Իմպրովիզացիան բացառվում է` հյուպատոսն ամեն ինչ համաձայնեցնում է ԱԳՆ-ի հետ. Ադոնց
Սիրիայի մեծությամբ երկրորդ՝ Հալեպ քաղաքում իսլամիստ զինյալների վերահսկողության հաստատումից հետո տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Հալեպում ՀՀ հյուպատոս Արա Ավետիսյանը, հյուպատոսարանի աշխատակազմը լռելյայն հեռացել են Հալեպից՝ զինյալների քաղաք մտնելուց անմիջապես առաջ: Սիրիայում գտնվող հայկական առաքելությունն էլ հեռացել էր իր ծառայության վայրից: Ավելի ուշ ԱԳՆ-ն հայտարարեց, որ ՀՀ հյուպատոս Արա Ավետիսյանը լիազորագրերը Սիրիայի ԱԳՆ-ից ստանալու նպատակով նոյեմբերի 26-ին մեկնել է Դամասկոս եւ ռազմական գործողությունների վերսկսման պատճառով չի կարողացել վերադառնալ և հիմա շարունակում է աշխատել Դամասկոսից: Վերջինս հյուպատոս էր նշանակվել սեպտեմբերի 14-ին:
Դիվանագետ, արտակարգ եւ լիազոր դեսպան Ավետ Ադոնցը «Հրապարակ»-ի հետ զրույցում, անդրադառնալով Սիրիայում հյուպատոսի՝ Հալեպից հեռանալուն, ասաց, որ գլխավոր հյուպատոսարանը գլխավոր հյուպատոսի գլխավորությամբ ինչ գործողություն էլ անի այդպիսի լարված իրավիճակներում՝ բոլոր գործողությունները համաձայնեցվում են Արտաքին գործերի նախարարության հետ:
«Այսինքն իմպրովիզացիան բացառվում է՝ սա մեկ: Երկրորդը, լուրեր են տարածվում, որ գլխավոր հյուպատոսն` առանց հայտարարելու, թողել-գնացել է Հալեպից, և այլն, և այլն, այդ լուրերը մի կողմ, իրականությունը` մի ուրիշ կողմ։ Թե իրականում ինչպես է եղել, ես չեմ կարող ասել, որովհետև այդ խոհանոցից հեռու եմ»,- ասաց Ադոնցը եւ շեշտեց, որ այդ տեղեկությունները կարելի է ճշտել ԱԳՆ-ից, քանի որ Սիրիայի հայ համայնքից այլ բան են ասում, իսկ հյուպատոսը` մեկ այլ բան է ասում: Ամեն դեպքում դեսպանն ընդգծեց, որ «գլխավոր հյուպատոսարանի գործողություններին համաձայնություն տալիս է միայն ու միայն արտաքին գործերի նախարարությունը»:
Կարծիքներ