, որն առնչվում է «Բրեյվիս» սոցիոլոգիական ընկերության հետ։ Սակայն ընկերության մամուլի պատասխանատուն՝ Ալեքսանդր անունով, հերքեց իրենց կապը։ Առհասարակ որեւէ հարցի՝ Արցախում հարցումներ արե՞լ են, անո՞ւմ են կամ անելո՞ւ են, կամ սահմանադրական հանրաքվեի հետ կապված, ընկերությունից չեն պատասխանում՝ նշելով, որ գաղտնիք են ոչ միայն հարցման արդյունքները՝ պատկերը, այլեւ այն, թե նման հարցումներ անցկացվե՞լ են, թե՞ ոչ։
Սոցիոլոգ Կարեն Սարգսյանն ասում է․ «Իրականում, սա նորմալ պրակտիկա է, արդյունքները կարող են հրապարակվել, եթե, ասենք, ԶԼՄ-ները միավորվեն, պատվեր տան ու պայմանավորվեն տպագրել։ Միայն այս պարագայում, թե չէ մարդիկ գումար են ծախսում, տեղեկություններ հավաքում իր շտաբի համար, իսկ հրապարակվելու դեպքում մրցակիցը տեղեկանում է։ Եվ իմ պրակտիկայում եղել է, որ պայմանագրի մեջ ֆիքվել է, որ պետք է չհրապարակվի»։ Տեղեկություն ունենք, որ ԱԱԾ-ն պարբերաբար անցկացնում է իշխանության վարկանիշի հարցումներ։ Մեր զրուցակից սոցիոլոգները՝ բոլորն էլ ասացին, թե վստահ են, որ արվում են ու ոչ միայն նշված կառույցի կողմից։ «Շատ են կազմակերպությունները, ովքեր աշխատում են այդ ոլորտում»,-ասաց Կարեն Սարգսյանը։ Նրա խոսքով՝ սա անում են ե՛ւ գործող իշխանությունները, ե՛ւ նախկինները։
Սարգսյանն ասաց, որ հանրաքվեի վերաբերյալ հարցումը, ըստ օրենքի, արվում է նախընտրական շտաբների ձեւավորումից հետո։ Կարեն Սարգսյանին հարցրինք, թե արդյոք հանրաքվեի օրը «այո»-ի տո՞ն է լինելու, ինչպես երեկ մեզ ասում էր Լոռվա մարզպետը։ Նա ասում է, որ ընտրություններից առաջ նույնիսկ այն կուսակցությունները, որ հետո 100 ձայն են հավաքելու, մինչեւ ընտրությունները «քարվան են կտրում»։ Ուստի, նա առաջարկում է ամեն ասված ու չասված բան անգամ դիտարկել այդ տեսանկյունից։
Եվս մեկ հարց տվեցինք սոցիոլոգին․ հանրաքվեները Հայաստանում մասնակցության ի՞նչ շեմ են ունենում։ Սա շատ կարեւոր է, քանի որ, հիշեցնենք, հանրաքվեի համար անհրաժեշտ է 650 հազար «այո»։ Նա ասում է, որ եթե Շվեյցարիայի պարագայում հաստատ կարող է ասել մասնակցության թիվը, ապա Հայաստանի՝ ո՛չ։