Վիվա-ՄՏՍ-ն ավելացրել է բնակարանաշինությանը հատկացվող ներդրումը

Վիվա-ՄՏՍ-ն ավելացրել է բնակարանաշինությանը հատկացվող ներդրումը

Բնակարանաշինության ծրագրից օգտվող ընտանիքների թիվը փոխվել է: Վիվա-ՄՏՍ-ը հնարավորինս ավելացրել է իր ներդրման չափը՝ «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնի» հետ առավելագույն աջակցություն տրամադրելու եւ տան խնդրի առջեւ կանգնած ընտանիքներին սատարելու համար: Ուշադրության կենտրոնում են հանրապետության բոլոր մարզերը, սակայն հատկապես հուլիսյան դեպքերից հետո առաջնահերթություն է տրվել սահմանապահ գյուղերում ապրող ընտանիքներին: Տարեսկզբին հայտարարված 37 ընտանիքի փոխարեն ընթացիկ տարում տան հետ կապված՝ կառուցման կամ վերանորոգման խնդիրները կհաղթահարի 88 ընտանիք: Ծրագրին նոր թափ հաղորդելու որոշումը քննարկվել է նաեւ տեսազանգով՝ աշխատանքները համակարգելու համար Տավուշի մարզ մեկնած գործընկերների հետ:

«Մենք դեռ չենք վերադարձել կյանքի բնական ռիթմին, սակայն դա մեզ չի խանգարում՝ իրականացնելու մեր ծրագրերը: Գուցե փոխել ենք աշխատանքի մեթոդներն ու գործիքները, բայց ո՛չ նպատակը: Ավելին, ուրախ եմ տեղեկացնել, որ այն, ինչը քննարկում էինք ավելի վաղ, իրականություն է դարձել: Մենք հնարավորինս ավելացրել ենք մեր աջակցության չափը եւ փոխանցել անհրաժեշտ գումարը։ Դա ավելացնում է աշխատանքի ծավալն ու պատասխանատվությունը, բայց վստահ եմ, որ հաջողությամբ կեզրափակենք տարին»,- տեսազանգի ընթացքում ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Այս տարի եւս Վիվա-ՄՏՍ-ը զերծ չի մնացել անակնկալ մատուցելուց: Աննախադեպ ցուցանիշ է՝ ծրագիրն սկսել 37 ընտանիքի համար, ապա այն ավելացնել ու ավարտին հասցնել 88-ով: Այս տարվա ներդրման չափն էլ բավականին մեծ է: Հուսադրող եւ ուրախալի է, որ կարող ենք հանրապետության տարբեր մարզերում ապրողներին օգտակար լինել: Թեեւ ստեղծված իրավիճակը թույլ չի տալիս աշխատել մեծ ակտիվությամբ, սակայն ձգտելու ենք հնարավորինս լարել մեր ուժերն ու հասնել լավ արդյունքի»,- ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Տավուշի մարզի Այգեպար գյուղում բնակվող Փայտյանների ընտանիքը բնակարանաշինության ծրագրում նոր ընդգրկվածներից է: Կնոջը վաղաժամ կորցրած տանտերը մի նպատակ ունի՝ զինվորական որդու երիտասարդ ընտանիքին տեսնել ամուր տանիքի տակ: Դեռեւս 1992 թվականին, հակառակորդի ռմբակոծության հետեւանքով, հաշված րոպեների ընթացքում Փայտյանների տունն ավերակների է վերածվել: Ընտանիքն այժմ էլ ապրում է վարձով՝ վթարային դարձած մեկ այլ շենքում:

«Շուրջ 35 տարի առաջ ստացած բնակարանս, որտեղ ապրել եմ կնոջս ու զավակիս հետ, 1992 թվականին հակառակորդի ռմբակոծության հետեւանքով քանդվել է: Ժամանակավոր՝ մեկ տարի, ապրել ենք բարեկամիս բնակարանում: Հետո դարձյալ տեղափոխվել ենք այլ տներ: Արդեն 27 տարի ապրում ենք վարձով՝ վթարային շենքում, որն այս վիճակում է հայտնվել դարձյալ ռմբակոծության հետեւանքով: Ամեն վայրկյան կա փլուզման վտանգ, բայց ստիպված ենք ապրել: Մեզ ձեռք մեկնած ընկերությունների աջակցությամբ գնված տունն այժմ կառուցվում է»,- ասել է տանտերը՝ Վալերիկ Փայտյանը:

Գործընկերների աջակցությամբ գնված տունն ու մեկնարկած շինարարությունը փոխել են տանտերերի տրամադրությունն ու վաղվա հանդեպ հավատը: Տարիների գործընկերներն էլ ակտիվորեն հետեւում են տարբեր մարզերում իրականացվող աշխատանքներին՝ տարեվերջին ցանկալի արդյունք արձանագրելու համար: Կա այն գիտակցությունը, որ ծրագիրը լուծում է ոչ միայն սոցիալական, այլեւ հոգեբանական խնդիր: Այգեպարում տարեվերջին մի քանի բնակարանամուտ կնշվի:

Ընթացիկ տարվա բնակարանաշինության ծրագրի համար Վիվա-ՄՏՍ-ը տրամադրել է ավելի քան 202 մլն դրամ։