Ինչու է մանիպուլացնում ու քաղաքական դիվիդենտներ հավաքում Գառնիկ Դանիելյանը

Ինչու է մանիպուլացնում ու քաղաքական դիվիդենտներ հավաքում Գառնիկ Դանիելյանը

Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը իր ֆեյսբուքի էջում անրադարձել էր ՌԴ-ից Հայաստան խոզ ներմուծողներին և նշել, որ նրանք խանգարում են տեղական ֆերմերներին: Այս գրառումը զայրացրել է Հայաստան խոզ ներմուծողներին, նրանք կարծում են, որ Գառնիկ Դանիելյանի հրապարակումը իրականության հետ որևէ աղերս չունի և օբյեկտիվ վերլուծությունից կիլոմետրերով հեռու է:

«Հրապարակի» հետ զրույցում տնտեսագետ, իրավաբան Վարդան Պետրոսյանը պնդում է.

-Այս տարվա հունվարից Կառավարությունը խոզի ներմուծումը ՀՀ սահմանափակել է: Երբ աչքովս ընկավ այդ որոշումը, անկեղծ ասած՝ խիստ զարմացա: Ցանկացած բան, եթե պետությունը ներմուծում է, դա նշանակում է, որ այն առավել ձեռնտու է, քան արտադրելը: Ինչ է նշանակում՝ մի ներմուծեք, որ տեղում արտադրանքը զարգանա, նույնն է, թե ասեն բջջային հեռախոս ԱՄՆ-ից չի կարելի Հայաստան բերել, քանի որ այն խանգարում է, որ հայերը կարողանան որակյալ բջջային հեռախոս արտադրել: Արտադրական ներուժը ոչ մի կապ չունի ներմուծողի հետ, այդտեղ ներմուծողը չունի որևիցե մեղք: Մենք պետք է նախ մի բան հասկանանք՝ ունե՞նք ներսում նման ռեսուրս, թե՞ ոչ: Առհասարակ, երբ ինչ-որ բան տեղական արտադրողի մոտ չի ստացվում, միշտ մեղքը փորձում է ուրիշների վրա բարդել: Փոխարենը իրենց թերացումները հասկանան և շտկեն, ներմուծողին են մեղադրում: Որպեսզի առավել հստակ լինի, թե ինչքան ձեռնտու է ներմուծել ՌԴ-ից խոզ Հայաստան, ասեմ հետևյալը. Ներմուծում են տոհմային խոզ, որի խոճկորը 2,5 կիլոգրամ կեր ուտելով ավելացնում է մեկ կիլոգրամ կենդանի զանգված: Տեղական խոզերը 5 կիլոգրամ կեր ուտելով են 1 կիլոգրամ կենդանի ավելանում: Պատկերացնո՞ւմ եք ինչ ահռելի թվերի մասին է խոսքը:

-Գառնիկ Դանիելյանը ինչո՞ւ է որոշել, որ խոզ ներմուծողներն են տեղական արտադրանքին խանգարում:

-Դանիելյանը նաև նշում է, որ տոհմային խոզերի անվան տակ ներմուծվում են մորթի ենթակա խոզեր, իբրև տոհմայինն ավելացված հարկերից ազատված է, այդ պատճառով: Եթե նման հայտարարություններ անելուց առաջ պատգամավորը զանգահարեր ՊԵԿ, կամ Էկոնոմիկայի նախարարություն, ապա կիմանար, որ 2024 թվականին Հայաստան է ներմուծվել 74 հազար մորթի ենթակա խոզ և ընդամենը 1000 տոհմային: Ես ենթադրում եմ հետևյալը, որ Դանիելյանի մերձավորներից մեկն է իրեն դիմել, իսկ նա առանց մասնագիտական ուսումնասիրության վնասում է տնտեսությանը: Նախորդ տարի տեղական խոզ պահողները ակցիաներ էին անում և բարձրաձայնում էին իրենց խնդիրները, պնդում էին, որ ներմուծողներն են իրենց խանգարում, բայց դա այդպես չէ: Դանիելյանը հավանաբար լսելով այդ մարդկանց, նրանց ասածներով է պատկերացում կազմել: Բայց դու պատգամավոր ես, ինչպե՞ս ես նման բաներ ասում: Եթե քո նպատակը մարդկանց օգնելն է, խնդիրը պետք է օբյեկտիվ վերլուծես: Պետք է խորամուխ լինել, հասկանալ պատճառները, նոր միայն հայտարարություններ անել: Խոսք է գնում նաև վարակների տարածման մասին, թե իբրև պատշաճ վերահսկողություն չի իրականացվում և այլն, այդ խոսակցությունները անհեթեթ են: Նախորդ տարի Կառավարությունը սահմանել է համապատասխան վերահսկողություն: Թեպետ դա ծանր պրոցես է, սակայն լավ է, որ վերահսկողություն կա և ես հերքում եմ Գառնիկ Դանիելյանի ասածները՝ վարակների մասով: Կառավարության սահմանած կարգի համաձայն յուրքանչյուր ներմուծվող խոզ պարտադիր նախքան ՀՀ սահման հատվելը ենթարկվում է նմուշառման, ինչից հետո տարվում է լաբորատորիա, արդյունքում հստակեցվում է, միսը հիվա՞նդ է, թե՞ առողջ: Անգամ այդ ստուգումներից հետո ՀՀ սահմանից ներս կա կարանտինային ռեժիմ, ուստի չի կարող հիվանդ խոզ Հայաստան մտնել: Մաքսայինը հաշվառում է, Սննդի անվտանգությունը հաշվառում է, էլ ի՞նչ են ուզում, չես հասկանում: Մի քանի տեղից խոզերը ստուգման են ենթարկվում՝ երեք երկրի կողմից՝ Հայաստան, Վրաստան, Ռուսաստան: Գրեթե բոլոր ներմուծողները նաև խոշոր արտադրողներ են, լավ օրից չէ, որ մարդիկ որոշել են խոզ ներմուծել, շուկան է դա թելադրել: Խոսում են նրանից, որ կերի գները թանկ են, բայց ի՞նչ անի ներմուծողը, ներմուծողն էլ է այդ թանկ կերը գնում: Եթե ցանկանում են Հայաստանում տեղական արտադրանքը զարգանա, պետք է մի քանի բան անեն. Առաջինը՝ խոզերին ճիշտ շրջանառելն է, ոչ թե ֆեյսբուքում, կամ Լիստ-ում գովազդելը: Գրում են՝ մայրացուս կփոխեմ վարազի հետ, վարազս կփոխեմ՝ չգիտեմ թե ինչի հետ: Դա նույնն է, թե մի ամբողջ գյուղին տաս մի գդալ ու ասես այդ ամբողջ օրը ամբողջ գյուղը պետք է նախաճաշի, ճաշի ու ընթրի այդ նույն գդալից: Պատկերացնո՞ւմ եք ինչ հիվանդություններ կառաջանան արդյունքում: Թող առաջին հերթին խոզերի հիգիենան պահեն, այլ ոչ թե մի էգ խոզին, 100 որձի հետ զույգեն: Հազար ու մի վարակ դրանից է առաջանում ու տարածվում: Ինչու է մանիպուլացնում ու քաղաքական դիվիդենտներ հավաքում Գառնիկ Դանիելյանը, սա է հարցը: