Մասկը հայտարարել է, որ հույժ գաղտնի տեղեկությունները հասանելի են

Մասկը հայտարարել է, որ հույժ գաղտնի տեղեկությունները հասանելի են

ԱՄՆ Պետական արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկն արդեն երկար տարիներ հասանելիություն ունի հույժ գաղտնի տեղեկություններին։ Այդ մասին նա հայտնել է X սոցցանցում:

«Ես երկար տարիներ հասանելիություն ունեմ հույժ գաղտնի տեղեկություններին և ունեմ հասանելիություններ, որոնց գոյությունն իսկ գաղտնի է։ Մյուս կողմից էլ չափազանց շատ տեղեկություններ են գաղտնագրվում»,-իր էջում գրել է Մասկը։

Ձեռնարկատիրոջ կարծիքով` եթե ինչ-որ տեղեկատվություն հեշտությամբ կարելի է գտնել համացանցում կամ այն ի սկզբանե ակնհայտ է, ապա այն գաղտնագրելու կարիք չկա։ Դա միայն խանգարում է կառավարական գերատեսչությունների փոխգործակցությանը։

Գործարարը DOGE-ի ղեկավարն է դարձել ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի իշխանության գալուց հետո։ Նոր դեպարտամենտի ստեղծման ժամանակ հայտարարվել էր, որ այդ կառույցը պետք է «կրճատի ծախսերն ու վերակազմավորի դաշնային գործակալությունները»։

Մասկը նշել է, որ ԱՄՆ-ի մի շարք ​​գերատեսչություններից պետք է ազատվել, ինչպես մոլախոտից
Մի շարք ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ գերատեսչության աշխատակիցները հասանելիություն են ստացել միլիոնավոր պետական ծառայողների գաղտնի տվյալներին` կադրային ծառայության տեղեկատվությանը, հասցեներին, աշխատավարձերին, անուններին և սոցիալական ապահովագրության համարներին:

Այդպիսի լիազորություններից ոչ բոլորն են գոհ։ Այսպես, Նյու Յորքի շրջանային դատարանը Մասկի դեպարտամենտի համար արգելափակել է հասանելիությունը ԱՄՆ ֆինանսների նախարարության նյութերին։ Դատավորը նախնական արգելք է սահմանել այն բանից հետո, երբ 19 դեմոկրատ գլխավոր դատախազներ դատի են տվել Թրամփին:
Դեմոկրատներն իրենց հերթին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում օրինագիծ են ներկայացրել, որը սահմանափակում է վճարային համակարգերի միջոցով DOGE-ի հասանելիությունը գաղտնի տվյալներին:
Բացի այդ, փետրվարի 13–ին հայտնի է դարձել, որ ամերիկյան 14 նահանգներ դաշնային հայց են ներկայացրել Թրամփի և Մասկի դեմ՝ DOGE-ին մեղադրելով անսահմանափակ իշխանության և երկրի սահմանադրությունը խախտելու մեջ: