Հայաստանի չվող բարձրաստիճան թռչունները

Հայաստանի չվող բարձրաստիճան թռչունները

Սկիզբը՝ ապրիլի 23-ի համարում

ՄԱՍ 2

Ըստ թռչնաբանների՝ տաք երկրներ չվելուց առաջ, չվող թռչուններն իրենց ենթամաշկի տակ ճարպաշերտ են կուտակում, որը նրանց օգնում է երկարատեւ թռիչքի ընթացքում: 
ՀՀ բարձրաստիճան չվող թռչունների ճարպաշերտը գոյանում է Հայաստանի կարողություններից, հնարավորություններից, հեռանկարներից, որ նրանք կողոպտում-տանում են իրենց հետ՝ Հայաստանը լքելիս: Ի տարբերություն չվող թռչունների՝ ՀՀ բարձրաստիճան չվող պաշտոնյաները, որպես կանոն, Հայաստանից հեռանում են անվերադարձ:
Պաշտոնանկությունից հետո հանրապետությունից հեռացած ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները Հայաստանը դիտարկել են որպես հյուրանոց, որտեղ հանգրվանել են որպես խոպան, ուր մեկնել են սեզոնային փողաբեր աշխատանքի, որպես ոսկեբեր գետակ, որի ոսկին քերել են ու գետը՝ ցամաքեցրել: 

Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության շրջանի բարձրաստիճան պաշտոնյաներից է Գագիկ Շահբազյանը՝ ՀՀ պետնախարար, գյուղնախարար (1991-1993), պետնախարար (1993-1995), ԱՊՀ-ի, ԵՄ եւ միջազգային տնտեսական կազմակերպությունների հետ կապերի գծով նախարար (1995-1996), ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար (1996-1997), ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան (1997-1999), գյուղնախարար (1999-2000): Լինելով հայ-ռուսական ռազմաքաղաքական հանձնախմբի համանախագահը՝ նա է նախապատրաստել հայ-ռուսական Մեծ պայմանագիրը, որով Հայաստանի հարավային սահմաններին տեղակայվեցին ռուսական ռազմահենակետերը: Այս բազմավեկտոր, բազմապրոֆիլ, ճարպիկ բարձրաստիճան պաշտոնյան, որ տիրապետում է մեծաթիվ պետական գաղտնիքների, վաղուց բնակվում է ԱՄՆ-ում, ըստ տեղեկությունների՝ նա քաղաքական ապաստան է հայցել ԱՄՆ-ից: 

Ըստ ռուսական մամուլի՝ ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Գագիկ Շահբազյանը, ունենալով ընդամենը 25 աշխատակից, 328 դիվանագիտական պետհամարանիշներ էր վաճառել, այդ թվում եւ՝ մոսկվաբնակ քրեական հեղինակությունների: 

Բարձրաստիճան այս չվող թռչունն իր հետ Միացյալ Նահանգներ տարավ ոչ միայն մեծաթիվ պետական գաղտնիքներ, այլեւ իր «հերոսական» անցյալի պատմությունները:
Աղմկահարույց կոռուպցիոն պատմություններ են կապված Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիների բարձրաստիճան պաշտոնյաներից ՀՀ մաքսային վարչության պետ Ռաշիդ Ենգիբարյանի անվան հետ: Նա ժամանակին հովանավորել է իր ազգական Ռադիկ Ենգիբարյանի խարդախությունները: Վերջինս, կեղծ փաստաթղթերով, իրացրել էր Երեւան քաղաքի բնակչի պատկանող ԱՄԷ-ից գնված 19 տոննա միսը: Մեղրու շրջանային դատախազությունում գործ էր հարուցվել: Դատախազության հարցմանն ի պատասխան ՀՀ մաքսային վարչությունը դեպքի առիթով տվել էր հովանավորչական եզրակացություն, թե մաքսային ձեւակերպումներում խախտումներ թույլ չեն տրվել: Ռաշիդ Ենգիբարյանն այդպես էլ դատախազություն չէր ներկայացել: Երկու տարի անց Ռադիկ Ենգիբարյանը հատուցեց 27 հազ. ԱՄՆ դոլար կազմող վնասը, եւ գործը կարճվեց: Մեկ տարի պաշտոնավարող Ռաշիդ Ենգիբարյանը հասցրեց զգալի հարստություն կուտակել: 

Նրան նախորդող մաքսայինի ղեկավարը՝ Լեւոն Խանոյանը, որը ՀՀ վարչապետ Արմեն Սարգսյանի կառավարությունից էր, պաշտոնավարեց ընդամենը երեք ամիս եւ Սարգսյանի հեռանալուց հետո պաշտոնանկ արվեց: Թե՛ Ռաշիդ Ենգիբարյանը, թե՛ Լեւոն Խանոյանը Հայաստանում չեն բնակվում: Նրանք եւս միացել են բարձրաստիճան չվող թռչունների անկանգ երամին: 

Քոչարյանի նախագահության շրջանի ամենահայտնի եւ աղմկահարույց պաշտոնյաներից մեկը՝ ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը (1998-2008), եւս չվել է Հայաստանից ԱՄՆ: 2012թ. ԲՀԿ-ի ցուցակով պատգամավոր դարձած Օսկանյանը նույն թվին որպես մեղադրյալ ներգրավվել է «փողերի լվացման» գործում: Նա իր հետ արտերկիր է տարել ՀՀ արտաքին քաղաքականության գաղտնարանը: 

Պաշտոնանկումից հետո Հայաստանից հեռացել է ՀՀ մեկ արտգործնախարար եւս՝ Սերժ Սարգսյանի նախագահության ժամանակահատվածում՝ 1998-2008թթ. ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը ղեկավարած, Եգիպտոսում, Ֆրանսիայում, Իսրայելում, Վատիկանում ՀՀ արտակարգ եւ լիազոր նախկին դեսպան Էդվարդ Նալբանդյանը: Նա այժմ հաստատվել է Ռուսաստանում: Պաշտոնավարման ընթացքում Նալբանդյանը ՀՀ արտաքին քաղաքականությունը մշտապես ստորադասել է Մոսկվայի շահերին: 

Պաշտոնանկումից հետո Հայաստան չեն վերադարձել մեծ թվով բարձրաստիճան դիվանագետներ՝ արտերկրում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպաններից շատերը՝ 
- Գագիկ Բաղդասարյանը՝ Իտալիայում ՀՀ դեսպանը (1995-2005) 
- Արմեն Պետրոսյանը՝ Հունաստանում ՀՀ դեսպանը (1999-2001)
- Արա Հակոբյանը՝ Արգենտինայում ՀՀ դեսպանը (1993-1995), հաստատվել է այնտեղ
- Գառնիկ Նանագուլյանը՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանորդը (1992-1996), 1996թ. Կանադայում ՀՀ դեսպանը, բնակվում է ԱՄՆ-ում
- Սպարտակ Կոստանյանը՝ Բելառուսում ՀՀ դեսպանը (1996-1999), հաստատվել է այդ երկրում, 1999-2001թթ․ եղել է Բելառուսի նախագահի գործերի կառավարչության գլխ. խորհրդականը
- Սուրեն Սահակյանը՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանը (1999-2002)
- Գագիկ Շահբազյանը՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանը (1997-1999)
- Էդուարդ Խուրշուդյանը՝ Ղազախստանում ՀՀ դեսպանը՝ 1999-2004, հաստատվել է այդ երկրում 
- Պողոս Սարգսյանը՝ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսը 
- Ազատ Մարտիրոսյանը՝ Չինաստանում ՀՀ դեսպանը (1997-2001), հաստատվել է այնտեղ
- Վիգեն Չիթեչյանը՝ եվրոպական մի շարք երկրներում ՀՀ դեսպանը (1997-2013)
- Միքայել Մինասյանը՝ Վատիկանում, ապա եւ՝ Պորտուգալիայում (2013-2018) ՀՀ դեսպանը:

Սա Հայաստանից չված ՀՀ բարձրաստիճան դիվանագետների ոչ ամբողջական ցանկն է: Մի կողմից՝ Հայաստանի հանդեպ պատասխանատվության բացակայությունը, մյուս կողմից՝ օտար ափեր չվելու՝ թռչուններին հատուկ վարքագիծը, երրորդ կողմից՝ պետական գաղտնիքները դուրս հանելու հնարավորությունը մեր պետությունը դարձնում են խոցելի արտերկրում: Դիվանագետի պաշտոնը հաճախ եղել է արտերկիր հանգստի մեկնելու, սեփական բիզնեսը հիմնելու, գուցեեւ՝ օտարներին ծառայելու հնարավորություն: Հայաստանից չված գրեթե բոլոր ՀՀ բարձրաստիճան նախկին դիվանագետներն այժմ այլ պետությունների քաղաքացիներ են: Այս դիվանագիտական կորոնավիրուսը վարակել-քայքայում է ՀՀ արտաքին քաղաքականությունը, եւ այդ ոլորտը քաղաքական, իրավական ալկոգելով մաքրելու կարիք ունի:

Սերժ Սարգսյանի նախագահության շրջանի այլ պաշտոնյաներ եւս այժմ Հայաստանում չեն. ՀՀ նախկին վարչապետներ Կարեն Կարապետյանը, Տիգրան Սարգսյանը, վերջինս 2014-2016թթ. եղել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը, ԿԲ նախագահը՝ 1998-2008թթ., եւ որի անունը կապված է Հայաստանի ոսկու պահուստների վաճառքի հետ: 

Հայաստանից չվել են նաեւ Երվանդ Զախարյանը՝ ՀՀ տրանսպորտի նախարարը (1998-2000), մաքսային վարչության պետը (2000-2001), տրանսպորտի, ապա՝ պետեկամուտների նախարարը (2001-2002), Երեւանի քաղաքապետը (2003-2009), Կադաստրի պետական կոմիտեի նախագահը, 2014թ. էներգետիկայի նախարարը: Այս աղմկահարույց պաշտոնյայի ֆինանսական կարողությունները, ըստ ԶԼՄ-ների, կազմում են 600 մլն ԱՄՆ դոլար: Նրա հանդեպ քրգործ է հարուցվել Երեւանի «Հաղթանակ» զբոսայգու տարածքն ապօրինի օտարելու մեղադրանքով: 
Հայաստանից չվել եւ Ռուսաստանում են հաստատվել նաեւ ՀՀ ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյաներ, զինվորականներ, այդ թվում՝ Միքայել Հարությունյանը, Յուրի Խաչատուրովը, որոնց նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Չվել են դատախազներ, այդ թվում՝ 2004-2013թթ. ՀՀ գլխ. դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը, որն այժմ ՌԴ գլխ. դատախազի խորհրդականն է, 2013-2016թթ. ՀՀ գլխ. դատախազ Գեւորգ Կոստանյանը, որը որպես մեղադրյալ է ներգրավվել Մարտի 1-ի գործում, եւ որի հանդեպ հետախուզում է հայտարարվել: 
Հայաստանից չվել են նաեւ պատգամավորներ: 

Նիկոլ Փաշինյանի կառավարման երկու տարվա ընթացքում Հայաստանից հեռացել են ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը, Ոստիկանության նախկին պետ Վալերի Օսիպյանը:

ՀՀ բարձրաստիճան չվող թռչունների այս անկանգ երամը ցավալիորեն վկայում է՝
1. Հայաստանի անկախության այս 30 տարիների կադրային քաղաքականությունն իրականացվել է արատավոր սկզբունքներով, որոնց հետեւանքով ձախողվել է պետականաշինությունը, ՀՀ ֆինանսական կարողությունները դուրս են բերվել երկրից: Կադրային այդ քաղաքականությունը վտանգել է Հայաստանի անցյալը, շարունակում է վտանգել ներկան եւ ծանր հետեւանքներ կունենա ապագայի համար: 
2. Տիրապետելով մեծաթիվ պետական գաղտնիքների՝ ՀՀ բարձրաստիճան չվող պաշտոնյաները դարձել են սպառնալիք Հայաստանի անվտանգության համար: 
3. Բարձրաստիճան պաշտոնյաների երկքաղաքացիությունը մեծացնում է ազգային ավտանգության սպառնալիքները:
4. Այս բարձրաստիճան չուն կասեցնելու համար պաշտոնանկումից հետո նրանց՝ 10 տարի երկրում մշտական բնակություն հաստատելու պահանջը պետք է օրենսդրորեն ամրապնդվի եւ խախտումը՝ քրեականացվի:

ՀՀ բարձրաստիճան թռչունների չուն կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չեն փոխվել կադրային քաղաքականության սկզբունքները, քանի դեռ բոլոր ՀՀ ղեկավարների գերխնդիրը ոչ թե Հայաստանի զարգացումն է, այլ սեփական իշխանության պահպանումը: Հակառակ դեպքում՝ Հայաստանը կշարունակվի անխնա հոշոտվել: Եվ եթե Հայաստանը, որպես անկախ պետություն, դեռ կա, դա ավելի շուտ հրաշքի է նման, քան իրականության: