Ցրտահարությունից 1 մահ, բայց Գյումրիում ցրտերը նոր-նոր են սկսվում

Ցրտահարությունից 1 մահ, բայց Գյումրիում ցրտերը նոր-նոր են սկսվում

Գյումրիում ցրտահարության հետևանքով 70-ամյա միայնակ կնոջ մահ է գրանցվել: Սա այն դեպքում, երբ մինչև 20 աստիճան ցրտերը դեռ նոր-նոր են սպասվում, իսկ տնակային ավաններում էլ՝ 2600 բնակիչ, չհաշված կիսափլված շենքերը, ուր ոչ պակաս սարսափելի վիճակ է։ Ինչը երևում է միայն նկարագրությունից «առանց կտուրի ու կոմունալ հարմարությունների, ուր եթե անձրևը լցվում է, չորրորդից մինչև առաջին հարկ հասնում է»։

«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը, որը կենսագրություններով գիտի տնակային ավանների բոլոր բնակիչներին, «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ այս տնակներում ու շենքերում ապրում են ոչ միայն մարդիկ, այլև Հայաստանի ամենախոցելի մարդիկ՝ տարեցներ,միայնակ առանց խնամքի մարդիկ, որոնցից շատերը նաև տեղաշարժի խնդիր ունեն։

Մահացած  կինը միայնակ է ապրել, ունեցել խնամակալ, որը այլ վայրում է ապրում՝ քաղաքի մյուս թաղամասում։ Իսկ ամենացավալին, ըստ նրա, այն է, որ Թումասյանն արդեն 1-1․5 ամիս է՝ ահազանգում է, որ Գյումրիի տնակային ավանների բնակիչները վառելափայտի խնդիր են ունենալու։

«Որ զբաղվե՛ք էդ խնդրով․․․ մի մնացեք մի կազմակերպության հույսով։ Նախորդ տարիներին հնարավոր էր լինում խուսափել, նախ որ մոտ 30-40 դրամով պատրաստված էին լինում, փայտ էին ունենում, մյուս մասը էլի՝ ինչպես հիմա՝ ծառի ճյուղեր են կտրում,աղբամաններից են հավաքում, և մենք ենք տալիս, բայց քանի որ էս տարի շատ էր, մեր պոտենցիալ շահառուների 7 տոկոսն էր նախապատրաստվել ձմռանը, մենք բոլորին չկարողացանք օգնել»,-ասում է Թումասյանը։ Չնայած նրան, որ ավելի շատ վառելափայտ են բաժանել, քան նախորդ տարիներին։

Պատճառների մասին, թե ինչու են քիչ պատրաստվել, նա կարող է ենթադրել․«պատերազմ, կորոնավիրուս և «իշխանությունների կողմից որևէ ադեկվատ մոտեցման բացակայություն»»։

Այսինքն, որ նախապես մտածեին, թե ինչ գործողություններով դեմն առնեն, որ տնակային ավանում ցրտից մարդ չմահանա։ Ըստ որում, Թումասյանն ասում է, որ եթե ցերեկը 10 աստիճան ցուրտ է, ապա գիշերը դա դառնում է 18-20, ինչը նշանակում է, որ նաև տնակի ներսում, քանի որ «գիշերը տնակային ավանում հենց վառարանն անջատում ես, տարածքում նույն ջերմաստիճանն է, ինչ դրսում։ Տաքության պահպանման որևէ բան չկա»։

Փաստ է, որ տնակային ավանների բնակիչների մասին պետությունն ուզում է չհիշել, մոռանալ, բայց երբեք չի մոռանում, որ տնակային ավաններում կան զինվորներ։
Ըստ Թումասյանի՝ գոնե Գյումրիի համար կարող է փաստել, որ հայրենիքի համար կյանքը տված մարդիկ ավելի շատ են կամ տնակային ավաններից կամ այնտեղից այլ շենքեր տեղափոխված մարդիկ։ «Տնակային ավան կա, որ մի քանի տնակից 3 զոհ կա»,-ասում է «Շիրակ կենտրոն»-ի տնօրենը։