Արթուր Մեսչյանը դեռ անցած տարի պետք է հեռանար

Արթուր Մեսչյանը դեռ անցած տարի պետք է հեռանար

Երբ օգոստոսի 4-ին «Հրապարակը» գրեց, որ Արթուր Մեսչյանն ազատվել է աշխատանքից, քաղաքապետի խոսնակը «չորով» հերքեց մեր տեղեկությունը, թե՝ Երեւանի գլխավոր ճարտարապետը շարունակում է աշխատել։ Սակայն մենք տեղեկություն ունեինք, որ նա մոտ 2 օր արդեն աշխատանքի չէր գնում եւ արդեն աշխատանքից ազատման դիմումը գրել էր։ Ընդամենը մի քանի ժամ անց Հայկ Մարությանն՝ իր ասուլիսում հաստատեց մեր լուրն, ասելով, որ Մեսչյանը հեռանում է, քանի որ իր նշանակման պահին ասել էր, որ երկու տարով է գալիս, հիմա իբրեւ թե այդ երկու տարին լրացել է եւ նա գնում է։ 

Իրականում, Արթուր Մեսչյանը հեռանում է այն պարզ պատճառով, որ իր տված խոստումները չի կատարել եւ այլեւս հարավորություն չի տեսնում կատարելու։ Քաղաքապեաարանում կարծում են, որ Մեսչյանը դեռ անցած տարի Էրեբունի-Երևան տոնակատարության բացման օրը պետք է ազատման դիմում գրեր ու դուրս գար գործից, երբ կարգին Հայկոն ելույթ ունենալով ափսոսանք հայտնեց, որ՝ ինչքան լավ շենք կա Երևանում, կառուցվել է Սովետական Հայաստանում և որ ինքը կստեղծի այնպիսի կառույցներ, որոնք կմտնեն պատմության մեջ։ Սա հերթական անհեթեթ պոպուլիզմն էր, իհարկե, քանզի գործող իշխանությունը դեռ միայն քանդում է, իսկ մետրոյի նոր կայարանը, ճոպանուղին և այլ ծրագրեր՝ օդից կախված են ու այդպես էլ կմնան՝ դրանք պոպուլիստական խոստումների շարքից են եւ իրականացման ենթակա չեն։ Սակայն կարևորն այդ ելույթում այն էր, որ նախկին իշխանությունները արժեքավոր կառույցներ էլ ունեն ստեղծած ու դրանց մեջ միանշանակ մտնում են նաև նույն Մեսչյանի նախագծերը, օրինակ՝ Մատենադարանի 2-րդ մասնաշենքը ու Կոմիտասի տուն-թանգարանը։ Իսկ մաեստրոն այդ օրը լռեց՝ համաձայնելով, որ իր ստեղծածն արժեքավոր չէ։ Իսկ երբ դու լռում ես՝ գիտակցելով, որ թքում են քո ամբողջ կյանքի ստեղծագործության, քո արածի վրա, ակամայից համաձայնությունդ ես տալիս, որ Հայկ Մարությանի նման ղեկավար ունենաս, որը նսեմացնում է քո կյանքի գործը։ Հետաքրքիր է, որ Հայկ Մարությանը Արթուր Մեսչյանին հանդիսավոր պայմաններում չճանապարհեց, թեեւ ներկայացրեց, որ նա հեռանում է հոժար կամքով եւ իրենց միջեւ կոնֆլիկտ չկա։