Պետք է հավաքագրել բժշկության հետ կապ ունեցող մարդկանց

Պետք է հավաքագրել բժշկության հետ կապ ունեցող մարդկանց

Կորոնավիրուսով վարակվածների՝ օր-օրի ավելացող թվերը Հայաստանի առոջղապահական համակարգը կանգնեցրել է լուրջ խնդիրների առջև: Հիվանդանոցներում մի կողմից տեղ չկա այլևս հիվանդներ ընդունելու, մյուս կողմից նաև բուժանձնակազմի, մասնագետների լուրջ խնդիր է առաջացել: Մի մասը հիվանդացել են և մեկուսացվել, շատերը հոգնել են, հյուծվել, այլևս ի վիճակի չեն սպասարկել հիվանդներին, չափազանց դժվար է երկար դիմանալ համավարակի պայմաններում ծանրաբեռնված աշխատանքին: Ուստի առողջապահության նախարարությունն՝ իր կողմից, տարբեր բժշկական կենտրոններ էլ՝ իրենց կողմից ակտիվ հայտարարություններ են տարածում, որ փնտրվում են բժիշկներ, բուժքույրեր: Բայց ինչպե՞ս գտնել բավարար թվով մասնագետներ, եղածներն արդեն համալրել են համավարակի դեմ պայքարողների շարքերը: Մեզ դիմած բժիշկներից մեկը այսպիսի մի առաջարկ ունի, որ ցանկացավ մեր միջոցով փոխանցել հանրությանն ու կառավարությանը:

Առաջարկը հետևյալն է՝ պետք է հավաքագրել բժշկության հետ կապ ունեցող, բայց ուղիղ կորոնավիրուսի հետ կապ չունեցող մարդկանց ու շտապ դասընթացներ անցկացնել, վերապատրաստել, օրինակ՝ ատամնաբույժներին, կոսմետոլոգներին, բժշկական ոլորտի այլ մասնագետների, նրանց պատրաստել որպես կորոնավիրուսի դեմ պայքարող կադրեր, հակառակ պարագայում կարճ ժամանակ անց բժիշկների, բուժանձնակազմի շատ լուրջ խնդիր կունենանք: Հնարավոր է՝ շատերը նաև կամավոր պատրաստ լինեն մասնակցել համընդհանուր այս պայքարին, պարզապես պետք է նրանց կրթել, համապատասպան գիտելիքներով ու հմտություններով օժտել, որ իմանան՝ ինչպես վարվել հիվանդների հետ: