Մինչև սեփականատերերին հասնելը նախ հավասար խաղի կանոններ պետք է սահմանվեն

Մինչև սեփականատերերին հասնելը նախ հավասար խաղի կանոններ պետք է սահմանվեն

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը քննարկում էր կազմակերպել լրատվամիջոցների սեփականատերերի հրապարակայնության վերաբերյալ, որին մասնակում էին նաև ՀՀ-ում Բրիտանիայի դեսպանատան ներկայացուցիչները։ Քննարկմանը ներկա էին նաև մեդիա ոլորտի ներկայացուցիչները, լրագրողներն ու խմբագիրները․

«Եթե լրատվամիջոցը կառավարությունից աջակցում է թափանցիկություն, ապա ինքը մեկ քայլ առաջ պետք է գործի թափանցիկ և հաշվետու հանրության առջև։ Այսինքն՝ նա պետք է համապատասխանի այդ սկզբունքներին, ապա հանրության առջև պահանջ դնի, որ պետությունը, իշխանությունը, քաղաքական կուսակցությունները լինեն բաց, թափանցիկ և հաշվետու հանրության առջև»,- իր բացման խոսքում նշեց Ինֆորմացիայի ազատության կոմիտեի ղեկավար Շուշան Դոյդոյանը՝ հավելելով, որ կառավարությունը պետք է գործառույթ չունենա այս գործընթացքում։ 

Լրագրողների անկախ արհեստակցական կազմակերպության նախագահ Լևոն Սարդարյանը նշեց, որ չի հասկանում նպատակը, թե ինչ է տալու լրատվադաշին և հանրությանը, եթե պարզվի, որ, օրինակ, մեկ այլ անձ ֆինանսավորում է որևէ լրատվամիջոց․

«Մենք այսօր սկզբունքորեն չունենք ձևակերպված, թե ինչ ասել է ԶԼՄ, որովհետև գործող օրենքներով ու կանոնակարգումներով։ Բայց ես չեմ կարողանում հասկանալ, թե որն է նպատակը։ Ես առաջին մարդկանցից եմ, որ լրատվամիջոցից ակնկալում եմ թափանցիկություն, բայց եթե մենք ուզում ենք ինչ-որ ազդեցություն ունենալ, այդ սխեմայի բացահայտումը որևէ ազդեցություն չի ունենում»։

«Մեդիամաքսի» ներկայացուցիչ Դավիթ Ալավերդյանը նախ հումոր արեց այն թեմայով, որ լրատվամիջոցների առաջ նման պահանջ է ներկայացվել հանքարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչներին՝ « Եկամտաբերությամբ հանքարդյունաբերությունից հետո լրատվամիջոցներն են»,- ասաց Ալավերդյանը և հավելեց․

«Հայաստանում կան տասնյակ լրատվամիջոցներ, որոնք ամեն օր բացվում և փակվում են, որոնց ոչ միայն իրական տերերը, այլև ընդհանրապես տերերը հայտնի չեն։ Դրանք հանդես են գալիս տարբեր կայքերի անունով, թիթեռնիկի կյանք են ունենում և մի քանի օր հետո հրապարակելով բազմաթիվ ապատեղեկատվություններ, կեղծիքներ, անհետանում են։ Նախորդ իշխանությունների օրեք մենք հանդես ենք եկել խնդրանքով, պահանջով արդարադատության նախարարությանը, որպեսզի լրատվամիջոցների համար ստեղծվեն հավասար իրավական պայմաններ, որովհետև մենք այսօր ունենք լրատվամիջոցներ, որոնք գրանցված են որպես կազմակերպություններ՝ ՍՊԸ-ներ, ՓԲԸ-ներ, ունեն տասնյակ աշխատակիցներ, որոնց համար վճարում են հարկեր, ունեն իրավաբանական հասցե, պարտավորություններ և պարտականություններ, և իրենց կողքին կան տասնյակ կայքեր կամ խմբեր, որոնց ազդեցությունը պակաս չէ, քան ավանդական լրատվամիջոցներինը։ Դրանք որևէ լումա չեն վճարում պետական բյուջե, հանդիսանում են պարազիտներ, գողանում են մեր ինտելեկտուալ արտադրանը։ Այսօր հրամայականը այն է, որ բոլորին պետք է բերել հավասար իրավական դաշտ, հետո նոր խնդիրներ դնեն»։

Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանն էլ ասաց, որ փոփոխությունները ուրիշ կետից է պետք սկսել՝ բոլորի համար հավասար մրցակցային դաշտ սահմանելով, և որ մտահոգություններ ունի, որ այս պահանջը իշխանությունների ձեռքին լրատվամիջոցների դեմ հերթական մահակը կարող է դառնալ․

«Սա տեղավորվում է Նիկոլ Փաշինյանի ամանորյա ելույթի կոնտեքստում, երբ հրահանգ իջեցվեց զբաղվել մեդիաների սեփականատերերի բացահայտմամաբ, այն դեպքում, երբ լավագույնս ինքը գիտի, տարիներ շարունակ ֆինանսավորվել է իր մեդիան և հիմա էլ օգտվել է բոլոր այդ բարիքներից։ Սխալ է մեդիան դիտարկել որպես առանձին միավոր՝ հաշվի չառնելով այն տնտեսական, քաղաքական իրավիճակները, որոնք տիրում են մեր երկրում, մեդիան մի օրգանիզմ է, որը այդ ամենը կրում է իր մեջ առաջին հերթին, սպունգի նման քաշում է այդ ամենը։ Եթե լիներ իրավական մի երկրում, որը ունի իր չափորոշիչները, ինստիտուտները, ինչպես Բրիտանիայում է, ես գուցե ասեի՝ այո։ Չկա մի խմբագիր, որը չի ուզում բաց աշխատել, բայց այդ փոփոխությունների նպատակը եթե իսկապես ազնիվ է, և նպատակը իշխանության կողմից վերահսկողությունը չէ, ապա եկեք փոփոխությունը այլ տեղից սկսենք»,- նշեց Սեյրանյանը։