Ֆրանսիայի ԱԳ նախարարը տարածաշրջան է գալիս․ Բաքվում հիստերիա է 

Ֆրանսիայի ԱԳ նախարարը տարածաշրջան է գալիս․ Բաքվում հիստերիա է 

Արդեն տեղեկացրել ենք, որ ապրիլի վերջին տարածաշրջան կժամանի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոնան։ Այդ մասին նախարարն անձամբ է հայտարարել՝ ասելով, որ ապրիլի վերջին կայցելի Հայաստան և Ադրբեջան՝ քննարկելու Լաչին (Բերձորի) միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը։ Հիշեցնենք, որ Լաչինի միջանցքն ավելի քան 3 ամիս արգելափակված է Բաքվի ռեժիմի գործակալների՝ պսևդոբնապահպանների կողմից։ Ֆրանսիայի՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամի պաշտոնական դիրքորոշումը հայտնի է․ Ադրբեջանը պետք է անհապաղ ապաշրջափակի Լաչինի միջանցքն ու ապահովի արցախցիների ազատ և անվտանգ ելումուտը։

Կոլոնայի այցին ընդառաջ, Բաքվում, ինչպես և սպասվում էր, արդեն մեծ աղմուկ են բարձրացրել, առաջին հերթին՝ իշխանական ու իշխանամետ շրջանակները, պնդելով, որ եթե Ֆրանսիայի գլխավոր դիվանագետը նման տրամադրվածությամբ է գալու Բաքու, ապա այնտեղ նրան ոչ-ոք չի լսելու։ Չմոռանանք, որ Ադրբեջանի ու Ֆրանսիայի «ջուրը մի առվով չի գնում» և բոլորովին ո՛չ Փարիզի մեղքով։

Բանն այն է, որ Ֆրանսիան ալիևյան ռեժիմի համար ընկալվում է որպես Հայաստանի «հովանավորյալ», որը պարբերաբար հանդես է գալիս Երեւանին ու Ստեփանակերտին աջակցելու դիրքերից, իսկ ամիսներ առաջ նախագահ Մակրոնի կողմից՝ ադրբեջանական ագրեսիան Արցախում և Հայաստանում դատապարտելու հայտարարությունները, Բաքուն հիստերիայով ընդունեց։ Բացի այդ, ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը և դրանում ֆրանսիացի ժանդարմների ներգրավվումը ևս բորբոքեց Ադրբեջանի զայրույթը, որի լույսի ներքո այդ երկրի պաշտոնյաններն ու իշխանամերձ լրատվամիջոցները բացահայտ թշնամանքով են արտահայտվում Մակրոնի ու պաշտոնական Փարիզի մասին։ Դրանից Ֆրանսիայի դիրքորոշումն, իհարկե, չի փոխվում և սեփական խնդիրների մեջ թաղված եվրոպական գերտերությունը չի մոռանում ոչ թե հայերի, այլ մարդկանց ազատությունների, իրավունքների և արդարության վերականգնման մասին։ Եվ, ինչպես նման դեպքերում ասում են ֆրանսիացիները՝ c'est la vie (կյանքն այսպիսին է), և Բաքուն հարկ է, որ պարբերաբար առերեսվի ճշմարտությանը, ում շուրթերից էլ այն հնչի։

Արա Ալոյան